Մատչելիության հղումներ

Սվետլանա Տիխանովսկայան պատրաստ է դառնալ ազգային առաջնորդ


Սվետլանա Տիխանովսկայան տեսաուղերձով դիմում է մարդկանց, արխիվ

Բելառուսի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ պատրաստ է դառնալ ազգային առաջնորդ:

«Ես պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել և հանդես գալ որպես ազգային առաջնորդ, որպեսզի երկիրը հանդարտվի և բնականոն ռիթմի մեջ մտնի, որպեսզի մենք ազատ արձակենք բոլոր քաղբանտարկյալներին և կարճ ժամկետներում նախապատրաստենք օրենսդրական բազա ու պայմաններ նոր նախագահական ընտրություններ կազմակերպելու համար», - ավելի քան մեկ շաբաթ երկրում ընտրությունների արդյունքների դեմ շարունակվող աննախադեպ բողոքի ակցիաների ֆոնին հրապարակած իր ուղերձում հայտարարել է Տիխանովսկայան:

Նա օրեր առաջ մեկնել է հարևան Լիտվա, աջակիցների պնդմամբ, ճնշման ներքո:

Անցած հանգստյան օրերին Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել ընդդեմ նախագահական ընտրությունների արդյունքների, որը թույլ է տալիս 26 տարի շարունակ երկիրը կառավարող Լուկաշենկոյին վեցերորդ անգամ ստանձնել նախագահի պաշտոնը:

Գործող նախագահի հիմնական մրցակիցը Սվետլանա Տիխանովսկայան ստացել է քվեների մոտ 10 տոկոսը, նա հայտարարել է, որ չի ընդունում պարտությունը: Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով նախօրեին Մինսկում, ըստ տարբեր գնահատականների, փողոց է դուրս եկել մոտ 200 հազար մարդ:

XS
SM
MD
LG