Մատչելիության հղումներ

Սահմանին լարվածությունը դեռ կպահպանվի. Ալիևը չի ցանկանա ջախջախվածի կարգավիճակով դուրս գալ Տավուշից. փորձագետներ


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան (ձախից) և Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյան (աջից), արխիվ
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան (ձախից) և Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյան (աջից), արխիվ

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը դեռ որոշ ժամանակ կպահպանվի, Բաքվի համար բարդ է լինելու կրած ցավալի կորուստներին համակերպվելը, «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Ես նկատի չունեմ միայն մարդկային կորուստը, թե դա, թե նաև տարածքային ռազմավարական կորուստը բավական ցավոտ է, և այդ կորուստն էապես անդրադառնում է նաև Ադրբեջանի իշխանության ներսում վիճակի վրա: Սա ևս տեսանելի է, և առավել ևս այդ վիճակը բարվոք չէր, և հիմա սա ավելի գեներացնում է ներքին խմորումները», - ասաց նա:

Բադալյանի գնահատմամբ` արդեն 4 օր Տավուշի սահմանին ծավալվող իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գտնվում է փակուղում, և ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ադրբեջանական քաղաքականությունը ռացիոնալ չէ. - «Ալիևը փակուղի է մտել իր ռազմատենչ այդ պատերազմական, պատերազմահեն քաղաքականության հետևանքով, այսինքն` այդ քաղաքականությունը, որի վրա կառուցված էր Ադրբեջանի ամբողջ իշխանությունը, բախվել է հետևյալ դիլեմային` կամ ռազմական այսպես ասած` «խոստացված հաղթանակը» պետք է արձանագրել, կամ հնարավոր չէ այլևս անվերջ խաղալ դրա վրա»:

Չնայած նախօրեին Բաքվում կայացած ցույցերի ընթացքում Ղարաբաղը գրավելու, պատերազմ սկսելու մասին հնչող բազմաթիվ կոչերին` երեկ Ալիևը հայտարարեց՝ վերջին օրերին ընդամենը 150 կամավոր է դիմել կռվի գնալու ցանկությամբ: Այս փաստն, ըստ Հակոբ Բադալյանի, ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունների ընկալումներն այլ են, և որ ադրբեջանցիները ներքուստ շատ լավ հասկանում են, որ իրենց երկրի իշխանությունները հայրենիքի պահպանման խնդիր չեն լուծում:

«Ի տարբերություն հայերի, որոնք ընդամենը լուծում են, այո, իրենց հողի վրա և պատմական իրենց հայրենիքում խաղաղ կենսագործունեության հարցեր, որոնց սպառնալիք է Ադրբեջանը», - նկատեց նա:

Քաղաքական մեկնաբանի գնահատմամբ` այս հայտարարությամբ Ալիևը փորձում էր պատասխանատվությունն իր վրայից հանել՝ ցույց տալով, թե հասարակությունը պատերազմ սկսելուն պատրաստ չէ. - «Տեսեք` հազարավորները գոչում են, բայց պատրաստ են կռվել ընդամենը մի քանի տասնյակ կամ հարյուր մարդ, և փորձում էր դրանով իր վրայից հեռացնել այդ պատերազմի պատասխանատվությունը»:

Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը համաձայն է՝ ի տարբերություն ադրբեջանցիների` Հայաստանում շատ լավ գիտեն, որ հայրենիք են պաշտպանում. - «Ոգիները հայկական և ադրբեջանական չես համեմատի, և դա ապացուցել են Արցախի համար բոլոր պատերազմները»:

«Ազատության» հարցին, թե այս փաստը արդյոք ցույց է տալիս, որ Ադրբեջանում տարիներ շարունակ հակահայկական քարոզչությունն ամենաբարձր մակարդակներից հովանավորվող սպասված արդյունքը չի տվել, նա պատասխանեց. - «Չի կարող տալ, սինթետիկ, կեղծ ռազմական հայրենասիրությունը չի կարող ուղղակի որևէ արդյունք տալ, ճիշտ հակառակը` այդ ամեն ինչը շրջվեց Ալիևի դեմ: Մենք տեսանք այդ ցույցերի ընթացքում, որ սկսվեց դրանով, ավարտվեց արդեն ռազմաքաղաքական ղեկավարության հրաժարակով»:

Դե իսկ Ալիևի` կամավորների թվի մասին հայտարարությունը Սաֆարյանը խայտառակություն է համարում. - «Երկրի ղեկավարը կանգնում է և ասում է, որ իր երկրում ընդամենը 150 մարդ է պատրաստ զոհվելու ուրեմն այսպես կոչված` «հայրենիքի» համար»:

Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ` Ադրբեջանի նախագահը կցանկանա դուրս գալ Տավուշից, սակայն ոչ ջախջախվածի կարգավիճակով, ուստի բարդ է ասել, թե դրությունը սահմանին երբ կհանդարտվի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG