Մատչելիության հղումներ

Մեկնարկել են հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքներ՝ նվիրված ԱԹՍ-ի հակազդման մեթոդներին


Հրթիռներ Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանում, արխիվ

Այսօր մեկնարկել են հայ-ռուսական միավորված հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի պլանային վարժանքներ, որոնց նպատակն է ուսումնասիրել հետախուզահարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հակազդման մեթոդները։

Վարժանքների ընթացքում կմշակվեն ԱԹՍ-ի դեմ պայքարի նոր ձևեր՝ հակազդման համակարգի կատարելագործման նպատակով, Ֆեյսբուքում գրում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Պարապմունքներին և մշակումներին մասնակցում են հայկական և ռուսական զենիթահրթիռային համալիրների, հայկական և ռուսական կործանիչ ավիացիայի, ՀՀ ԶՈւ զենիթահրետանային միջոցների բոլոր ստորաբաժանումների հիմնական հրամանատարները։

Ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ ՊՆ խոսնակը հայտնում է. - «Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին ծավալված մարտական գործողությունների օդային իրավիճակն ամբողջությամբ փաստագրվել է, և այժմ ընթացող ՀՕՊ վարժանքների շրջանակներում արտապլանային կարգով իրականացվում են օբյեկտիվ հսկման միջոցների արխիվների ուսումնասիրություններ։ Հայկական կողմը վերլուծում է հակառակորդի մարտավարությունը և հայկական ՀՕՊ ստորաբաժանումների գործողությունները»։

Նույն սոցցանցում Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է նաև, որ հայ-ռուսական ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի վարժանքների շրջանակում խաղարկվել են հետախուզահարվածային ԱԹՍ-ի կիրառման և հակազդման տարբեր սցենարներ։

XS
SM
MD
LG