Մատչելիության հղումներ

Արևմուտքին մտահոգում է Բելառուսի ներքին գործերին Ռուսաստանի միջամտության հնարավորությունը


Պիկետ Բելառուսի արտգործնախարարության շենքի մոտ, Մինսկ, 18-ը օգոստոսի, 2020թ.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կրեմլի հաղորդագրությունը տեղեկացնում է, որ հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ: «Հանգամանալից քննարկվել է Բելառուսում նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը: Ռուսական կողմից շեշտվել է հանրապետության ներքին գործերին դրսից միջամտության ցանկացած փորձերի անթույլատրելիությունը, որոնք տանում են դեպի ճգնաժամի հետագա էսկալացիա: Իրավիճակի շուտափույթ նորմալացման հույս է արտահայտվել», - ասված է հաղորդագրությունում:

Նախօրեին Մերկելը հայտնել էր, որ Պուտինի հետ քննարկելու է իրավիճակը Բելառուսում: Ռուսաստանի նախագահի հետ պլանավորած հեռախոսազրույցի մասին Գերմանիայի կանցլերն ասել էր Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային:

Արևմուտքին և Բելառուսի հարևաններին շատ է մտահոգում Բելառուսի ներքին գործերին Ռուսաստանի ռազմական միջամտության հնարավորությունը: Մասնավորապես Լիտվայի արտգործնախարարությունը նման հնարավորությունը չի բացառում:

Գերմանիայի կանցլերը Լիտվայի նախագահին նաև շնորհակալություն է հայտնել Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային Լիտվայում ընդունելու, օգնություն ցուցաբերելու համար և հետաքրքրվել է նրա վիճակով ու ապագա պլաններով:

Բելառուսի նախագահի օգոստոսի 9-ի ընտրություններում Տիխանովսկայան գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցն էր: Անվտանգության նկատառումներով նա հեռացել է Լիտվա, որտեղից հայտարարեց, թե պատրաստ է դառնալ ազգային առաջնորդ:

Բելառուսի պետական պաշտոնյաների շարքում հնչում են առաջին հրաժարականները:

Սլովակիայում Բելառուս դեսպան Իգոր Լեշչենյան հրաժարական է տվել: Երկու օր առաջ տեսաուղերձով դիվանագետն աջակցություն էր հայտնել Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող ցուցարարներին: «Ինչպես բոլոր բելառուսցիները, ես ցնցված եմ իմ համաքաղաքացիներին խոշտանգելու և ծեծի ենթարկելու լուրերից», - ասել է դեսպանը: Նրա խոսքով՝ իրավապահ մարմինների որոշ ներկայացուցիչներ ամբողջովին վերականգնել են ՆԿՎԴ-ի ավանդույթները 21-րդ դարի եվրոպական հանդուրժողական Բելառուսում:

XS
SM
MD
LG