Մատչելիության հղումներ

Նախարար. Վաղ է խոսել ադրբեջանական կողմում հայտնված սպային հայրենիք վերադարձնելու մասին


Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ

«Մոլորվե՞լ է, թե՞ գերեվարվել, ծառայողական քննությունը ցույց կտա»

Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել ու գերեվարվե՞լ է, թե՞ առևանգվել, այս հարցի պատասխանը ծառայողական քննությունը կտա, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Վերջինս նաև ընդգծեց՝ դեռ վաղ է խոսել ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայողին հայրենիք վերադարձնելու մասին։

«Զինծառայողի վերադարձի հետ կապված տարբեր ձևաչափեր կարող են լինել` փոխանակում, կամավոր վերադարձ, միջազգային կազմակերպությունների միջամտություն, որի արդյունքում ինքը կարող է վերադառնալ Հայաստան: Ամեն դեպքում այս պահին շատ վաղ է խոսել դրա մասին, որովհետև ինչպես գիտեք, Ադրբեջանում դատախազությունն է ինչ-որ գործ հարուցել: Սա այն «տաք» փուլն է, որը պետք է ուղղակի վերապրել», - ասաց նախարարը:

Պաշտոնական Երևանը դատապարտում է հայ ռազմագերու հանդեպ նվաստացնող վերաբերմունքը

Օգոստոսի 22-ին ադրբեջանական կողմում հայտնվելուց հետո ադրբեջանական կայքերում հայ սպայի մասնակցությամբ երկու տեսանյութ հրապարակվեց։ Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտում է հայ ռազմագերու հանդեպ կիրառվող նվաստացնող վերաբերմունքը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երեկ տարածած հայտարարությամբ ադրբեջանական կողմի գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ և կոպիտ խախտում է որակում. «Ալավերդյանի արժանապատվության հրապարակային ոտնահարմամբ Ադրբեջանը մերժում է քաղաքակիրթ մարդկության կողմից հանրահռչակված՝ ռազմագերիների՝ «ցանկացած հանգամանքներում իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունքը», որն ամրագրված է Ժնևի III կոնվենցիայով։ Նման գործելակերպը բնորոշ է տխրահռչակ ահաբեկչական խմբավորումներին, և ինչպես կարող ենք արձանագրել, նաև Ադրբեջանին: Պարզունակ քարոզչության և հայատյացության հնարքներով սեփական ժողովրդին կերակրող Ադրբեջանի բռնապետական ռեժիմն իջել է այն մակարդակին, որ հուլիսյան մարտերում սեփական բանակի լուրջ անհաջողությունները կոծկում է ռազմագերուն պարտադրված շինծու տեքստերով: Միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ Ադրբեջանի արհամարհանքի մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջանն այն սակավաթիվ երկրներից է, որոնք հրաժարվում են վավերացնել Ժնևի կոնվենցիաներին կից բոլոր լրացուցիչ արձանագրությունները»:

Արտաքին գերատեսչությունում համոզված են, որ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական խախտումները լրջորեն խաթարում են խաղաղությանը նպաստող միջավայրի հաստատումը։

Ադրբեջանը սպա Գուրգեն Ալավերդյանին ներկայացնում է որպես հայկական դիվերսիոն-հետախուզական խմբի ղեկավար։ Անգամ նրա մասնակցությամբ տեսաուղերձ է նկարահանվել, որում Ալավերդյանը ներկայացնում է, թե իբր հայկական կողմը նախապես դիվերսիայի փորձ է կազմակերպել։

Զինծառայող Գուրգեն Ալավերդյանն ակնհայտորեն կարդում է իրեն պարտադրված թերի հայերեն տեքստը, անդրադառնալով գերեվարված հայ սպայի տեսաուղերձին՝ հայտարարել էր Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ հերքելով նաև ադրբեջանական կողմի պնդումը, թե Ալավերդյանը դիվերսանտ է եղել։

Ակնհայտ է, որ նրան ստիպել են ընթերցել այդ տեքստը. պատգամավոր

Ադրբեջանագետ, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ևս կասկած չունի՝ ադրբեջանական կողմը գերեվարված հայ սպային ստիպել է կարդալ իրենց իսկ մշակած տեքստը։ Հիշեցնում է՝ գրեթե նույն կերպ Ադրբեջանի իշխանությունները վարվեցին անցած ամիս Նախիջևանի սահմանով Ադրբեջանում հայտնված Ներքին Խնձորեսկի բնակիչ Նարեկ Սարդարյանի հետ. - «Ակնհայտ է, որ նրան ստիպել են ընթերցել այդ տեքստը, ադրբեջանական դրոշ են դրել նրա մեջքի հետևում, որն արգելված է: Ուզում եմ ասել, որ անգամ պատերազմական իրավիճակում կան կանոններ, իսկ Ադրբեջանն ամբողջությամբ խախտում է այդ կանոնները»:

Ադրբեջանագետը վստահ է՝ թե՛ Նարեկ Սարդարյանի, թե՛ Գուրգեն Ալավերդյանի դեպքում ադրբեջանական քարոզչամեքենան հատուկ ուղերձներ է կիրառել ուղղված ինչպես սեփական, այնպես էլ հայկական լսարաններին։

«Մի կողմից ներքին լսարանին ուղղված, որ տեսեք` անցնում են, գալիս են, մեզ գովում են, հավանաբար հատկապես տավուշյան անհաջողություններից հետո փորձում են փարատել իրենք իրենց, մյուս կողմից` բարոյահոգեբանական ճնշում են գործադրում մեր նկատմամբ, որովհետև նույն մարդիկ ընտանիքներ ունեն, հարազատներ ունեն, ու բնական է` այդ հարազատները բավականին ծանր իրավիճակում են հայտնվել, որովհետև իրենց հարազատ մարդը հակառակորդի վերահսկողության տակ է և նման վերաբերմունքի է արժանանում», - նշեց Տաթևիկ Հայրապետյանը:

Այդ տեսանյութը հիմք է ՄԻԵԴ դիմելու համար

Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսանյութը հիմք է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար, կարծում է ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց գործերը ՄԻԵԴ ներկայացնող, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը. - «2010 թվականից առնվազն 5 գործով մենք շփվում ենք նման երևույթի հետ, երբ որ մեր քաղաքացին կամ զինվորականը ներկայացնում է ինչ-որ պատմություն, որն անմիջապես թերահավատություն է առաջացնում: Բայց իրավաբանորեն դեռ միայն տեսանյութն է, որ խնդիր է առաջացնում, տեսանյութը մատուցելու եղանակը, այդ թվում նաև բովանդակությունը, դա նրա անձնական կյանքի իրավունքի խախտում է»:

Գուրգեն Ալավերդյանի հարազատները դեռ նրա հետ կապ չեն հաստատել։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Ազատությանը» հայտնեց՝ կազմակերպությունը շարունակում է երկխոսությունը ադրբեջանական իշխանությունների հետ։ Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի այս պահին ադրբեջանական գերության մեջ է գտնվում 5 հայաստանցի։

XS
SM
MD
LG