Մատչելիության հղումներ

Պուտինը Էրդողանի հետ զրույցում կարևորել է հայ-ադրբեջանական լարվածության աճին նպաստող գործողություններ թույլ չտալը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպում են Կրեմլում, Մոսկվա, 5-ը մարտի, 2020թ.

Այսօր թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջև:

Կրեմլի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը կարծիքներ են փոխանակել «հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման համատեքստում Անդրկովկասում գործերի վիճակի վերաբերյալ»: Պուտինն ընդգծել է լարվածության աճին նպաստող որևէ գործողություններ թույլ չտալու կարևորությունը:

«Երկու կողմերից կոնֆլիկտային իրավիճակը բացառապես խաղաղ միջոցներով, բանակցությունների ճանապարհով հանգուցալուծելու շահագրգռվածություն է արտահայտվել», - ասված է Կրեմլի հաղորդագրությունում:

Երկու պետությունների ղեկավարները տարածաշրջանում կայունացման նպատակով ջանքերը համակարգելու պատրաստակամություն են արտահայտել:

«Առաջնորդները նաև նշեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի շահերին համապատասխան, միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն այլընտրանք չունի», - ասված է հաղորդագրությունում:

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի հարցերի, մասնավորապես՝ դրական են գնահատել համագործակցությունը կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում, որը «հնարավորություն է տվել օգոստոսի 1-ից ռուսաստանյան և թուրքական քաղաքների միջև ավիահաղորդակցության մասնակի վերականգնման որոշում ընդունել»:

Պուտինն Էրդողանին և թուրք ժողովրդին շնորհավորել է գալիք Կուրբան-բայրամ մահմեդական տոնի առթիվ, փոխանցում է Կրեմլը։

Թուրքիայի նախագահականը հեռախոսազրույցի մասին դեռ որևէ բան չի հաղորդում:

Հիշեցնենք, հայ-ադրբեջանական հակամարտությունն օրեր առաջ քննարկել էին նաև Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն, պաշտոնական Մոսկվան Անկարային հորդորել էր զսպվածություն ցուցաբերել տվյալ հարցում:

Ռուսաստանի Անվտանգության խորհուրդն արդեն երկու անգամ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությանը, անցած շաբաթ խորհրդի նիստի ժամանակ Պուտինն ընդգծել է, որ դա շատ զգայուն հարց է Ռուսաստանի համար:

Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած արյունալի բախումների ընթացքում և հաջորդած օրերին Թուրքիան քանիցս Հայաստանին դատապարտող հայտարարություններով է հանդես եկել՝ նախագահի, Ազգային անվտանգության խորհրդի, արտաքին գործերի նախարարության ու նախարարի, պաշտպանության նախարարի, խորհրդարանական կուսակցությունների և այլ մակարդակներով:

Պաշտոնական Երևանը հակադարձում է Անկարային՝ շեշտելով, մասնավորապես, որ Թուրքիան «այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների ժամանակ «միակ երկիրը, ով փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ բռնություններ հրահրել՝ Թուրքիան էր»: «Թուրքիայի այս գործելակերպը մեծ հաշվով անակնկալ չէր: Բայց նրա ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում՝ Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով», - ընդգծեց Փաշինյանը:

Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը և Թուրքիան հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացնելու, որոնց ցամաքային փուլը նախատեսված է Նախիջևանում:

XS
SM
MD
LG