Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն հայտարարել է Լիտվայի և Լեհաստանի հետ սահմանները փակելու մասին


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ելույթ է ունենում «Կանայք հանուն Բելառուսի» ամենամյա ֆորումին, Մինսկ, 17-ը սեպտեմբերի, 2020թ.

Սահմանակից երկրների իշխանությունները, սակայն, վստահեցնում են՝ անցակետերն աշխատում են առանց որևէ փոփոխության:

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ում լեգիտիմությունը Եվրախորհրդարանը հրաժարվել է ճանաչել, նախօրեին հանդես է եկել հերթական աղմկահարույց հայտարարությամբ՝ Լիտվայի և Լեհաստանի հետ սահմանները փակելու մասին։

Նախագահի հրաժարականի պահանջով Բելառուսում 41-րդ օրը շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին Լուկաշենկոն երեկ երեկոյան մասնակցել է «Կանայք հանուն Բելառուսի» ամենամյա ֆորումին և հանդես է եկել հերթական աղմկահարույց ելույթով:

«Մենք ստիպված ենք զորքը ետ կանչել փողոցից։ Ինչպես ես արդեն ասել եմ՝ բանակի կեսը զինել և փակել Արևմուտքի հետ սահմանը՝ նախ և առաջ Լիտվայի և Լեհաստանի հետ։ Մենք ստիպված ենք ուժեղացնել պետական սահմանը ցավոք նաև մեր եղբայրական Ուկրաինայի հետ», - հայտարարել է Բելառուսի ղեկավարը:

Լուկաշենկոյի այս ելույթից ժամեր առաջ Բրյուսելում բանաձև են ընդունել, որով կոչ են արել կոշտ պատժամիջոցներ սահմանել Բելառուսի իշխանությունների ներկայացուցիչների դեմ:

Եվրախորհրդարանը, միանալով Եվրամիության պաշտոնական դիրքորոշմանը, վերահաստատել է՝ Բելառուսում նախագահական ընտրությունները կեղծվել են, հետևաբար՝ Եվրամիության օրենսդիր մարմինը հրաժարվում է ճանաչել Լուկաշենկոյին որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ: Առայժմ, սակայն, հայտնի չէ՝ Բրյուսելը պատժամիջոցներ կսահմանի՞ նաև անձամբ Լուկաշենկոյի դեմ, Բելառուսի հարևան երկրների՝ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի օրինակով:

Օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում իր վեցերորդ հաղթանակով երկրում աննախադեպ բողոքի ցույցեր հարուցած Լուկաշենկոյի՝ սահմանները փակելու մասին հայտարարարությունը գործնականում ոչինչ չի նշանակում:

Օգոստոսի վերջին Լեհաստանն ու Լիտվան, չնայած կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումներին, հայտարարեցին բելառուսցիների համար մուտքը դյուրացնելու մասին՝ «հատուկ մարդասիրական քաղաքական նպատակներով», սեպտեմբերի 17-ից էլ Բելառուսի քաղաքացիները հնարավորություն ստացան տուրիստական և շենգենյան վիզաներով մուտք գործել Լեհաստան՝ տասնօրյա կարանտինի պայմանով:

Ինչպես պնդում են սահմանակից երկրների իշխանությունները՝ անցակետերն աշխատում են նախկինի պես, առանց որևէ փոփոխության: Այս մասին հատուկ հայտարարությամբ են հանդես եկել Լեհաստանի և Լիտվայի դիվանագիտական գերատեսչությունները:

Մեկնաբանելով Լուկաշենկոյի հայտարարությունները՝ Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսը դրանք «ոչ ադեկվատ մարդու ոչ ադեկվատ արձագանք» է որակել։

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն ավելի կոշտ է արտահայտվել ․ - «Լուկաշենկոն ասես լրիվ ցնդել է իր իշխանության վրա և դրա շուրջ պարանոյա ունի, ցնդաբանություններ է խոսում, տեքստը երևի Պուտինից է ստացել: Այնպես որ՝ ջո՛ւր խմեք, պարո՛ն Լուկաշենկո, հանգստացե՛ք։ Ուկրաինացիները բելառուսցիների ընկերներն են, մի՛ շահարկեք և մի՛ մեղադրեք հարևաններին։ Շյուղը փնտրեք սեփական աչքում», - Ֆեյսուքում գրել է Ավակովը։

Հարևան երկրներից հնչող այս հայտարարությունները, որոնք, ըստ էության, հակասում են Լուկաշենկոյի՝ սահմանները փակելու որոշմանը, վերահաստատել է նաև Բելառուսի Սահմանային պետական կոմիտեն: Այսօր առավոտյան տարածած հայտարարությամբ գերատեսչությունն ընդգծել է, թե խոսքը վերահսկողությունն ուժեղացնելու մասին է:

«Իրականությունից կտրված լինելու նոր մակարդակ», - այսպես է արձագանքել սահմանները փակելու մասին Լուկաշենկոյի հայտարարությանը Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան։ «Լուկաշենկոն արդեն վախեցրել է գոյություն չունեցող թշնամիներով, խաղաղ մարդկանց մեղադրել բռնությունների մեջ, իսկական հայրենասերներին՝ հայրենիքի դավաճանության մեջ, սակայն այն, ինչ երեկ հայտարարել է սահմանները փակելու մասին, իրականությունից կտրված լինելու նոր մակարդակ է: Թույլ մարդու խոսքեր սեփական երևակայական աշխարհից։ Մի՛ լսեք և ոչ էլ ուշադրություն դարձրեք այն ամենին, ինչ ասում է Լուկաշենկոն։ Նա կորցրել է վստահությունը, մեր բոլոր հարևանները մեր բարեկամներն են, իսկ բոլոր բելառուսցիները՝ մեկ ժողովուրդ», - գրել է նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի հիմնական մրցակից Տիխանովսկայան:

Ի դեպ, նախագահի նախկին թեկնածուն այսօր տեսակապի միջոցով ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում:

ՄԱԿ-ում Բելառուսի մշտական ներկայացուցիչը պահանջել է դադարեցնել Տիխանովսկայայի ելույթի հեռարձակումը, պատճառաբանելով, թե «Բելառուսի առանձին քաղաքացու ելույթը չի կարող ընդունելի համարվել»։ Պաշտոնական Մինսկին պաշտպանել են Ռուսաստանը, Չինաստանն ու Վենեսուելան՝ պահանջելով դադարեցնել Բելառուսի հարցով դեբատները, պնդելով, թե խախտվում է արտահերթ դեբատներ անցկացնելու ընթացակարգը։

Տիխանովսկայան, այդուհանդերձ, շարունակել է ելույթը և հայտարարել՝ անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն անհապաղ միջամտի Բելառուսում ստեղծված իրավիճակին։ Նա կոչ է արել շուտափույթ Բելառուս ուղարկել դիտորդական խումբ՝ մարդու իրավունքների խախտման փաստերն ուսումնասիրելու համար:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նիստը գումարվում է Եվրամիության առաջարկով։ Կառույցի անդամները քննարկում են Բելառուսում իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների դեմ կիրառվող աննախադեպ բռնաճնշումները։

Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը հայտարարել է, որ Բելառուսում ցուցարարների նկատմամբ խոշտանգումների, կտտանքների, անհամաչափ ուժի կիրառման, առևանգումների մասին բոլոր հաղորդումները պետք է մանրակրկիտ հետաքննվեն, և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG