Մատչելիության հղումներ

Հայաստանի ԶՈւ-ն ուշադիր հետևելու է Ադրբեջանում վաղը մեկնարկող ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններին. ՊՆ 


Ադրբեջանական զինուժի զորավարժություններ, արխիվ
Ադրբեջանական զինուժի զորավարժություններ, արխիվ

Հայաստանի զինված ուժերը ուշադիր հետևելու են Ադրբեջանում վաղը մեկնարկող ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններին, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը և զինված ուժերը ուշադիր, կրկնում եմ, շատ ուշադիր հետևելու են հուլիսի 29-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նախատեսված զորավարժությունների ընթացքին և միտումներին»:

Ադրբեջանա-թուրքական զորավարժությունների մասին հայտարարվեց Տավուշի մարզի Մովսես, Չինարի գյուղերի ուղղությամբ հուլիսի 12-ին սկսված հայ-ադրբեջանական ռազմանական գործողություններից հետո, որոնց արդյունքում հայկական կողմը, փաստորեն, ունեցավ դիրքային բարելավում։

Ադրբեջանական կողմը հայտարարեց իր 12 զինծառայողների, այդ թվում՝ Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ դիրքավորված Ադրբեջանի երրորդ բանակային կորպուսի շտաբի պետ, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի, նույն կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզոևի զոհվելու մասին։

Հայկական կողմը հայտնել է 6 զինծառայողի զոհվելու մասին, որոնցից վերջինը՝ 29-ամյա պայմանագրային զինծառայող Աշոտ Միքայելյանը ադրբեջանական դիպուկահարի կրակոցից սպանվեց երեկ, սահմանին մի քանի օր տևած հարաբերական անդորրից հետո։

Հատկանշական է, որ վաղը՝ հուլիսի 29-ին Ադրբեջանում Թուրքիայի հետ մեկնարկող զորավարժությունները, փաստորեն, սկսվում են հրադադարի նման խախտմամբ։

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, զորավարժությունները տևելու են մինչև օգոստոսի 10-ը, դրանց ընթացքում օդուժի կիրառմամբ վարժանքներ են անցկացվելու Բաքվում, Գյաջնայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում: Իսկ ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները կայանալու են օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում։ Ի դեպ, այսօր Բաքու է ժամանել զորավարժություններին մասնակցող թուրքական զորախումբը։

Ադրբեջանա-թուրքական զորավարժությունները, փաստորեն, պետք է անցնեն ռուսաստանյան զորավարժությունների ֆոնին։ Հուլիսի 17-ին, երբ Հայաստան - Ադրբեջան սահմանին մարտական գործողությունները դեռ չէին մարել, Ռուսաստանը հայտարարեց իր արևմտյան ու հարավային ռազմական շրջաններում տեղաբաշխված զորամիավորումների անակնկալ ստուգատես, որի ընթացքում, ինչպես փոխանցում է РИА Новости-ին, հարավային ռազմական շրջանի գրեթե բոլոր զորամիավորումները իրենց մշտական տեղակայման վայրերից տեղաշարժվեցին զորավարժարաններ, որպեսզի ստուգում անցկացվի, թե որքանով են պատրաստ ծրագրված Кавказ-2020 անվանումով ռազմավարական զորավարժություններին։

Ստուգատեսը ավարտվեց հուլիսի 21-ին, իսկ վեց օր անց՝ հուլիսի 27-ին ռուսաստանյան հարավային ռազմական շրջանում, ուր ներառված է նաև Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայանը, մեկնարկեցին զորավարժություններ՝ 5 հազար զինծառայողների, զրահատեխնիկայի և օդուժի մասնակցությամբ։

Դեռ հուլիսի 17-ին Իջևանում պատասխանելով «Ազատության» հարցին՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Արծրուն Հովաննիսյանը հայտարարեց, որ ռուսաստանյան առաջիկա զորավարաժություններին մասնակցելու են նաև Հայաստանի Զինված ուժերը. – «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ռուսական զորքերի հետ, մասնավորապես 102-րդ ռազմաբազայի հետ ունեն նաև այդ շրջանակում այս ընթացիկ զորավարժությունների ընթացքում համատեղ միջոցառումներ ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ այլ զորավարժարաններում: Մասնավորապես, 102-րդ ռազմաբազայի հետ այս մեծ զորավարժությունների ընթացքում ՀՀ զինված ուժերից կներգրավվեն բավականին մեծ ուժեր` մոտավորապես մեկ գնդին հավասար ուժեր` տանկային, հրետանային, մոտոհրաձգային և այլն»:

Միևնույն ժամանակ, հուլիսի 23-ին հայտնի դարձավ, որ մեկնարկել են հայ-ռուսական միավորված հակաօդային պաշտպանության համակարգի վարժանքները, որոնց ընթացքում խաղարկվել են հետախուզական-հարվածային ԱԹՍ-ների կիրառման և հակազդման տարբեր սցենարներ:

Այս ամենի ֆոնին երեկ, ինչպես հայտնի է, կայացավ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում, ըստ Կրեմլի հաղորդագրության, կողմերը կարծիքներ են փոխանակել «հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման համատեքստում Անդրկովկասում գործերի վիճակի վերաբերյալ», և Պուտինն ընդգծել է լարվածության աճին նպաստող որևէ գործողություններ թույլ չտալու կարևորությունը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով, անկհայտ է, որ Տավուշում տեղի ունեցածը ստացավ աշխարհաքաղաքական լայն իմաստ, և կենտրոնում հայտնվեցին Ռուսաստանի ու Թուրքիայի շահերն ու հարաբերությունները։ Անդրադառնալով ադրբեջանա-թուրքական զորավարժություններին Բադալյանը ուշադրություն հրավիրեց մի հանգամանքի վրա. – «Թուրքիան բավական ցուցադրական զինված մուտք ունեցավ Նախիջևան, շատ ընդգծված ցուցադրված էր դա ինչ-որ արարողության տեսքով և այլն: Սա, ես կարծում եմ, դարձյալ ուղղված է Ռուսաստանին, և Նախիջևանն էլ, ինչպես ես նշեցի, ռուս-թուրքական պայմանագրային առանցքային հարցերին մեկն է, որի ուղղությամբ ևս Ռուսաստանն ու Թուրքիան առերեսվելու են: Ես կարծում եմ, զորավարժությունը առավելապես այս մեսիջներն է պարունակում, Թուրքիան էլ փորձում էր տալ հենց այս մեսիջները»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG