Մատչելիության հղումներ

Հովհաննիսյան. Ադրբեջանը հայկական ատոմակայանին հարվածելու մասին է հայտարարել, սա հանցագործություն է


Օրվա ընթացքում հայկական զինված ուժերը թույլ են տվել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին նախօրեի գիշերն իրենց ունեցած կորուստներից մնացած դիակները դուրս հանել տարածքից, քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նկատեց` ՊՆ խոսնակը դա պատկերող տեսանյութ է հրապարակել:

«Սա միակ տարածքը չէր, այդպիսի տարածքներ էլի կան, որտեղ կան մնացած ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների դիակներ: Ադրբեջանական մամուլն այս մասով կեղծիքներ տարածեց, ու այստեղ առաջացել է հետաքրքիր զավեշտալի հակասություն. եթե այդ դիակներն իրենց տարածքում էին, ապա ինչո՞ւ են մնացել այդքան ժամանակ կամ ինչպե՞ս էին մեր վերահսկողության տակ, և պետք էր մեր կողմից թույլտվություն կամ կրակի դադարեցում, որպեսզի այդ դիակները հանվեն: Հետևությունները թողնում եմ բոլորին», - հայտարարեց Հովհաննիսյանը:

Նա նշեց` օրվա ընթացքում ադրբեջանական քարոզչությունը փայլեց հերթական «գլուխգործոցով»: «Պաշտոնապես Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ի պատասխան հայկական տիրույթում տարբեր մասնավոր անհատ մարդկանց հայտարարություններին` հարվածներ հասցնելու տարբեր ռազմավարական օբյեկտներին Ադրբեջանի, պաշտոնապես հայտարարվեց Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին: Որևէ պաշտոնական հայտարարություն ՀՀ ԶՈւ մարմինների կողմից չի եղել` որևէ նման քաղաքացիական, ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտին հարվածելու մասին, ավելին` նույնիսկ որևէ տուն ադրբեջանական գյուղերում չի թիրախավորվում մեր զինված ուժերի կողմից: Ես շատ ուրախ եմ, որ մեր քաղաքական գործիչները, դիվանագիտական կորպուսը, մտավորականները, պաշտոնյաները այս հարցը բարձրացնում են համապատասխան մարմիններում: Սա շատ կարևոր եզրակացության տեղիք պետք է տա, սա կոնկրետ հանցագործություն է», - շեշտեց Արծրուն Հովհաննիսյանը` ավելացնելով, որ այս սպառնալիքի հեղինակները պիտի ենթարկվեն հոգեբանական զննման:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին, տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր հայտարարել է, թե «հայկական կողմը չպետք է մոռանա, որ Ադրբեջանի սպառազինությունում ընդգրկված ամենաարդիական հրթիռային համակարգերը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ատոմային էլեկտրակայանին, ինչը Հայաստանի համար մեծ աղետի կհանգեցնի»:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր հերթին դատապարտեց քաղաքացիական բնակչության նկատմամբ ոտնձգությունը, հիշեցրեց, որ այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը: Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մարզպետի ներկայացմամբ` հիմնականում թիրախավորվել են Բերդ համայնքի բնակավայրերը՝ Տավուշ գյուղը և Բերդ քաղաքը։

«Այսօրվա առանձնահատկությունն այն էր, որ քաղպաշտպանությունը և պատսպարումը յուրահատուկ էր ու առանձնահատուկ 30 տարիների ամբողջ պատմության ընթացքում։ Օրվա երկրորդ կեսին քաղպաշտպանությունը և պատսպարումը հիմնված էր անօդաչու թռչող սարքերից պատսպարվելու պահանջի վրա», - նշեց նա:

«Ազատության» հարցին, թե կա՞ հաշվարկ, թե որքան զոհ է ունեցել ադրբեջանական կողմը գիշերվա հարձակման հետևանքով, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ ֆոտոապացույցներով այս պահին 10 դիակի դուրսհանման մասին են տեղյակ. - «Եվ եթե հաշվենք, որ այստեղ 10-ն են, կան այլ տեղանքներ, որտեղից հանված չեն, ինչու չէ նաև բոլոր զոհվածները չէ, որ միանգամից մնացել են դաշտում, շատ զոհեր կարող էին իրենց հետ տանել անհաջողության մատնված, բայց չզոհված զինծառայողները, ինչպես նաև բոլորը չէ, որ միանգամից զոհվում են: Ես չեմ ուզի շատ տպավորություն ստեղծվի, որ այդ 100-ն էլ գլխովին ջախջախվել են, բայց ստացվում է, որ զգալի թվով կորուստ է կրել մոտ 100 հոգանոց խումբը` դա կարող է լինել մինչև 25, 30 կամ 40 տոկոս»:

Ինչ վերաբերում է սահմանին ներկայումս տիրող իրավիճակին, Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ կեսօրից հետո սկսվել և մինչև 19:30 ԱԹՍ-ների հարվածներն են շարունակվել, այս պահի դրությամբ համեմատաբար հանգիստ է. - «Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրենց զբաղեցրած դիրքերը, հսկողության տակ են պահում, դիտարկում են բավականին լավ հակառակորդի բոլոր տեսակի շարժերը` օդային, թե ցամաքային և պատրաստ են ցանկացած ոտնձգության»:

Ավելի վաղ Իջևանում կայացած ճեպազրույցի ընթացքում Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Տավուշի մարզի Մովսես, Այգեպար գյուղերի ուղղությամբ անցած գիշեր ադրբեջանական զինուժի ձեռնարկած դիվերսիոն հարձակման հետևանքով հակառակորդի կորուստները կազմել են մինչև 20 հոգի, գիշերվա մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր, վիրավորներ չունի։

XS
SM
MD
LG