Մատչելիության հղումներ

Եվրամիությունը չի ճանաչում Լուկաշենկոյին որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ. Բորել


Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ելույթ է ունենում Եվրախորհրդարանում, արխիվ

Եվրամիությունը չի ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյին որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ և ավարտում է նրա ռեժիմի ներկայացուցիչների դեմ պատժամիջոցների նախապատրաստումը: Այս մասին երեկ Եվրախորհրդարանի նստաշրջանում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Մենք կարծում ենք, որ օգոստոսի 9-ի ընտրությունները կեղծվել են, և մենք չենք ճանաչում Լուկաշենկոյին որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ», - ասել է Բորելը՝ հավելելով, որ Եվրամիությունը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Բելառուսում «բռնության, բռնաճնշումների, ընտրությունների արդյունքների կեղծման համար պատասխանատու մեծ թվով մարդկանց նկատմամբ»:

Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ պատժամիջոցները կհամաձայնեցվեն միչև սեպտեմբերի 24-25-ը կայանալիք Եվրոպական խորհրդի նիստը: Որոշումը պետք է ընդունվի Բրյուսելում առաջիկա երկուշաբթի օրը՝ ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը: Եվրամիության դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ լրացուցիչ պատժամիջոցներ կարող են դիտարկվել, եթե իրավիճակը Բելառուսում «շարունակի վատթարանալ»:

Բորելը կոչ է արել Բելառուսի իշխանություններին «վերջ տալ բռնություններին, անօրինական ձերբակալություններին» և սկսել «ազգային երկխոսություն»: Եվրամիությունը պատրաստ է աջակցել երկխոսության ցանկացած վստահելի նախաձեռնության, վստահեցրել է նա:

Ըստ Ժոզեպ Բորելի՝ Բելառուսում քաղաքական ճգնաժամից լավագույն ելքը կլինի ԵԱՀԿ դիտորդների վերահսկողության ներքո նոր նախագահական ընտրությունների անցկացումը: Սակայն եվրոպական դիվանագիտության ղեկավարն ափսոսանք է հայտնել, որ մինչ այժմ Բրյուսելը չի կարողացել խոսել Բելառուսի իշխանությունների հետ:

XS
SM
MD
LG