Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն հայտարարում է, որ նոր Սահմանադրության դեպքում պատրաստ է հանձնել իշխանությունը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հայտարարել է, որ պատրաստակամ է անցկացնել հանրաքվե, և «իր լիազորությունները հանձնել Սահմանադրությանը համապատասխան, բայց ոչ ճնշումների ներքո, ոչ փողոցային բողոքների միջոցով»: Նա շեշտել է, թե պատրաստ է հանձնել իշխանությունը, բայց միայն նոր Սահմանադրությունն ընդունելուց հետո:

«Ինքնասպան եղիր, սպա», այսպես էին ճանապարհում Մինսկի գործարաններից մեկի աշխատողներն այսօր Ալեքսանդր Լուկաշենկոյին: Նա սա լսելով մոտեցել է մարդկանց` ասելով, թե մի վախեցեք, «ես ձեզ բան չեմ անի, դուք շատ եք, ես` մենակ»:

Լուկաշենկոն այսօր կարճ ելույթ է ունեցել գործարանում, որի աշխատողները, սակայն, այդ ելույթի ժամանակ վանկարկում էին «հեռացիր, հեռացիր»: «Շնորհակալություն», վանկարկումներին ի պատասխան` ասել է Լուկաշենկոն` հավելելով, թե ոչինչ չի անի ճնշման տակ, և նոր ընտրություններ չեն լինելու։ Լուկաշենկոն և նրա կողմնակիցներն անընդհատ պնդում են, որ եթե Բելառուսում լինի իշխանափոխություն, սովետական ժառանգությունից մնացած և մինչ օրս աշխատող բոլոր գործարանները կփակվեն, կթալանվեն, և ընդհանրապես Բելառուսում կլինի լուրջ տնտեսական ճգնաժամ։

Այսօր առավոտյան նոր տեսաուղերձ է տարածել նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, ով ավելի վաղ Բելառուսից իշխանությունների ճնշման տակ ստիպված է եղել մեկնել Լիտվա. - «Ես պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել և հանդես գալ որպես ազգային առաջնորդ, որպեսզի երկիրը հանգստանա և նորմալ ռիթմի մեջ մտնի, որպեսզի մենք ազատ արձակենք բոլոր քաղբանտարկյալներին և ամենակարճ ժամկետում օրենսդրական բազա և պայմաններ նախապատրաստենք նոր նախագահական ընտրություններ կազմակերպելու համար», - ասել է Տիխանովսկայան՝ կոչ անելով իրավապահներին անցնել ժողովրդի կողմ. - «Եթե դուք դադարեք կատարել հանցավոր հրամանները և անցնեք ժողովրդի կողմը, բելառուսցիները ձեզ կներեն»:

Առավոտյան Տելեգրամի ալիքները տարածեցին տեսագրություններ, որտեղ երևում է, թե ինչպես են ռուսական հատուկ բեռնատարներն ուղղվում դեպի Բելառուս: Համացանցում տարածվել է տեղեկություն, որ Ռուսաստանը Բելառուս է տեղափոխում «Ռոսգվարդիայի» ստորաբաժանումներ։ Պաշտոնապես տեղեկությունը չի հաստատվել:

Երեկ` օգոստոսի 16-ին, Մինսկում անցել է հանրապետության պատմության ամենամարդաշատ բողոքի ակցիան, որի ժամանակ շուրջ 200 հազար բելառուսցիներ պահանջել են Լուկաշենկոյի հրաժարականը։

Վերջինս երեկ Մինսկի կենտրոնում իր կողմնակիցների հանրահավաքն էր իր հերթին անցկացրել, որին, սակայն, մի քանի հազար մարդ էր մասնակցել: Նրանց ավտոբուսներով տարբեր քաղաքներից Մինսկ էին տեղափոխել իշխանությունների կազմակերպած հավաքին մասնակցելու համար: Արևմուտքը Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները չի ճանաչում. կոշտ հայտարարությամբ երեկ հանդես էր եկել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը` ասելով, թե Եվրամիությունը պետք է աջակցի իր իրավունքների համար պայքարող բելառուս ժողովրդին։

Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը դեռ հստակ չէ․ երեկ Կրեմլը հաղորդագրություն էր տարածել Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին, որում նշված էր, թե Մոսկվան կգա օգնության Մինսկին դրսից սպառնալիքի դեպքում: Ռուսական դաշնային հեռուստաընկերությունները մի կողմից քննադատում են Լուկաշենկոյին, մյուս կողմից` պնդում, որ հեղափոխությունը Բելառուսում կազմակերպել և կոորդինացնում են դրսի ուժերը՝ հատկապես Լիտվայից և Լեհաստանից: Հիշեցնենք` 1999 թվականին Մոսկվան և Մինսկը ստորագրել են Միութենական պետության մասին պայմանագիրը, որը, սակայն, դե ֆակտո չի գործել, և որի վերակենդանացման Մոսկվայի փորձերը տապալվել էին անցած տարվա դեկտեմբերին։

Հավելենք, որ Վրաստանը հետ է կանչել Բելառուսում իր դեսպանին: Երկրում այսօր շարունակվել է համընդհանուր գործադուլը:

XS
SM
MD
LG