Մատչելիության հղումներ

Տոնոյանը և Կարմիր Խաչի գրասենյակի ղեկավարը քննարկել են Ադրբեջանում ձերբակալված հայ սպայի հարցը


Լուսանկարը՝ ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՊՆ լրատվականի

Ադրբեջանում ձերբակալված հայ սպայի մասին է խոսել պաշտպանության նախարար, գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանը՝ երեկ ընդունելով Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավար Քլեր Մեյթրոյին:

Նախարարն անդրադարձել է Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառված տեսանյութերին և ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարին հայտնել Հայաստանի պաշտպանական գերատեսչության մտահոգությունը դրանց բովանդակության շուրջ։ Տոնոյանը նշել է, որ ադրբեջանական իշխանությունների՝ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչների կողմից Ալավերդյանին այցելության թույլտվության խոչընդոտումը միջազգայնորեն ամրագրված իրավունքների, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում Ադրբեջանի ստանձնած հանձնառությունների կոպտագույն խախտում է:

Միաժամանակ, պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարին Ադրբեջանի իրավազորության տակ հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործում պատվիրակության գործադրած ջանքերի համար:

Քլեր Մեյթրոն հավաստիացրել է, որ ԿԽՄԿ պատվիրակությունն իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը Գուրգեն Ալավերդյանի և ադրբեջանական կողմում գտնվող հայազգի անձանց կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի Զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման մակարդակի գնահատմանն ուղղված գործունեությունը: Գնահատման գործընթացը մեկնարկել է անցած տարի, ասված է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Գուրգեն Ալավերդյանը Ադրբեջանի տարածքում է հայտնվել օգոստոսի 23-ին, նրա դեմ քրեական գործ է հարուցվել հինգ հոդվածով, այդ թվում՝ դիվերսիոն գործողությունների։

Պաշտոնական Երևանը, մինչդեռ, պնդում է, որ սպան եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով է շփոթվել ու մոլորությամբ անցել Ադրբեջանի սահմանը։

XS
SM
MD
LG