Մատչելիության հղումներ

Խիստ կարանտինը միլիոնավոր կյանքեր է փրկել


Վինսենտ Վան Գոգի թանգարանի այցելուները «Արևածաղիկները» կտավի մոտ սոցիալական հեռավորություն են պահպանում, Ամստերդամ, 1 հունիսի, 2020թ.

Կորոնավիրուսով ախտահարվել է ավելի քան 8 միլիոն մարդ։

«Թեստ չանես, նոր հիվանդ չես գրանցի»

Հունիսի 16-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է շուրջ 1 միլիոն 129 հազար մարդ։ Մահացել է մոտ 440 հազար հիվանդ, ապաքինվել է ավելի քան 4 միլիոն 242 հազար ախտահարված։

Համավարակը մոլեգնում է Հարավային Ամերիկայում, շարունակվում է Միացյալ Նահանգներում և, կարծես թե, նորից սկսել է գլուխ բարձրացնել նոր կորոնավիրուսի ծագման վայր համարվող Չինաստանում։

Աննախանձելի վիճակագրությամբ առաջին տեղում Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակվել է մոտ 2 միլիոն մարդ, դա ախտահարումների ընդհանուր թվի 25 տոկոսն է։ Մահացել են 118 հազար 283-ը։ Նախագահ Դոնալդ Թրամփի փոխանցմամբ, ախտահարումների թվի աճը բացատրվում է այլ երկրների համեմատությամբ գերարդիական թեստերի անցկացման աննախադեպ ծավալով։

Ամերիկան ավելի շատ է թեստեր անցկացնում, դրանք ավելի կատարելագործված են, հետևաբար, վարակակիրների բացահայտումն էլ ավելի մեծ է։ Շատ երկրներում պարզապես չեն անցկացնում այդքան թեստեր, և, հետևաբար, թիվն էլ քիչ է։ «Եթե ստուգումներ չանես, նոր դեպքեր չեն լինի, եթե դադարեցնենք թեստերը, մեր երկրում էլ շատ փոքր թիվ կլինի կամ ընդհանրապես չի լինի»,- ասել է Թրամփը։

Բրազիլիա, Բրիտանիա, Իտալիա

Վարակակիրների թվով երկրորդն աշխարհում Բրազիլիան է՝ ավելի քան 891 հազար հիվանդ, ավելի քան 44 հազար մահ, դա մահացության երկրորդ ցուցանիշն է։

Բրազիլիային հաջորդում են Մեծ Բրիտանիան՝ ավելի քան 41 հազար 700 զոհ, Իտալիան՝ 34 հազար 371, Ֆրանսիան՝ 29 հազար 436, և Իսպանիան՝ 27 հազար 136։

Բայց Եվրոպայում արդեն թուլացնում են կարանտինը և բացում են սահմանները։ Վարակվածների թվով երրորդը Ռուսաստանն է՝ ավելի քան 545 հազար դեպք, մահերը համեմատաբար ավելի քիչ են՝ 7 հազար 284։

Գրեթե ամեն օր 100 հազար նոր ախտահարում

Վիրուսի տարածման տեմպն իրոք բարձր է։ Ահա Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի պարզաբանումը։

«Երկու ամիս է պահանջվել, որ համավարակի բռնկումից ի վեր ախտահարումների թիվը հասնի 100 հազարի, մինչդեռ, անցած երկու շաբաթում գրեթե ամեն օր գրանցվել է ախտահարումների 100 հազար նոր դեպք»,- ասել է ԱՀԿ ղեկավարը։

Նրա փոխանցմամբ, նոր դեպքերի 75 տոկոսը գրանցվում է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում և Հարավային Ասիայում, մինչդեռ աճում են թվերը նաև Աֆրիկայում, Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում և Մերձավոր Արևելքում։

Նույնիսկ այն երկրները, որտեղ, ձեռնարկել են վարակը զսպելու խիստ միջոցներ, հիմա պարտավոր են զգոն մնալ և կանխել երկրորդ ալիքի վտանգը։

Չինաստանում նոր դեպքեր

Չինաստանի մայրաքաղաքում անցած օրերին գրանցվել են կորոնավիրուսի տասնյակ նոր դեպքեր։ Իշխանություններն անմիջապես այդ թաղամասերում արգելքներ են սահմանել, 29-ը շրջան հատուկ հսկողության տակ են, մինչդեռ ավելի քան 50 օրվա ընթացքում ոչ մի նոր դեպք չէր եղել։

«Բայց Պեկինը մեծ քաղաք է, շատ դինամիկ և կապված, հետևաբար, միշտ կար վարակի նոր բռնկման մտահոգություն, մենք տեսնում ենք Չինաստանի իշխանության արձագանքը և ուշադրությամբ հետևում ենք»,- ասել է ԱՀԿ արտակարգ ծրագրերի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը։

Նոր Զելանդիան ազդարարել է համավարակը հաղթահարելու մասին, սակայն օրերս Բրիտանիայից ժամանած երկու մարդու մոտ կորոնավիրուս են ախտորոշել։

Լոքդաունը 11 երկրում երեք միլիոն մարդու կյանք է փրկել

Խիստ կարանտինը՝ լոքդաունը, ծանր հարված է հասցրել աշխարհի տնտեսությանը, սրել է սոցիալական անհավասարությունը, խաթարել է ուսումնական գործընթացը, աճել են ընտանեկան բռնության դեպքերը, ինքնասպանությունները, գործազրկությունը, աղքատությունը, թերսնումը, մեծ սթրեսի տակ են հայտնվել բուժհիմնարկները։

Դրանք այս պատուհասի արդյունքն են, բայց, ինչպես Nature հանդեսն է գրում, ըստ Լոնդոնի Արքայական քոլեջի մասնագետների, աշխարհում համավարակի բռնկումից սկսած մինչև մայիսի 4-ը լոքդաունը եվրոպական 11 երկրներում, այդ թվում` Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Բրիտանիայում փրկել է մոտ երեք միլիոն մարդու կյանք։

Լոքդաունը կանխել կամ հետաձգել է վարակման 62 միլիոն դեպքեր, որոնք, եթե չգործեին սահմանափակումները, հետագայում կհասնեին մոտ 530 միլիոնի։

«Եթե չլիներ լոքդաուն, կգրանցվեր էսպոնենտալ աճ, COVID-19 հիվանդության դեպքերի օրական ավելացումը կկազմեր 38 տոկոս։ 2020 թվականի առաջին ամիսների լոքդաունը փրկել է ավելի շատ կյանք, քան երբևէ հաջողվել է փրկել այդքան կարճ ժամանակահատվածում»,- ասել է Լոնդոնի Արքայական քոլեջի մասնագետների թիմի ղեկավար Սոլոմոն Սիանգը։

Նրա գործընկերը՝ Սեթ Ֆլաքսմանը, նախազգուշացնում է. պանդեմիան բնավ չի ավարտվել, այսօր ընդամենը պանդեմիայի սկիզբն է, ամռանը կամ աշնան առաջին շաբաթներին մեծ է երկրորդ ալիքի հավանականությունը, քանի որ աշխարհը սկսում է թուլացնել սահմանափակումները և վերականգնել տնտեսական ակտիվությունը։

Եթե առաջիկայում չստեղծեն պատվաստանյութ և հուսալի դեղամիջոցներ, ու երկրորդ ալիքը լինի ավերիչ, երկրները ստիպված կլինեն նորից վերականգնել խստագույն լոքդաունի ռեժիմ, իսկ դա արդեն կհանգեցնի ծանրագույն տնտեսական ճգնաժամի։

Պահպանե՛ք սոցիալական հեռավորություն և կրե՛ք դիմակներ

Ըստ վերլուծաբանների, այսօր մարդիկ պարզապես պետք է պահպանեն սոցիալական հեռավորությունը, կրեն դիմակներ և հետևեն արդյունավետությունն ապացուցած այլ կանոններին, որոնք սահմանում են միջազգային և տեղական առողջապահական կառույցները։

XS
SM
MD
LG