Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են սահմանին լարվածության նվազումը


Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները, 20-ը հունվարի, 2020 թ.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը այսօր տեղի ունեցած հանդիպումից հետո տարածած հայտարարությամբ ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության նվազումը և կոչ արել կողմերին գործադրել բոլոր ջանքերը՝ էսկալացիան նվազեցնելու ուղղությամբ։

Համանախագահները կողմերին նաև կոչ են արել զերծ մնալ բորբոքիչ հռետորաբանությունից և տեղում իրավիճակը փոփոխելու փորձերից։ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը ներկայացնող ղարաբաղյան կարգավորման միջնորդները կրկին ընդգծել են խաղաղության գործընթացին նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը։

Համանախագահները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ որքան հնարավոր է շուտ ղարաբաղյան կարգավորման կարևորագույն հարցերի շուրջ առարկայական բանակցություններ վարելու պատրաստակամությունը, ինչպես նաև կարևորել են ԵԱՀԿ դիտորդների վերադարձի կարևորությունը տարածաշրջան, երբ պայմանները թույլ տան։

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած երկու օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 11 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

XS
SM
MD
LG