Մատչելիության հղումներ

Խոցվել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր. ՊՆ


Հայկական ուժերը հրետակոծում են ադրբեջանցիների դիրքերը, 13-ը հուլիսի, 2020թ.

«Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը», - Ֆեյսբուքում գրում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը՝ հրապարակելով համապատասխան տեսանյութ:

Այսօր առավոտյան Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ գիշերը կանխվել է ադրբեջանցիների դիվերսիոն ներթափանցման փորձը, ինչին հաջորդել է Տավուշի մարզի Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ զրույցում ներկայացրել է գիշերը Հայաստանի պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։ «Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են», - փոխանցել է ՊՆ խոսնակը:

Շուշան Ստեփանյանի վկայությամբ՝ «հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այսօր ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի»:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հաջորդած երկու օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 11 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

Երեկ սահմանին հարաբերական անդորր էր:

XS
SM
MD
LG