Մատչելիության հղումներ

Ըստ ռուս քաղաքագետի, Մոսկվան թույլ չի տա, որ Թուրքիան դե ֆակտո մտնի Հարավային Կովկաս


Ռուս քաղաքական վերլուծաբան Արկադի Դուբնով, արխիվ
Ռուս քաղաքական վերլուծաբան Արկադի Դուբնով, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վերջին երկու շաբաթվա ընթացքում երկու անգամ զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, երկու երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:

Առաջին անգամ Էրդողանը Պուտինին էր զանգել հուլիսի 13-ին, երբ հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի հատվածում ադրբեջանական հարձակման արդյունքում ընթանում էին մարտեր։ Երկրորդ անգամ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել երեկ երեկոյան, երբ արդեն հայտնի էր, որ թուրքական զորքերը մտել են Ադրբեջանի տարածք, ինչպես պաշտոնապես Բաքուն է հայտնում՝ պլանային զորավարժություններին մասնակցելու համար։

Կրեմլի մամուլի ծառայության համաձայն, Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է լարվածության աճին նպաստող որևէ գործողություններ թույլ չտալու կարևորությունը: «Երկու կողմերից կոնֆլիկտային իրավիճակը բացառապես խաղաղ միջոցներով, բանակցությունների ճանապարհով հանգուցալուծելու շահագրգռվածություն է արտահայտվել», - ասված է Կրեմլի հաղորդագրությունում: Երկու պետությունների ղեկավարները նաև տարածաշրջանում կայունացման նպատակով ջանքերը համակարգելու պատրաստակամություն են արտահայտել:

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը երեկ քննարկել են նաև Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները, բացի այդ՝ Ռուսաստանի նախագահը վերջին երկու շաբաթներին հայ-ադրբեջանական հակամարտության հարցերով Անվտանգության խորհրդի երկու նիստ էր անցկացրել:

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մասին հայտնել են երեկ ռուսական գրեթե բոլոր լրատվամիջոցները, ընդգծելով, որ այդ զորավարժությունները անցնում են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածության ֆոնին։

Ռուսաստանցի քաղաքագետ Արկադի Դուբնովը, սակայն, համոզված է, որ ինչ ծրագրեր էլ ունենա Էրդողանը Հարավային Կովկասում, Մոսկվան թույլ չի տա, որ Թուրքիան դե ֆակտո մտնի Հարավային Կովկաս: «Սա Մոսկվայի տարածքն է, Մոսկվայի վերահսկողության տակ գտնվող տարածքը, և Պուտինը թույլ չի տա, որ այս իրավիճակը փոխվի», - «Ազատությանը» ասել է Դուբնովը:

«Էրդողանի համար չափազանց կարևոր է ունենալ իսլամական աշխարհի առաջնորդի կարգավիճակ։ Իմ կարծիքով, այս շատ ճիշտ ժամանակին՝ չակերտների մեջ, սկսված զորավարժությունները Էրդողանը ձեռնարկել է PR-ի համար, ցույց տալու, որ Թուրքիան է այսօր իսլամական աշխարհի համար մեկ պետությունը, Թուրքիան է այսօր, որ առաջնորդում է իսլամական աշխարհը, որ հասնում է և աջակցում է մահմեդականներին: Սա, ըստ էության, Սուրբ Սոֆիայի պատմության շարունակություն է», - նշել է ռուսաստանցի փորձագետը՝ համոզմունք հայտնելով, որ Պուտինին էլ Էրդողանը զանգում է հանգստացնելու համար, որ այդ զորավարժությունները չեն վերածվի մարտական գործողությունների։ Իսկ Պուտինն էլ ամեն անգամ Էրդողանին զգուշացնում է, որ հնարավորն անի ռազմական գործողություններ Հարավային Կովկասում թույլ չտալու համար:

Անկախ փորձագետը համոզված է՝ Էրդողանը շատ լավ հասկանում է, որ Մոսկվայի համար Թուրքիայի մասնակցությամբ ռազմական գործողությունները Հարավային Կովկասում անընդունելի են։

«Ազատության» հարցին՝ այսինքն Մոսկվան ամեն ինչ կանի՞ Թուրքիային Հարավային Կովկաս չթողնելու համար, Դուբնովը պատասխանեց. «Այո, միանշանակ այդպես, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանում է տեղակայված ռուսական ռազմական բազա»։ Նա, ի դեպ, կարևորում է նաև Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։

«Մյուս կողմից ակնհայտ է, որ եթե թուրքերին Հարավային Կովկաս չթողնելը Ռուսաստանը գերտերություն համարող Պուտինի համար պատվո հարց է, նույնքան պատվո հարց է դառնում Թուրքիայի համար հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների դեպքում Ադրբեջանին ֆիզիկապես աջակցելու հարցը, խոսքն արդեն ռազմական աջակցության մասին է։ Դրա համար ես պնդում եմ, որ Թուրքիայի այսօրվա գործողությունները, այս պահին ռազմական վարժությունները, ագրեսիվ հռետորությունը, ադրբեջանցիներին ռազմական աջակցության մասին հայտարարությունները արկածախնդրություն կարելի է համարել», - ասում է Արկադի Դուբնովը:

XS
SM
MD
LG