Մատչելիության հղումներ

Հայկական հեղափոխության մոդելը կարող է օրինակ ծառայել Բելառուսի համար․ Կարլ Բիլդտ


Շվեդիայի նախկին վարչապետ և ԱԳ նախարար Կարլ Բիլդտ, արխիվ
Շվեդիայի նախկին վարչապետ և ԱԳ նախարար Կարլ Բիլդտ, արխիվ

Եվրոպայի ամենափորձառու դիվանագետներից ու քաղաքական գործիչներից մեկը գտնում է, որ չնայած արևմտյան շատ վերլուծաբաններ Բելառուսի զանգվածային բողոքի ակցիաները համեմատում են Ուկրաինայի հեղափոխությունների հետ, բայց դրանք շատ ավելի նման են Հայաստանի 2018 թվականի ժողովրդավարական փոփոխությանը, երբ արտաքին կողմնորոշումների հարց չդրվեց: Նման շեշտադրմամբ Project Syndicate կայքում հոդված է տպագրել Շվեդիայի նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար Կարլ Բիլդտը՝ գտնելով, որ Բելառուսի դեպքում շատ ավելի օգտակար կլինի հայկական մոդելի կիրառումը։

Բելառուսում ընթացող իրադարձությունների մասին նա նշում է, որ աննախադեպ քանակի մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ չվախենալով պետական ապարատի բռնություններից, և ակնհայտ է, որ հերթական ընտրությունը գողանալու և իր իշխանությունը երկարաձգելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի փորձը ձախողվել է, ու ըստ բոլոր չափանիշների՝ նրա օրերը հաշվված են։

«Շատ մեկնաբաններ Բելառուսի իրավիճակը համեմատում են Ուկրաինայի 2004-2005 թվականների «Նարնջագույն» և 2014-ի Մայդանի հեղափոխությունների հետ։ Բայց Բելառուսը Ուկրաինա չէ, և Մայդանի մոդելի կիրառումը Մինսկում ու Բելառուսի այլ քաղաքներում օգտակար չի լինի», - գրում է 71-ամյա փորձառու գործիչը, նշելով, որ Ուկրաինայի քաղաքական զարգացումներում հիմնական գործոնը արտաքին կողմնորոշման փոփոխությունն էր՝ եվրոպական ընտանիքին միանալու ցանկությունը։ «Մայդանի շարժումը ուղիղ արձագանք էր այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչի փորձերին՝ հրաժարվելու եվրոպական ինտեգրման ու բարեփոխումների ճանապարհից։ Հեղափոխականները բաց դուրս էին գալիս Եվրամիության դրոշներով», - հիշեցնում է Բիլդտը։

Բելառուս - Օգոստոսի 16-ի հանրահավաքը Մինսկում
Բելառուս - Օգոստոսի 16-ի հանրահավաքը Մինսկում

«Բելառուսի ապստամբությունն ուրիշ է։ Ներքին խնդիրներն ակնհայտորեն նշանակալից մեծ դեր են խաղում, իսկ Եվրոպայի կամ Ռուսաստանի հանդեպ արտաքին կողմնորոշման հարցերը գրեթե բացակայում են։ Բելառուսցիները հոգնել են մի մարդու 26 տարվա կառավարումից, որն ավելի ու ավելի էր կորցնում կապը հանրության հետ։ Հեղափոխության սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշը Բելառուսի ազգային դրոշն է 1918 և 1991-95 թվականներին, որևէ այլ դրոշներ նույնիսկ չեն երևում», - ընդգծում է շվեդ գործիչը՝ շարունակելով. - «Բելառուսի դեպքում ես կառաջարկեի նմանություններ գտնել ոչ թե Ուկրաինայի, այլ Հայաստանի 2018 թվականի գարնան հետ, երբ զանգվածային ցույցերը հանգեցրեցին երկարամյա նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին, ու երկրում ժողովրդավարական նոր դարաշրջան բացվեց»։

Բելառուսի ու Հայաստանի համեմատությունում նա նշում է, որ Հայաստանը նույնպես միշտ սերտ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի հետ՝ թե՛ պատմական, թե՛ ռազմավարական պատճառներով, իսկ 2013 թվականին Հայաստանը չմիացավ Վրաստանին, Ուկրաինային ու Մոլդովային և չստորագրեց Եվրամիության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը, փոխարենը միացավ Ռուսաստանի առաջնորդած Եվրասիական տնտեսական միությանը։

Բիլդտը նշում է, որ Հայաստանի 2018 իրադարձությունների ժամանակ արդարացված մտավախություններ կային, թե Ռուսաստանն ինչ-որ կերպ կմիջամտի՝ կանխելու համար հերթական «գունավոր հեղափոխությունը», բայց քանի որ Հայաստանում աշխարհաքաղաքական կողմնորոշումները փոփոխելու հարց չդրվեց, Կրեմլն ըստ ամենայնի որոշեց զսպվածություն ցուցաբերել։

Կարլ Բիլդտի կարծիքով՝ դեպքերի լավագույն դասավորության դեպքում հայկական հեղափոխությունը կարող է օրինակ ծառայել Բելառուսի համար։ Բելառուսի անցումային կառավարման առաջիկա նպատակը կլինի նախագահական նոր ընտրությունների ճանապարհ հարթել, որը կանցկացվի միջազգային դիտակման ներքո։ «Խաղաղ գործընթաց ապահովելու համար սեղանին պետք չէ դնել Բելառուսի արտաքին կողմնորոշումների հարցերը։ Ընտրություններն ու պայքարը պետք է տարվեն միայն երկրի ներքին ժողովրդավարացման համար ու ոչինչ ավելին», - ընդգծում է շվեդ գործիչը:

Կարլ Բիլդտը գտնում է, որ Բելառուսում հայկական մոդելի պայմանները ստեղծելու համար Եվրամիությունը պետք է զգուշություն ցուցաբերի իր առաջիկա պատժամիջոցների հարցում՝ թիրախավորելով միայն անհատների, որոնք պատասխանատու են ու մասնակցել են ընտրությունների կեղծմանը և ցուցարարների դեմ բռնաճնշումներին։ Բելառուսի հանրությանն ու տնտեսությանը վնաս պատճառող ցանկացած այլ սահմանափակում ապակառուցողական կլինի, զգուշացնում է նա։

«Իհարկե, բաց է մնում հարցը, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի հայկական ոճի քաղաքական անցումը Բելառուսում։ Նրա մոտիկ շրջապատում հավանաբար կլինեն ՆԱՏՕ-ի ուղղության մասին որոշ պարոնոյիկ զգուշացումներ», - գրում է Բիլդտը և նշում, որ դաժան բռնաճնշումները կանխելու համար Արևմուտքը չպետք է դեմ լինի Ռուսաստանի հետ Բելառուսի սերտ կապերի պահպանմանը։

«Արևմուտքը պետք է դիվանագիտական նախաձեռնություն ցուցաբերի, հստակ ցույց տալով, որ կաջակցի ժողովրդավարական Բելառուսին, եթե այն նախկինի պես նախընտրի սերտ կապեր ունենալ Ռուսաստանի հետ։

Բելառուսի իրավիճակը աշխարհաքաղաքական պայքար չէ։ Դա ներքին հարց է, այն վերաբերում է Բելառուսի ժողովրդին և ռեժիմին, որը կորցրել է լեգիտիմությունն ու սպառել իրեն։ Արևմտյան դիվանագիտությունը կարող է օգնել Բելառուսի ժողովրդին հասնելու ժողովրդավարական արդյունքների, բայց միայն խելացի գործելու դեպքում», - Project Syndicate կայքում հրապարակած հոդվածում զգուշացրել է Շվեդիայի նախկին վարչապետը։

XS
SM
MD
LG