Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 8 միլիոնի


Ռուսաստան - Ազգային գվարդիայի զինծառայողները Մոսկվայի Կարմիր հրապարակում,14-ը հունիսի, 2020թ.

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 8 միլիոնի, որից ավելի քան 2 միլիոնը` Միացյալ Նահանգներում:

ԱՄՆ մի շարք նահանգներում վարակի նոր աճ է գրանցվել՝ Արկանզասի, Հյուսիսային Կարոլինայի, Տեքսասի և Յուտայի հիվանդանոցներ շաբաթ օրը ռեկորդային թվով հիվանդներ են ընդունվել:

Հիվանդների և մահացածների թվով երկրորդ երկիրը Բրազիլիան է` այնտեղ, ավելի վատթարացող իրավիճակի ֆոնին, բախումներ են ընթանում նախագահ Ժաիր Բոլսոնարուի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև: Ճգնաժամի լուծման համար չի բացառվում նաև բանակի ներգրավումը:

Չինաստանում, որտեղից կորոնավիրուսը սկսեց տարածվել ամբողջ աշխարհով, մեկ օրում Covid-19-ի 57 նոր դեպք է հայտնաբերվել: Սա երկրում ամենաբարձր ցուցանիշն է վերջին երկու ամսում: Պեկինի հարավային շրջանում, որի հետ կապված է նոր դեպքերի մեծ մասը, «պատերազմական ռեժիմ» է հայտարարվել:

«Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկիրը «վստահորեն» և «նվազագույն կորուստներով» դուրս է գալիս կորոնավիրուսի համաճարակից: Նոր դեպքերի թիվը, սակայն, չի նվազում՝ ամեն օր մոտ 8-9 հազար նոր դեպք է գրանցվում, իրավիճակը բարդ է հատկապես մարզերում: Վարակվածների թվով Ռուսաստանը աշխարհում երրորդ տեղում է:

ԱՄՆ Ջոնս Հոփքինս համալսարանի տվյալներով՝ կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտ 7 միլիոն 913 հազար է, մահացել է ավելի քան 433 հազար մարդ, բուժվել՝ շուրջ 3 միլիոն 778 հազարը:

XS
SM
MD
LG