Մատչելիության հղումներ

Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված սպայի հանդեպ նվաստացնող վերաբերմունքը


ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում

Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտում է օգոստոսի 22-ին ադրբեջանական իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի հանդեպ կիրառվող նվաստացնող վերաբերմունքը, ինչը, շեշտում է Հայաստանի արտգործնախարարությունը, միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ և կոպիտ խախտում է:

«Գուրգեն Ալավերդյանի արժանապատվության հրապարակային ոտնահարմամբ Ադրբեջանը մերժում է քաղաքակիրթ մարդկության կողմից հանրահռչակված՝ ռազմագերիների՝ «ցանկացած հանգամանքներում իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունքը», որն ամրագրված է Ժնևի III կոնվենցիայով: Նման գործելակերպը բնորոշ է տխրահռչակ ահաբեկչական խմբավորումներին և, ինչպես կարող ենք արձանագրել, նաև Ադրբեջանին», - ասված է Արտգործնախարարության հայտարարությունում: - «Պարզունակ քարոզչության և հայատյացության հնարքներով սեփական ժողովրդին կերակրող Ադրբեջանի բռնապետական ռեժիմն իջել է այն մակարդակին, որ հուլիսյան մարտերում սեփական բանակի լուրջ անհաջողությունները կոծկում է ռազմագերուն պարտադրված շինծու տեքստերով»:

«Միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ Ադրբեջանի արհամարհանքի մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջանն այն սակավաթիվ երկրներից է, որոնք հրաժարվում են վավերացնել Ժնևի կոնվենցիաներին կից բոլոր լրացուցիչ արձանագրությունները:

Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական խախտումները լրջորեն խաթարում են խաղաղությանը նպաստող միջավայրի հաստատումը», - հայտարարում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը կիրակի օրը տեղեկացրեց, որ նույն օրը մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Ադրբեջանական կողմի հաղորդագրությունը, թե Ալավերդյանը հայկական դիվերսիոն-հետախուզական խմբի ղեկավար է, որը գերեվարվել է մարտի ընթացքում, հայկական կողմն ապատեղեկատվություն է որակում:

XS
SM
MD
LG