Մատչելիության հղումներ

Սլովակիայի դատարանը պետք է վճիռ կայացնի լրագրողի սպանության գործով


Սլովակները հարգանքի տուրք են մատուցում սպանված լրագրող Յան Կուչիակի և նրա ընկերուհի Մարտինա Կուշնիրովայի հիշատակին, Բրատիսլավա, 2-ը նոյեմբերի, 2018թ.
Սլովակները հարգանքի տուրք են մատուցում սպանված լրագրող Յան Կուչիակի և նրա ընկերուհի Մարտինա Կուշնիրովայի հիշատակին, Բրատիսլավա, 2-ը նոյեմբերի, 2018թ.

Այսօր Սլովակիայի դատարանը կարող է վերջակետ դնել ավելի քան երկու տարի առաջ երկիրը ցնցած քրեական գործում, որը հանգեցրել է իշխանափոխության:

2018 թվականի փետրվարի 21-ին հետաքննող լրագրող Յան Կուչիակի և նրա ընկերուհու՝ Մարտինա Կուշնիրովայի սպանությունը բողոքի աննախադեպ ալիք է բարձրացրել:

Հազարավոր մարդիկ լցվել են մայրաքաղաք Բրատիսլավայի և սլովակյան բազմաթիվ այլ ավանների փողոցներ ու պահանջել են ոչ միայն հանդուգն ու դաժան հանցագործության բացահայտումը, այլև իշխանության հրաժարականը:

27-ամյա լրագրողը հետաքննել է կոռուպցիայի դեպքերը, այդ թվում՝ իտալական մաֆիայի և սլովակ գործարարների հանցավոր կապը:

Լրագրողի և նրա ընկերուհու՝ հրազենային վնասվածքներով մարմինները հայտնաբերել են տանը փետրվարի 25-ին, այն բանից հետո, երբ Յանի և Մարտինայի ազգականներն ահազանգել են ոստիկաններին, թե նրանք փետրվարի 21-ից սկսած չեն պատասխանում հեռախոսազանգերին:

Վարչապետ Ռոբերտ Ֆիկոն այդ օրերին անվերջ բանակցություններ է վարել կոալիցիոն կառավարության անդամների հետ՝ փորձելով շտկել վիճակն ու պահպանել իշխանությունը, սակայն մարտի 22-ին հրաժարական է ներկայացրել:

Չնայած այդ հանգամանքին՝ սլովակների բազմահազարանոց ցույցերը շարունակվել են:

2019 թվականի մարտին իրավաբան Զուզանա Չապուտովան հաղթել է ընտրություններում և դարձել է Սլովակիայի առաջին կին նախագահը:

Ապա խորհրդարանական ընտրություններում հաղթել է Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ սերտ կապերի կողմնակից, «Շարքային մարդիկ» անվամբ կուսակցությունն ու այդպես ձախակենտրոն ուժերի ութամյա իշխանության ժամանակաշրջանն ավարտվել է:

Հետաքննության ընթացքում ձերբակալվել են կասկածյալներ: Անցած տարվա դեկտեմբերի 30-ին ամբաստանյալներից Զոլտան Անդրուշկոն դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, նա համագործակցել է հետաքննության հետ և դրա շնորհիվ խուսափել է ավելի երկարատև պատժաչափից:

Բուն սպանությունը կատարել է նախկին զինծառայող Միրոսլավ Մարչեկը, ով ասել է, թե զղջացել է արարքի համար, և խոստովանել է մեղքը այն բանից հետո, երբ հեռուստացույցով դիտել է հարցազրույցը սպանված լրագրողի ու նրա ընկերուհու ազգականների հետ:

Այս տարվա հունվարին դատարանը Մարչեկին դատապարտել է 23 տարվա ազատազրկման:

Ապա սկսվել է այդ գործով ևս երեք ամբաստանյալների՝ Մարիան Կոչների, Ալենա Ժուշովայի և Տոմաշ Շաբոյի դատավարությունը:

Նրանք հերքում են մեղադրանքը, նրանց դեմ ցուցմունք է տվել արդեն պատիժը կրող Անդրուշկոն:

Գլխավոր ամբաստանյալը Կոչներն է՝ գործարար, որի մեքենայությունները հետաքննել է լրագրող Յան Կուչիակը: Ըստ մեղադրող կողմի, հենց նա է պատվիրել լրագրողի սպանությունը: Մնացած ամբաստանյալները կազմակերպական միջնորդական դեր են կատարել, որոնել և գտել են նախկին զինվորականին և նրան են հանձնարարել անկախ Սլովակիայի հանրապետության պատմության ընթացքում լրագրողի առաջին սպանությունը:

XS
SM
MD
LG