Մատչելիության հղումներ

ԱԺ-ն Ծառուկյանի դեմ քրեական հետապնդում սկսելու համաձայնություն տվեց


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում, 16-ը հունիսի, 2020թ.
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում, 16-ը հունիսի, 2020թ.

Այսօր կայացած փակ, գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովը համաձայնություն տվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն:

Քվեարկությանը մասնակցած բոլոր 87 պատգամավորները կողմ քվեարկեցին:

Հիշեցնենք, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներից խորհրդարանի նիստին ներկա են և քվեարկությանը մասնակցեցին 86-ը՝ բացակա են Թագուհի Թովմասյանը և Սասուն Միքայելյանը: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը մասնակցեց քվեարկությանը:

Հաջորդիվ անցկացվելու է քվեարկությունը ԲՀԿ առաջնորդին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցով:

Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի, երկու որոշումներն էլ ընդունվում են ձայների մեծամասնությամբ, եթե գաղտնի քվեարկությանը մասնակցում է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր ներկայացրած միջնորդությամբ հայցում է խորհրդարանի համաձայնությունը Գագիկ Ծառուկյանին 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելը կազմակերպելու մեղադրանք առաջադրելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ:

XS
SM
MD
LG