Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսով ախտահարումների թիվը մոտենում է 7 միլիոն 400 հազարին


Կորոնավիրուսի թեստ Ռումինիայում, Բուխարեստ, 10 հունիսի, 2020թ.
Կորոնավիրուսի թեստ Ռումինիայում, Բուխարեստ, 10 հունիսի, 2020թ.

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է շուրջ 113 հազար մարդ

Հունիսի 11-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 7 միլիոն 380 հազար մարդ, մահացել է շուրջ 415 և կես հազար հիվանդ։ Վարակը գրանցվել է ավելի քան 210 երկրներում։

Վարակվածության և մահացության վիճակագրությամբ առաջին տեղում Միացյալ Նահանգներն է, որտեղ ախտահարվածների թիվը երեկ անցել է 2 միլիոնը։ Աճ է նկատվել հատկապես այն բանից հետո, երբ նահանգները սկսել են թուլացնել կարանտինը։

Ավելացումը բացատրվում է թեստերի թվի աճով։ Հունիսի 5-ին ավելի քան 545 հազար թեստ է անցկացվել։

Ենթադրվում է, որ առաջիկա շաբաթներին վարակակիրների թիվն էլ ավելի կաճի, ինչը կապված է սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված բողոքի զանգվածային ակցիաների հետ, որոնց ընթացքում սոցիալական հեռավորությունը որպես կանոն չի պահպանվել։

Ջոնս Հոփքինսի համալսարանի վերլուծաբանների փոխանցմամբ, Ամերիկայում կորոնավիրուսից մահացել է մոտ 113 հազար մարդ։

«Համավարակը որևէ պարագայում չի ավարտվել»

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախօրեին հայտարարել է, որ Եվրոպայում և Ասիայում արդեն ստեղծվում են կարանտինն աստիճանաբար թուլացնելու պայմաններ, բայց վիրուսը մոլեգնում է Հարավային Ամերիկայում։ Ըստ ԱՀԿ-ի, վիրուսի տարածումուը շարունակվում է ամբողջ աշխարհում։

«Համավարակը որևէ պարագայում չի ավարտվել, եթե վերցնենք անցած շաբաթվա թվերը, կտեսնենք, որ այն շարունակվում է։ Այն դեռ տարածվում է աշխարհի տարբեր շրջաններում»,- ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործադիր տնօրեն Մայք Ռայանը։

Կառույցի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը խոսել է նաև «ասիմպտոմատ» վարակակիրներից վիրուսի փոխանցման հնարավորության մասին։ Այս օրերին թեման շատ է արծարծվում, մեծ թվով մարդիկ վարակվում են, սակայն որևէ տհաճություն, ջերմություն, հազ, թուլություն չեն ունենում և վարակի մասին իմանում են միայն թեստի շնորհիվ։

Արդյո՞ք նրանք կարող են վարակը փոխանցել մեկ ուրիշին։ Գեբրեյեսուսն այդ կապակցությամբ ասել է, թե դեռ փետրվարի սկզբին է ԱՀԿ-ն հայտնել, որ ասիպմտոմ փոխանցումը հնարավոր է, սակայն հարցն առավել լավ հասկանալու համար պետք են հետազոտություններ, որոնք շարունակվում են։

ԱՀԿ ղեկավարի փոխանցմամբ, վիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներն են թեստավորումը, սիմպտոմներով հիվանդի մեկուսացումը, նրա հետ շփումներ ունեցողների բացահայտումն ու կարանտինը:

ԱՄՆ-ում պիկն ապրիլին էր

Կորոնավիրուսի առաջին դեպքը Միացյալ Նահանգներում գրանցվել է հունվարին։

Ապրիլի 28-ին ախտահարված է եղել մեկ միլիոն մարդ։ Ապրիլին օրական գրանցվել է միջինը 30 հազար դեպք, պիկը, փաստորեն, ապրիլին էր, քանի որ թեստերի 25-ից 50 տոկոսը դրական արդյունքով էր։ Մայիսին օրական գրանցվել է 23 հազար դեպք։

Վարակի ծագման վայր համարվող Չինաստանում այսօրվա դրությամբ ընդհանուր թիվը 83 հազար 57 է, մահացել է 4 հազար 634 մարդ, սակայն փորձագետները ենթադրում են, որ իրական թվերն ավելի մեծ են։

Կորոնավիրուսից տուժել է նաև ֆուտբոլը

Մինչդեռ, կորոնավիրուսից առավել տուժած երկրներից Իտալիայում վաղը պետք է տեղի ունենար ֆուտբոլասերների համար կարևոր իրադարձություն՝ ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության անդրանիկ հանդիպումը։

Դժբախտաբար, սպորտն էլ է դարձել համավարակի զոհը։ Այս տարվա մրցաշարը, որը նվիրված էր UEFA-ի հիմնադրման 60-ամյակին, պետք է անցկացվեր Հին մայրցամաքի տարբեր երկրներում։ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում վաղը` երեկոյան ժամը 7-ին, պետք է հանդիպեին Իտալիայի և Թուրքիայի հավաքականները։

«Իհարկե, ֆուտբոլը հանրության համար անհրաժեշտություն է, այն շատ կարևոր է մարզիկների և երկրպագուների համար, բայց երևի ճիշտ էր խաղերի հետաձգումը։ Բանականությունը հաղթեց»,- ասել է 29-ամյա ֆուտբոլասեր Լորենցո Ռումը։

Մեկ այլ երկրպագու ենթադրում է, որ կարելի էր խաղերն անցկացնել դռնփակ ռեժիմով՝ այնպես, ինչպես այսօր խաղում են եվրոպական ազգային լիգաներում։

«Կարծում եմ` հնարավոր էր ելք գտնել, երկրպագուները շատ կարևոր են, նրանց ներկայությունը գեղեցկացնում է խաղը, բայց կան տարբերակներ, կարելի էր առանց հանդիսականների խաղալ և խուսափել հանրության առողջության համար վտանգներից»,- ասել է 27-ամյա իտալացի Գուիդո Մաշան։

Եվրոպայի հավաքականները մրցաշարին պատրաստվել են մինչև մարտի կեսերը։ Մարտի 17-ին UEFA-ն որոշեց հետաձգել առաջնությունը։ Այն կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը։

Հանդիպումները տեղի կունենան եվրոպական 12 քաղաքներում։ Մրցաշարի աշխարհագրությունն ընդարձակ է՝ Դուբլինից մինչև Բաքու։

XS
SM
MD
LG