Մատչելիության հղումներ

«Սենց պատերազմ չէինք տեսել». ինչ կատարվեց հայ-ադրբեջանական սահմանին վերջին շաբաթվա ընթացքում


Լուսանկարը` կառավարության մամուլի ծառայության

Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին, լարվածությունը սկսվեց հուլիսի 12-ի կեսօրին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Հայաստանի պետական սահմանը խախտելու փորձից։

ՈւԱԶ-ով այսպես կոչված `գրոհը, ըստ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ այնքան անտրամաբանական էր, որ հայ դիրքապահները ենթադրել են, թե ադրբեջանական զինծառայողները գուցե մոլորվել են և նախ կոչ են արել նրանց լքել տարածքը. - «Թողնելով ավտոմեքենան` Ադրբեջանի զինծառայողները վերադառնում են իրենց դիրքերը, որից հետո սկսվում է 82 մմ ականանետերով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրքը, որը կասեցվել է հրետակոծությամբ և համապատասխան գործողություններով: Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է»:

Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանցիների բոլոր փորձերը չեզոքացվել են՝ առանց հայկական կողմում զոհերի կամ վիրավորների։ Ադրբեջանական կողմն այդ օրը հայտնում է 3 զոհի և 4 վիրավորի մասին։ Ադրբեջանական զինուժը, սահմանին հաջողության չհասնելով, սկսում է թիրախավորել սահմանամերձ հայկական բնակավայրերը ՝ հրետակոծելով Չինարի, Այգեպար, Բերքաբեր, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը և Բերդ քաղաքը` վերջին մի շաբաթվա ընթացքում մեծացնելով կիրառվող զենքերը՝ 82, ապա 122 միլիմետրանոց ականանետեր, տանկեր, Հաուբից և Գրադ։ Հայկական բնակավայրերում տուժում են տասնյակ տներ, մանկապարտեզի շենք, բժշկական պաշտպանիչ դիմակներ արտադրող գործարան։ Քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու համար ադբեջանական կողմը օգտագործում է նաև անօդաչու թռչող սարքեր։

Հրետակոծության հետևանքով բնակավայրերի բնակիչների շրջանում զոհեր չկան։ Նման վիճակ տավուշցիները չեն հիշում 90-ականներից ի վեր. - «Միշտ էտ կրակոցը կա, բայց ամեն դեպքում էլ էս մի պատերազմն իսկական պատերազմ էր, որ մենք վախըմ էինք, որ էստեղից դուրս գայինք, էս տեսակ պատերազմ մենք չէինք տեսել, որ սենց մեծ հրետանի գործի»:

«Կրակոցներն սկսեցին, ահավոր էր, մեծերով էին խփում, մենք սենց մեծ բան տեսած չկայինք, 90-ականների կռիվներն էսքան ուժեղ չէր», - ասում են տեղացիները:

Ադրբեջանն էլ է հայտարարում հայկական բանակի կողմից ադրբեջանական գյուղեր թիրախավորելու, ինչպես նաև մեկ քաղաքացիական զոհի մասին։ Հայկական կողմը հայտարարում է՝ ադրբեջանական բանակն իր հրետանին սեփական գյուղերի մոտ է տեղադրել՝ վտանգելով իր իսկ բնակիչներին։

Վերջին շաբաթվա մարտերի ընթացքում հայկական կողմն ունեցել է 4 զոհ՝ երկու սպա` մայոր Գարուշ Համբարձումյանը և կապիտան Սոս Էլբակյանը, և երկու ժամկետային զինծառայող՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը։ Նրանք հետմահու պարգևատրվում են:

Մինչ օրս ադրբեջանական կողմը հաստատում է միայն 12 զոհ ունենալու փաստը, այդ թվում ՝ բարձրաստիճան զինվորականներ` Ադրբեջանի երրորդ բանակային կորպուսի շտաբի պետ, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի և նույն կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզոևի մահը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն, հայտնում է, որ ադրբեջանական կողմի զոհերը կարող են ավելի շատ լինել` հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը, երբ 100 հոգանոց հատուկջոկատայինների խումբը հարձակում է գործել հայկական դիրքերի վրա, լուրջ կորուստներ կրել և դիակներ թողնելով միջդիրքային գոտում հեռացել։ Թեև ադրբեջանական կողմը հերքեց այս լուրը, սակայն Պաշտպանության նախարարությունը լուսանկարներ հրապարակեց:

Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ հակառակորդի կորուստները կարող են հասնել մինչև 20 հոգու. - «Դիտարկվող կորուստները կարող է մոտենան 1-2 տասնյակի նույնիսկ, բայց հստակ չեմ կարող ասել»:

Մարտական գործողությունների երրորդ օրը հայկական կողմից սկսեցին ակնարկել, որ բացի զիվորականների, Ադրբեջանը նաև կարևոր և ռազմավարական դիրքեր է կորցրել Տավուշում, այդ դիրքերից մեկի լուսանկարը հրապարակեց Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը: Պաշտպանության նախարարն էլ հայտարարեց՝ Հայաստանի սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում հայկական զինուժը կարձագանքի ըստ անհրաժեշտության` «ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում»:

Հայկական կողմի փոխանցմամբ` շուրջ մեկ շաբաթվա ընթացքում՝ հուլիսի 12 -ից մինչ օրս, 36 հայ զինծառայող է վիրավորում ստացել, դրանք հիմնականում քերծվածքներ են։ Այժմ միայն 10 զինվոր է բուժում ստանում, մեկի վիճակն է ծայրահեղ ծանր, մեծ մասը վիրավորում են ստացել հուլիսի 14 -ին Ադրբեջանի կողմից ականանետերի և անօդաչու թռչող սարքերի կիրառումից:

Քաղաքացիական բնակչությունից հայկական կողմում վիրավորում է ստացել Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը կակառակորդի անօդաչուի հարվածից: Նա, ըստ պաշտոնական տեղեկատվության, հայկական կողմի քաղաքացիական միակ վիրավորն է։ Հարվածների թիրախում է եղել և այրվել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության մեքենան:

Հուլիսյան մարտերի ժամանակ Ադրբեջանն ակտիվորեն օգտագործում է մեծ թվով անօդաչու թռչող սարքեր։ Այսօրվա դրությամբ հայկական կողմը հայտարարել է արդեն 14 նման սարքի խոցման մասին` 4-ը՝ հետախուզական, 10` հարվածային։

Վերջին ORBITER-3 տիպի անօթաչու թռչող սարքը խոցել են Արցախի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիսարևելյան ուղղությամբ։ Առաջին սարքի խոցման մասին հայկական կողմը հայտարարեց հուլիսի 14-ին` իսրայելական արտադրության «Հերմես» անօդաչուն, որ օդում կրակի կառավարման համակարգ է, ըստ մասնագետների՝ մոտ 30 միլիոն դոլար արժեքով, ադրբեջանական ամենալուրջ կորուստներից է։ Հայկական կողմը այն խոցել է տեղական մասնագետների կողմից ձևափոխված «Օսա» տեսակի հրթիռային համակարգով:

Այս օրերին առաջին անգամ կիրառվեցին հայկական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերը՝ պաշտպանական խնդիրների լուծման նպատակով, ըստ Պաշտպանության նախարարության` գերազանց արդյունավետությամբ։ Ադրբեջանը մինչ այժմ հայտարարել է Հայաստանի զինված ուժերին պատկանող անօդաչուներ և այլ զինտեխնիկա խոցելու մասին, սակայն Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս տեղեկությունը։

Մարտական գործողություններին զուգահեռ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև սպառնաց հարվածել Մեծամորի ատոմակայանին, ինչը հայկական կողմը ահաբեկչական հայտարարություն որակեց. - «Եվ սա շատ կարևոր եզրակացության տեղիք պետք է տա, սա կոնկրետ հանցագործություն է», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է միջազգային արձագանքին, ապա այն հիմնականում ուղղված է երկու կողմերին՝ մարտերը դադարեցնելու և երկխոսություն սկսելու կոչով։ Ռուսաստանը հայտարարում է, որ պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը թուլացնելու հարցում։ Թուրքիան հայտարարում է Ադրբեջանին անվերապահորեն աջակցելու մասին։ ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը, հուլիսի 13-ին հայտարարեց, որ Մշտական խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում, սակայն ժամեր անց այդ նիստը անորոշ ժամանակով հետաձգվեց, ըստ պաշտոնական պարզաբանման՝ կողմերի միջև խորհրդակցություններ անցկացնելու պատճառով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG