Գերմանիան կարտահանձնի բուլղարացի լրագրող Վիկտորիա Մարինովայի սպանության մեջ կասկածվողին: France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նման որոշում է կայացրել Գերմանիայի դատարանը:
Սպանության մեջ կասկածվող 21-ամյա Սևերին Կրասիմիրովը ավելի վաղ ձերբակալվել է գերմանական իրավապահների կողմից: Նա Գերմանիա էր ժամանել բուլղարական Ռուսե քաղաքից, որտեղ հայտնաբերվել է լրագրողի դին:
TVN առաջատար հեռուստաընկերության տնօրեն 30-ամյա Վիկտորիա Մարինովայի սպանության մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 7-ին: Վերջին թեման, որի վրա աշխատում էր լրագրողը, Եվրոպական միության հիմնադրամից գումարների յուրացման շուրջ սկանդալն էր:
Սա արդեն երրորդ լրագրողի սպանությունն է Եվրամիությունում մեկ տարվա ընթացքում: Անցյալ տարվա հոկտեմբերին Մալթայում սպանվել է հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիսիան, այս տարվա փետրվարին էլ Սլովակիայում սպանվել է լրագրող Յան Կուցիակը: