Մատչելիության հղումներ

Ըստ Der Spiegel-ի` Նավալնին գիտակցության է եկել. հարազատները չեն մեկնաբանում


Գերմանիա- Բեռլինի «Շարիթե» բժշկական կենտրոնը, որտեղ բուժում է ստանում Ալեքսեյ Նավալնին

Der Spiegel և «Ինսայդեր» պարբերականներն այսօր հայտնել են, որ Ալեքսեյ Նավալնին արդեն ուշքի է եկել և հիշում է, թե ինչ է կատարվել իր հետ մինչև գիտակցությունը կորցնելը։ Այս տեղեկությունները, սակայն, չեն մեկնաբանում ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդի հարազատները, իսկ Նավալնիի մամուլի խոսնակ Կիրա Յարմիշը խիստ չափազանցված է համարել դրանք։ Նա Twitter -ում գրել է, որ հոդվածներում բազմաթիվ փաստական անճշտություններ կան: Թե հատկապես ինչի մասին է խոսքը, Յարմիշը չի հստակեցրել։

Շաբաթասկզբին Բեռլինի «Շարիթե» հիվանդանոցը, որտեղ բուժում է ստանում Նավալնին, հայտնել էր, որ նա արդեն ինքնուրույն է շնչում և արձագանքում է ձայներին։ Գերմանացի բժիշկները նաև հայտնել էին, որ թունավորման երկարաժամկետ հետևանքների մասին դեռ վաղ է խոսել։ Der Spiegel-ի հրապարակման համաձայն, սակայն, Նավալնին ամբողջովին գիտակցության է եկել, իսկ ինչ վերաբերում է ֆիզիկական առողջությանը, նա, պարբերականի աղբյուրների պնդմամբ, կապաքինվի առնվազն 90 տոկոսով։

Մինչ Նավալնիի առողջական վիճակի մասին պաշտոնական հավաստի տվյալներ դեռ չկան, ակնհայտ են նրա թունավորման քաղաքական հետևանքները։ Արևմուտքը շաբաթներ շարունակ Ռուսաստանից պահանջում է բացահայտել նրա թունավորման պատասխանատուներին։ Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, թե հնարավոր է, որ «Նովիչոկ» տիպի նյարդապարալիտիկ նյութով ընդդիմադիր գործչի թունավորումը պատվիրվել է Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության կողմից: «Մեծ հնարավորություն կա, որ դա նախաձեռնել են ռուս բարձրաստիճան պաշտոնյանեը», - հայտարարել է Փոմփեոն Բեն Շապիրոյի ռադիոշոուի եթերում:

Պաշտոնական Վաշինգտոնը դիտարկում է կատարվածին արձագանքելու տարբեր տարբերակներ։ «Մենք կանենք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի դա չկրկնվի։ Ինձ թվում է, որ աշխարհը փոխվել և արդեն գիտակցում է, որ նորմալ երկրներն այդպես չեն աշխատում։ Դա թանկ կնստի ռուսների վրա», - ասել է Փոմփեոն։

Պաշտոնական Մոսկվան այսօր արձագանքել է Վաշինգտոնի այս հայտարարությանը: Նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Կրեմլը անթույլատրելի և անհիմն է համարում Ռուսաստանի իշխանության ներկայացուցիչներին Նավալնիի թունավորման մեջ կասկածելու մասին հայտարարությունները։ «Եվս մեկ անգամ կրկնեմ` մենք շահագրգռված ենք, որ բացահայտենք կատարվածի հանգամանքները», - ասել է այսօր Պեսկովը։

Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարարն այսօր մերկապարանոց է համարել արևմտյան առաջնորդների հայտարարությունները, իսկ Նավալնիի թունավորման շուրջ զարգացումները համեմատել Սկրիպալների գործի և մալազիական օդանավի կործանման հետ, երբ, Սերգեյ Լավրովի պնդմամբ, արևմուտքը Ռուսաստանից պահանջում էր ոչ թե համագործակցություն, այլ սեփական մեղքի խոստովանում։ «Եթե հիմա մեր արևմտյան գործընկերների մոտ, նախ և առաջ` գերմանական և ամերիկյան, գերիշխում է նույն տրամաբանությունը, դա միայն հաստատում է, որ իրենք իրենց օրենքից վեր են դասում, բոլորից վեր, բոլորը հավասար են, բայց նրանք ավելի «հավասար» են, քան մյուսները, ուստի նրանց ասածին պետք է հավատալ», - հայտարարել է Լավրովը:

Նախօրեին գերմանական Die Zeit պարբերականը հանդես էր եկել պնդմամբ, որ Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» դասի նախկինում անհայտ, նոր, կատարելագործված նյութով, և թունավորողների մտահղացմամբ նա պետք է մահանար դեռևս ինքնաթիռում: Պաշտոնական հաստատում այս տեղեկությանը չկա, սակայն հեղինակավոր գրեթե բոլոր լրատվամիջոցներն այն արտատպել են։ Կրեմլի կոշտ քննադատին, պարբերականի պնդմամբ, փրկել է այն, որ օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, և որ շտապ օգնության բժիշկները նրան միանգամից սկսել են բուժել ատրոպին տիպի նյութով։ «Նովիչոկի» այս տարբերակը մինչ Նավալնիի վրա հարձակումը հայտնի չէր փորձագետներին, նա «ավելի վնասակար ու մահացու է», քան արդեն հայտնի նյութերը, գրում է Die Zeit-ը: Գերմանական պարբերականի հոդվածագիրները նաև պնդում են, որ այս նյարդապարալիտիկ նյութը հնարավոր է պատրաստել միայն մեծ, հատուկ լաբորատորիաներում, ինչը անհնար է առանց պետական կառույցների օժանդակության։ «Նովիչոկ» դասի նյութերը համարվում են մարտական և արգելված են ամբողջ աշխարհում, դրանց կիրառումը համարվում է քիմիական հարձակում:

XS
SM
MD
LG