Մատչելիության հղումներ

Եվրամիությունը չի ճանաչում Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները


Եվրամիության անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովն անցկացվել է հեռավար

Եվրամիությունը չի ճանաչում Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, որ հնարավորություն են ընձեռել քսանվեց տարի երկիրը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոյին ևս հինգ տարի պաշտոնավարել։

«Այդ ընտրությունները ո'չ ազատ էին, ո'չ էլ արդար», - ասվում է Եվրամիության անդամ երկրների առաջնորդների մասնակցությամբ այսօր շուրջ երեք ժամ տևած արտահերթ նիստի արդյունքերով ընդունված հայտարարության մեջ։

Գագաթաժողովի մասնակիցները խստորեն դատապարտել են տասներորդ օրը Բելառուսում շարունակվող բազմահազարանոց ցույցերի մասնակիցների դեմ բռնությունները և Լուկաշենկոյից պահանջել են ճգնաժամի հանգուցալուծման խաղաղ ուղիղներ գտնել։

Բելառուսումհետընտրական բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան յոթ հազար մարդ, տասնյակ ցուցարարներ վնասվածքներ են ստացել ոստիկանան բռնությունների հետևանքով, երկու մարդ մահացել է:

Եվրոպական միության անդամ պետությունների առաջնորդները նաև համաձայնեցրել են ֆինանսական օգնության փաթեթը, որը կուղղվի, ինչպես շեշտում է Բրյուսելը, Բելառուսի ժողովրդին․ 53 միլիոն եվրոյի մի մասը կտրամադրվի բռնությունների զոհերին և քաղաքացիական հասարակությանը, մյուս մասը նախատեսված է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար:

«Մենք ցանկանում ենք հստակ ուղերձ հղել՝ Եվրամիությունը իր համերաշխությունն է հայտնում բելառուս ժողովրդին, և մեզ համարանպատժելիությունն անընդունելի է։ Օգոստոսի 9-ի ընտրությունները ո'չ ազատ էին, ո'չ արդար և ո'չ էլ համապատասխանել են միջազգային չափանիշներին։ Մենք չենք ճանաչում բելառուսական իշխանությունների ներկայացրած արդյունքները։ Բելառուսի ժողովուրդը լավագույնին է արժանի», - հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ կոչ անելով Լուկաշենկոյի վարչակազմին խուսափել բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ հետագա բռնություններից :

Միշելի խոսքով, Բրյուսելն առաջիկայում պատժատմիջոցներ կսահմանի այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են ինչպես ընտրությունների կեղծման, այնպես էլ խաղաղ ցուցարարների դեմ բռնությունների համար։

Շարլ Միշելի խոսքերով, չի բացառվում, որ պատժամիջոցներ ընդունվեն նաև անձամբ Լուկաշենկոյի, նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչների եւ բելառուսական ուժայինների նկատամամբ։

«Դրանք կլինեն հասցեական պատժամիջոցներ, ինչը չի անդրադառնա Բելառուսի ժողովրդի վրա։ Մոտ ապագայում կհաստատվի այդ անձանց ցանկը կհաստատվի», - հավելել է Եվրամիության գործադիր մարմնի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լյայենը:

Եվրամիությունը տարածած հայտարարությամբ նաև իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ ի առաջարկին՝ Բելառուսի իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսություն սկսելու վերաբերյալ` իր հերթին պատրաստակամություն հայտնելով մասնակցություն ունենալ այդ գործընթացքում։

Եվրամիությունը ընդամենը չորս տարի առաջ էր չեղարկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, ինչպես նաև 169 բելառուսցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցները: Ուժի մեջ են միայն Բելառուսին զենք մատակարարելու արգելքը և Բելառուսի չորս քաղաքացիների նկատմամբ սահմանած պատժամիջոցները, ովքեր, Եվրամիության պնդմամբ, առնչություն ունեն 1999-2000 թվականներին Լուկաշենկոյի քաղաքական մրցակիցների անհետացման հետ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG