Մատչելիության հղումներ

Բրիտանացի փորձագետը հայ-ադրբեջանական բանակցությունների ընդհատման իրական վտանգ է տեսնում


Հայկական ԶՈՒ զինծառայողները մարտական հերթապահություն են իրականացնում Տավուշի սահմանագոտում, 14-ը հուլիսի, 2020թ.

Շուրջ 15 տարի ղարաբաղյան հակամարտությանը հետևող բրիտանացի փորձագետ Լոուրենս Բրոերսը հիմա հայ-ադրբեջանական բանակցությունների ընդհատման իրական վտանգ է տեսնում։ 1992-ից շարունակվող երկխոսությունը, ըստ վերլուծաբանի, հարվածի տակ է հայտնվել ոչ միայն հայ-ադրբեջանական պետական սահմանին երկու շաբաթ առաջ սկսված բախումների, այլև Ադրբեջանի երկարամյա արտգործնախարար Էլմար Մամեդյարովին պաշտոնանկ անելու՝ նախագահ Ալիևի որոշումից հետո։

«Մամեդյարովն ասոցիացվում էր խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների հետ, որոնք քիչ աջակիցներ ունեին Հայաստանում և Ադրբեջանում, և է՛լ ավելի քիչ` Ղարաբաղում: Բայց դրանք խնդրի փաթեթային ու փուլային կարգավորման շուրջ տարաձայնությունները շրջանցելու անկեղծ փորձ էին և բանակցությունների համար հիմք էին հանդիսանում 2007 թվականից: Կարծում եմ` այս պահին իրական վտանգն այն է, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները ընդհատվեն», - ասում է վերլուծաբանը:

Բրոերսի հիշատակած հիմնարար սկզբունքները շրջանառության մեջ են արդեն ավելի քան տասը տարի և նախատեսում են Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը; Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որը անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի; Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք; Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով; ներքին տեղահանվածներիև փախստականների վերադարձ ու անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն: Անցած շաբաթավերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ այս դրույթները շարունակում են մնալ ուժի մեջ՝ կոչ անելով կողմերին պատրաստվել լուրջ ու առարկայական բանակցությունների։

«Դրա այլընտրանքը Ռուսաստանի առաջնորդությամբ ընթացող բանակցություններն են, որոնց պարագայում, կարծում եմ, կողմերից յուրաքանչյուրը շատ ավելի խոցելի իրավիճակում կլինի: Այնպես որ, Մինսկի խումբը՝ բոլոր իր ձախողումներով ու քննադատություններով հանդերձ, որ լսում ենք ոչ միայն վերջին օրերի, այլև տարիների ընթացքում, կարծում եմ՝ տալիս է այս բանակցություններին նոր լիցք հաղորդելու հնարավորություն։ Այլ հարց է, որ դրա պահանջն ու ցանկությունը պետք է գա նաև երկու երկրների հասարակություններից», - ասում է Լոնդոնում գործող Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի վերլուծաբանը:

«Այս անգամ կային նաև երկու այլ գործոններ»

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի բանավեճը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, 15-ը փետրվարի, 2020թ.
Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի բանավեճը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, 15-ը փետրվարի, 2020թ.

Առայժմ, սակայն, բանակցային գործընթացը վերականգնելու նշաններ չեն երևում։ Եվ սա այն դեպքում, երբ հայաստանյան թավշյա հեղափոխությունից հետո՝ մոտ երեք տարի, սահմանին աննախադեպ կայունություն էր հաստատվել, պաշտոնական Երևանն ու Բաքուն սկսել էին վստահությունն ամրապնդող քայլեր ձեռնարկել՝ առաջնորդների միջև հաստատված ուղիղ կապից մինչև գերիների փոխանակում և լրագրողների փոխադարձ այցեր։ «Ի՞նչ փոխվեց և ինչո՞ւ» հարցին հակամարտությանը հետևող փորձագետը դժվարանում է պատասխանել, բայց փաստում է՝ կային գործոններ, որոնք նպաստեցին իրավիճակի թեժացմանը։

«Այս անգամ բախումն արձանագրվեց մի տարածքում, որտեղ սահմանները հստակ գծված չեն. կա Հայաստանի և Ադրբեջանի միջև դե յուրե անցնող սահմանագիծ, որը ոչ միշտ է համընկնում դե ֆակտո նրանց վերահսկողության տակ գտնվող տարածքների հետ, երկու կողմերը շարունակ տեղաշարժվում են այս վիճահարույց շրջաններում՝ փորձելով ռազմավարական առավելության հասնել մեկը մյուսի նկատմամբ։ Կարծում եմ, այս անգամ կողմերից մեկի քայլը անակնկալ է եղել մյուսի համար», - ասում է Բրոերսը՝ շարունակելով. - «Սակայն այս անգամ կային նաև երկու այլ գործոններ, որոնք արագորեն սկսեցին ազդել իրավիճակի հետագա սրացման վրա: Նախ, սա ռազմադաշտում առաջին քննությունն էր Փաշինյանի համար, ում ընդդիմախոսները տևական ժամանակ քննադատում են անվտագության ոլորտում թույլ լինելու մեջ, և սա զգայուն հարց էր նրա համար: Երկրորդ՝ Ադրբեջանում, կարծում եմ, առկա էր հոգեբանական առավելության զգացումը, որը ձևավորվել էր 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, որը ներկայացվել էր որպես ռազմավարական հաղթանակ` նշանավորելով ադրբեջանական ռազմական ներուժի վերելքը, և օգտագործվել որպես փաստարկ`արդարացնելու Ադրբեջանի հսկայական ռազմական ծախսերը պաշտպանության ոլորտում: Միգուցե այս երկու գործոններն էլ հենց ստեղծեցին մի իրավիճակ, երբ կողմերից որևէ մեկը չէր կարող թուլացնել լարվածությունը, որը մեկ այլ պարագայում գուցե այսչափ մեծ չլիներ»:

Արտերկրում հայերի և ադրբեջանցիների միջև բախումները՝ «արտառոց զարգացում»

Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին նման միջադեպեր արձանագրվել էին նաև նախկինում, մասնավորապես՝ 2015-ին և 2016 ի սկզբին, երբ մի շարք զինվորականներ ու խաղաղ բնակիչներ զոհվեցին։ Այս բախումները, սակայն, առաջինն էին վերջին տասնամյակում, որոնց արձագանքը տարածվեց բուն հակամարտության գոտուց դուրս՝ ընդհարումների պատճառ դառնալով արտերկրում ապրող հայերի և ադրբեջանցիների միջև։ «Սա արտառոց զարգացում էր», - փաստում է բրիտանացի վերլուծաբանը՝ կոչ անելով ցուցարարներին հետևել 2018-ի հայաստանյան ոչ բռնի ու թավշյա հեղափոխության սկզբունքներին։

Ռուսաստան - Ոստիկանությունը ձերբակալում է հայ-ադրբեջանական ընդհարումների մասնակիցներին, Մոսկվա, 23-24-ը հուլիսի, 2020թ.
Ռուսաստան - Ոստիկանությունը ձերբակալում է հայ-ադրբեջանական ընդհարումների մասնակիցներին, Մոսկվա, 23-24-ը հուլիսի, 2020թ.

«Տարօրինակ է տեսնել, որ մարդիկ, ովքեր դրսում վայելում են խաղաղ հասարակություններում ապրելու առավելությունը, ընտրում են բևեռացման ու բախումների ճանապարհը, փոխանակ հզորացնեն հակամարտության խաղաղ կարգավորման՝ առանց այդ էլ ցածր հնչող ձայները», - նշում է Բրոերսը:

«Ժամանակն է վերաիմաստավորել` որն է իրական հաղթանակը»

Սահմանային վերջին բախումներից հետո, մոտ մեկ շաբաթ է՝ տեղում հարաբերական անդորր է։ Երևանից ու Բաքվից հնչող քաղաքական հայտարարություններում, այդուհանդերձ, հակասությունները շարունակում են խորանալ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ կրկին ընդգծեց, թե «Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ», Բաքուն պնդեց, թե այս հայտարարություններով Փաշինյանը ուզում է ձախողել խնդրի խաղաղ կարգավորումը։ «Չի բացառվում, որ կողմերը կրկին մտնեն մի շրջափուլ, որի ականատեսը եղանք 2014-16 թվականներին, երբ լարվածությունը շարունակաբար աճում էր, և շփման գծում իրավիճակը անընդհատ ապակայունացնելու փորձեր էին ձեռնարկվում, ընդ որում՝ յուրաքանչյուր փորձից հետո կողմերից յուրքանչյուրը հայտարարում էր սեփական հաղթանակի մասին», - փաստում է բրիտանացի վերլուծաբանը։ Հեռվից գնահատելով այդ հայտարարությունները, Բրոերսն ասում է՝ ժամանակն է վերաիմաստավորել` որն է իրական հաղթանակը:

Հայաստան - Զորահանդես Երևանի Հանրապետության հրապարակում, արխիվ
Հայաստան - Զորահանդես Երևանի Հանրապետության հրապարակում, արխիվ

«Հակամարտությանը կողքից նայող մարդու համար գուցե ավելի հեշտ է սա ասել, բայց ինձ թվում է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պարտվել են։ Ավելի քան երեսուն տարի հսկայական ռեսուրսներ են տրամադրվել պաշտպանական ոլորտներին և ռազմական մրցավազքին, և այսօր, կարծում եմ՝ այս հակամարտությունը միակ գործոնն է, որը ուղղակի և ոչ ուղղակի վտանգում է երկու երկրների ինքնիշխանությունը: Բացի այդ, վերջին բախումները նաև ցույց տվեցին, թե որքան մեծ է հավանականությունը, որ Ղարաբաղի հետ ուղղակի կապ չունեցող հարցերը կարող են վերաճել նոր կոնֆլիկտի։ Եվ դա շատ մտահոգիչ է», - ասում է Լոնդոնում գործող Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի՝ Չաթամ Հաուզի վերլուծաբանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG