Մատչելիության հղումներ

Դիվերսիոն ներթափանցման փորձ է կանխվել, հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի


Այս գիշեր Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատներն ավելի քան 100 հոգանոց կազմով հերթական դիվերսիոն հարձակումն են գործել Տավուշի ուղղությամբ՝ «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստը սկսեց այս հայտարարությամբ, շտապելով տեղեկացնել՝ հարձակման փորձը կասեցվել է, հայկական կողմը զոհեր չունի:

«Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և D30 հաոբից: Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել «Անվախ» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն Հայաստանի զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղվել և իրավիճակն առել լիակատար վերահսկողության տակ: Ուզում եմ ընդգծել, որ մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան», - հայտարարեց վարչապետը:

Արդեն օրվա երկրորդ կեսին Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ հակառակորդի մարտական անօդաչու սարքի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։ Ավելի ուշ ՊՆ-ից հայտնեցին, որ Ադրբեջանը, նորից խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառում է հարվածային Անօդաչու Թռչող Սարքեր, այդ թվում՝ նաև բնակավայրերի ուղղությամբ։

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած երկու օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 11 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ: Կառավարության նիստում այսօր մեկ րոպե լռությամբ հարգեցին մեր զոհերի հիշատակը։

«Խոնարհվում եմ ձեր առջև», - ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուրում» զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությանը մասնակցելիս անուն առ անուն նշեց բոլոր զոհվածներին՝ ընդգծելով՝ վարչապետից մինչև փոքր գործարար, նախագահից մինչև հոգևորական պետք է ավելացնեն պատասխանատվության բաժինը նահատակված զինվորների պատասխանատվությունը գետնին չթողնելու համար:

«Մենք պետք է ամուր կանգնենք այս հողի վրա այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին ամուր կանգնած են մեր հերոս եղբայրները, ովքեր այսօր մարտի դաշտում հայրենի հողը պաշտպանելիս խոսում եմ Սարդարապատի հերոսների, Արցախյան ազատամարտի հերոսների, ապրիլյան պատերազմի հերոսների անունից», - ասաց Փաշինյանը:

Ի դեպ, այսօր նաև Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը զգուշացրեց, որ Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, այսօր Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել»։ Հայաստանի ՊՆ պնդում է, որ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել։

ՊՆ խոսնակից տեղեկանում ենք նաև, որ նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ, ներկայացրել է պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել է, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր, հայտարարել, որ Հայաստանի սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են։

Նկատենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատում է միայն մեկ զոհի՝ զինվոր Նազիմ Իսմայլովի մասին լուրը: Ադրբեջանական աղբյուրները հերքում են նաև, թե գիշերվա ընթացքում դիվերսիոն հարձակում են ձեռնարկել հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայաստանի արտգործնախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ևս գրառում է արել սոցիալական ցանցերում՝ ընդգծելով. «Ագրեսիվ գործողությունը տեղի է ունեցել մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության խախտմամբ և սահմաններին հարաբերական անդորրի հաստատումն արձանագրող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հուլիսի 15-ի հայտարարությունից հետո: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում և այժմ ձեռնարկում է արկածախնդիր և ոչ կշռադատված քայլեր, որոնց համար պատասխան է տալու նաև սեփական ժողովրդի առջև։ Ստեղծված իրավիճակում հրամայական են հրադադարի անվերապահ և լիակատար վերականգնման, պահպանման և ամրապնդման ջանքերը», - հայտարարում է խոսնակը՝ հավելելով ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ։

XS
SM
MD
LG