Մատչելիության հղումներ

Նավալնին ապաքինվելուց հետո ծրագրում է վերադառնալ Ռուսաստան ու շարունակել իր գործունեությունը


Գերմանիա--Ալեքսեյ Նավալնին հիվանդանոցում, 15-ը սեպտեմբերի, 2020թ.

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Instagram-ում հրապարակել է թունավորումից հետո առաջին գրառումը. «Բարև, Նավալնին է: Կարոտում եմ ձեզ: Ես դեռ գրեթե ոչինչ չեմ կարողանում անել։ Բայց ահա երեկ կարողացա ամբողջ օրը ինքնուրույն շնչել։ Ընդհանրապես ինքնուրույն»:

Իսկ Գերմանիայի դատախազության ներկայացուցչի հետ զրույցում Նավալնին ասել է, որ ապաքինվելուց հետո ծրագրում է վերադառնալ Ռուսաստան ու շարունակել իր գործունեությունը: Այս մասին գրում է New York Times թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի անվտանգության մարմինների բարձրաստիճան ներկայացուցչին։

Ըստ պարբերականի աղբյուրի, կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավարը նաև հրաժարվել է համագործակցել ռուսական կողմի հետ իր թունավորման հետաքննության շուրջ։ Մոսկվան, հիշեցնենք, Գերմանիայից պահանջում է համատեղ հետաքննություն անցկացնել: Ամերիկյան պարբերականի զրուցակցի խոսքով՝ Նավալնին, չնայած վերջերս է դուրս եկել կոմայից, բայց «տեղյակ է իր վիճակի մասին, լիովին գիտակցում է, թե ինչ է տեղի ունեցել և որտեղ է գտնվում»: Ո՛չ ռուս ընդդիմադիրը, ո՛չ նրա ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս հրապարակումը։

Երեկ Ֆրանսիայի և Շվեդիայի երկու անկախ լաբորատորիաներ հաստատել են գերմանացի մասնագետների եզրակացությունն այն մասին, որ ռուս ընդդիմադիր գործչին թունավորել են «Նովիչոկ» խմբի մարտական թունավոր նյութով: Նավալնիից վերցված նմուշների ևս մեկ հետազոտություն առաջիկա օրերին իրենց լաբորատորիայում կանցկացնեն քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները:

Մինչ այդ ընդդիմադիր գործիչը շարունակում է ուժեղացված հսկողության տակ մնալ Բեռլինի «Շարիտե» կլինիկայում, ուր նրան Օմսկից տեղափոխել էին օգոստոսի 22-ին: Երեկ «Բլումբերգը» գրել էր, որ Օմսկի շտապօգնության հիվանդանոցի բժիկները թույլատրել են Նավալնիին Բեռլին տեղափոխել՝ միայն Կրեմլից ստացած զանգից հետո։ Նավալնիի վիճակը շարունակում է բարելավվել, նրան այլևս միացված չէ թոքերի արհեստական օդափոխության սարքը, և նա արդեն կարող է կարճ ժամանակով վեր կենալ մահճակալից, ասված է կլինիկայի երեկվա պաշտոնական հաղորդագրությունում:

Ալեքսեյ Նավալնին օգոստոսի 20-ի առավոտյան էր կորցրել է գիտակցությունը՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում։ Օդանավը արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, Նավալնիին տեղափոխել էին տեղի հիվանդանոց։ Երկու օր անց ռուս բժիշկները հայտարարեցին, որ Նավալնիի վիճակի պատճառը նյութափոխանակության խանգարումն է։ Նրանք բացառել էին նպատակաուղղված թունավորման վարկածը, որը պնդում էին ընդդիմադիր գործչի կողմնակիցները։ Ինչպե՞ս են բուժել Նավալնուն այդ երկու օրը Օմսկի շտապօգնության հիվանդանոցում, մինչ օրս պարզ չէ։

Երեկ Reuters-ի 5 անանուն բժշկական աղբյուրները պատմել են, որ Նավալնիի մոտ նկատել են թունավորման «կլինիկական պատկեր»՝ համապատասխան ախտանշաններով: Երեք աղբյուրները հաստատել են, որ հիվանդին մի քանի ներարկումներ են արել, բայց դա ատրոպին չէր: Մինչդեռ ավելի վաղ «Մեդուզա»-ի աղբյուրները գրել էին, որ Օմսկում քաղաքական գործիչը «թունավորման հստակ պատկեր» է ունեցել, ուստի նրան ներարկել են ատրոպին, ինչն էլ փրկել է Նավալնու կյանքը:

Օմսկի հիվանդանոցում Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ Ալեքսեյ Նավալնիին Գերմանիա թողնելու հրահանգը ստացվել է անմիջապես Կրեմլից՝ առանց բացատրելու պատճառները։ Օրերս Գերմանիայի կառավարությունը, վկայակոչելով Բունդեսվերի լաբորատորիայի հետազոտությունը, հայտարարեց, որ Ալեքսեյ Նավալնին միանշանակ թունավորվել է նյութով, որը բաղադրությամբ նման է Խորհրդային Միությունում մշակված «Նովիչոկ» մարտական քիմիական զենքին, որն օգտագործվել է 2018 թվականին բրիտանական Սոլսբերի քաղաքում Յուլիայի և Սերգեյ Սկրիպալի դեմ մահափորձի ժամանակ:

Եվրոպական երկրների առաջնորդները Ռուսաստանից պահանջում են Նավալնու թունավորման մանրակրկիտ հետաքննություն անցկացնել, իսկ մերժման դեպքում սպառնում են նոր պատժամիջոցներով։ Ռուսաստանի իշխանությունները թունավորմանը մասնակցության բոլոր կասկածները մերժում են՝ անվանելով դրանք «մերկապարանոց»։ Կրեմլում նաև հայտարարում են, որ այս պահին հետաքննություն անցկացնելու և քրեական գործ հարուցելու ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա:

Այսօր, մասնավորապես, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը ասել է, որ երկրի տարածքում չկան «Նովիչոկի» պաշարներ։ «Դրանք ոչնչացվել են քիմիական զենքի արգելման կազմակերպության արձանագրություններին և կանոնակարգերին համապատասխան։ Եվ դա արձանագրված է սահմանված կարգով։ Այդ պատճառով խոսել այն մասին, որ Ռուսաստանի տարածքում կա կա՛մ արտադրություն, կա՛մ ռազմական թունավոր նյութերի հին պաշարներ, իհարկե, ապատեղեկատվություն է», - լրագրողներին ասել Է Նարիշկինը:

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանը Նավալնիի գործով Գերմանիային ուղղված շատ հարցեր ունի, քանի որ բժիշկները Օմսկում հետազոտություններ են անցկացրել և ոչ մի թունավոր նյութ չեն գտել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG