Մատչելիության հղումներ

«Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ». Ծառուկյանը գնում է հարցաքննության


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ իր նկատմամբ քաղաքական ճնշում է իրականացվում: Այսօր նրա Առինջում գտնվող առանձնատանը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն իրականացնում են խուզարկություն` ըստ ԲՀԿ-ական պատգամավորների: Այստեղ իր համախոհների առջև ունենալով Ծառուկյանը նշեց, որ հետ չի կանգնելու պայքարից:

«Այսօրվա այս պահը սարքած է, այո, քաղաքական է, ուզում են ճնշում գործադրել, շանտաժ, բայց ես ասում եմ որպես Ծառուկյան Գագիկ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ, ինչ ուզում է սարքեն, չսարքեն, չորը մարդուն չի կպչում:

15 թվականից ամեն ինչ առաջարկել են, չեմ համաձայնել, այսօր էլ առաջարկել են, չեմ համաձայնել, 2 տարի ոչ մի բան, բոլորը ձախողել են, այսօր մարդիկ համապատասխան իրենց տեղերում չեն, բոլորը ձախողված են», - համոզված է Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ խմբակցության ղեկավարը նաև ասաց, որ հիմա ինքը գնում է հարցաքննության:

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արման Աբովյանը, Գևորգ Պետրոսյանը, Իվետո Տոնոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեցին, որ իրենք գտնվում են Գագիկ Ծառուկյանի առանձնատանը` Առինջում, որտեղ Ազգային անվտանգության աշխատակիցները, նրանց պնդմամբ, խուզարկություն են իրականացնում: Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե որքանով ինքն է տեղյակ, խուզարկությունն առնչվում է 2017թ. ընտրություններում Գեղարքունիքի մարզում իրենց պատգամավորության թեկնածուներից մեկի ֆինանսական հարցերի հետ:

Այնուհետև Ազգային անվտանգության ծառայությունը հանդես եկավ հայտարարությամբ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության մասին: Համաձայն այդ հաղորդագրության` այդ ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս:

XS
SM
MD
LG