Մատչելիության հղումներ

Տավուշի բոլոր գյուղերում գիշերը հանգիստ և խաղաղ է անցել


Տավուշի մարզի Չինարի գյուղի համայնապատկեր, արխիվ

Տավուշի բոլոր գյուղերը հանգիստ են եղել և խաղաղ ամբողջ գիշեր, ոչ մի միջադեպ չի գրանցվել: Այս մասին վաղ առավոտյան «Ազատությանը» փոխանցեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իրավիճակը, մարզպետն արձագանքեց. - «Ընդհանրապես, բոլոր մեկնաբանություններում ես խոսում էի մեր բնակիչների խաղաղության և ոչ խուճապային տրամադրության մասին այդ բնակավայրերում: Բնականաբար, այս գիշերից հետո, որ իսկապես շատ խաղաղ է, կարծում եմ, մարդիկ այսօր ավելի, այսպես, լիաթոք կվերադառնան իրենց առօրյա կյանքին»:

«Շնորհակալություն մեր բանակին, Զինված ուժերին՝ այս խաղաղությունը պարգևելու համար: Ես կարծում եմ, որ դա մեր Զինված ուժերի պրոֆեսիոնալ գործողության արդյունք է», - հայտարարեց Հայկ Չոբանյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանն առավոտյան Ֆեյսբուքում գրել է. - «Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։ Այժմ սահմանին հարաբերական անդորր է»։

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին կեսօրից հետո, երբ, Հայաստանի պաշտպանության նախարարության վկայությամբ, ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Կողմերը հրետանային կրակ են կիրառում, Ադրբեջանը հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ են ստացել երեք զինծառայողներ և սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ:

Հայկական կողմը երեկ հաղորդեց ադրբեջանական զինուժի կողմից Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության թիրախավորման մասին: Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտեց այդ գործողությունները՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով դրանց վրա:

XS
SM
MD
LG