Մատչելիության հղումներ

Ծառուկյանի կալանքի հարցի քննությունը հետաձգվեց՝ պաշտպանների միջնորդությամբ


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Երևանի դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ, 17-ը հունիսի, 2020թ.
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Երևանի դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ, 17-ը հունիսի, 2020թ.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կշարունակի այսօր՝ ժամը 16:30-ին։ Երեկ ուշ երեկոյան դատական նիստից հետո այդ մասին տեղեկացրեց Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը:

Ինքը՝ Ծառուկյանը, ելնելով դատարանի շենքից, հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ ասելով՝ հարցերին իր փաստաբանները կպատասխանեն։

Պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց՝ Ծառուկյանի կալանքի հարցի քննությունը հետաձգվել է պաշտպանական կողմի միջնորդությամբ։

«Էս պահին շատ քիչ ասելիք ունենք, քանի որ պաշտպաններս նոր ենք ներգրավվել, ներկա պաշտպաններս նոր ենք ներգրավվել քրեական գործին, ժամանակ ենք խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար, որպեսզի կարողանանք լիարժեք պաշտպանություն իրականացնել», - ասաց փաստաբանը: - «Վաղը ժամը 16:30-ին կշարունակվի դատական նիստը, վաղվա նիստից հետո ըստ իրավիճակի նաև կմեկնաբանենք, կպատասխանենք ձեր հարցերին: Էս պահին ուղղակի որևէ տվյալ չունենք գործի նյութերից, որպեսզի հստակ տեղեկատվություն հայտնենք»:

Ավելի վաղ, ի դեպ, դատարանի տարածք էր ժամանել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որը հիմա «Հայրենիք» կուսակցության նախագահն է: Նրան էին միացել նաև ՀՅ Դաշնակցության ու «Մեկ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները։ Ինչպես Վանեցյանը ձևակերպեց, իրենք եկել են դատարանի տարածք՝ քաղաքական համերաշխություն հայտնելու Ծառուկյանին։ Վանեցյանը համոզված է՝ Ծառուկյանին առնչվող քրեական գործերը միանշանակ քաղաքական են։

«Փորձ է արվում քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու: Երբ գլխավոր դատախազը ներկայացրեց մեղադրանքները, որևէ կերպ չկարողացավ համոզել թե՛ հանրությանը, թե՛ ինձ, որ մեղադրանքը հիմնավոր է», - հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրենը:

Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն Ազգային անվտանգության ծառայությունն է ներկայացրել: ԲՀԿ առաջնորդը, ըստ նրա փաստաբանի, մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքը խոչընդոտելու համար: Նույն այդ քրեական գործով Ծառուկյանը երեքշաբթի օրը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը ներկայացրել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Դատախազն իր միջնորդությունում նշել է, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում «Երևանշին» ընկերությունում խուզարկության ընթացքում են հայտնաբերվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր:

«Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանը, ով մեղադրվում է Վերմիշյանին 5 հազար դոլար կաշառք տալու մեջ, ցուցմունք է տվել այն մասին, որ Ծառուկյանը 2017-ին իրեն առաջարկել է մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ ապահովի 9 հազար ձայն: Այդ պայմանավորվածության համաձայն, Ծառուկյանի բիզնես կառավարիչ Սեդրակ Առուստամյանից և ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանից ստացել է 10 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամներ, որոնք պետք է բաժանվեին ընտրողներին:

Բացի այս քրեական գործից, ԱԱԾ-ում Ծառուկյանին առնչվող ևս երկու քրեական գործ է հարուցվել։

Դրանցից մեկը Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մաս կազմող «Օնիրա Քլաբ» ընկերությանն է վերաբերում։ Ըստ ԱԱԾ-ի՝ Հայաստանի տարբեր վայրերում շահումով խաղերի, խաղատան բիզնես իրականացնող այս ընկերությունն առանց լիցենզիայի է գործել՝ պետությանը պատճառելով մոտ 30 միլիարդ դրամի կամ 60 միլիոն դոլարի վնաս։ Մեկ այլ դրվագով էլ, համաձայն պաշտոնական հաղորդագրության, «Օնիրա Քլաբ»-ը մոլորության մեջ է գցել պատկան մարմիններին և պետությանը զրկել 40 միլիարդ դրամի չափով ներդրումից:

Իսկ մյուս քրեական գործը Ծառուկյանի հայրենի Առինջի պաշտոնատար անձանց գործողություններին է վերաբերում։ Այս դեպքում նրանք, ըստ ԱԱԾ-ի, պետությանն էական վնաս են պատճառել, երբ գյուղատնտեսական նշանակության հողատարածքը Ծառուկյանին պատկանող «Ֆիրմա Նյու» ընկերության կողմից օգտագործվել է որպես արդյունաբերական նշանակության, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է գրեթե 380 միլիոն դրամի կամ 804 հազար դոլարի վնաս։

ԲՀԿ-ականները շարունակում են պնդել՝ քրեական գործերը շինծու են, և Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Իշխող ուժից էլ հորդորում են հարցը դիտարկել իրավական հարթությունում, շեշտելով՝ ընտրակեղծարարությունը լուրջ հանցանք է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG