Նոր զելանդացիները այսօր գրկախառնվում են, համբուրվում, գնումներ կատարում, երեկույթներ պլանավորում, սրճարանների հաճախորդները սոցիալական հեռավորություն չեն պահպանում... Պատկերներ, որ աշխարհը վերջին ամիսներին գրեթե չի տեսել։
Առողջապահության նախարարությունը երեկ հայտնել է, որ երկրում վարակակիր չկա։ Ավելի քան երեք ամիս շարունակված սահմանափակումները ամբողջությամբ չեղարկվել են, պահպանվում է միայն սահմանի վերահսկողությունը, երեկ հայտարարել է վարչապետ Ջասինդա Արդերը` ասելով, թե այդ կապակցությամբ ուրախությունից պարել է։ Նա միասնության և գործարարությանն աջակցելու կոչ է արել՝ վերականգնելու համար երկրի տնտեսությունը։
Նոր Զելանդիան աշխարհի եզակի երկրներից մեկն է, որտեղ մարդկանց առաջ բացվեցին նաև մարզադաշտերը: Հանդիսատեսն առանց սահմանափակումների կարող է դիտել մարզական մրցումները, խաղերը, և ակնկալվում է, որ Ռեգբիի ազգային առաջնության խաղերին հազարավոր մարդիկ կայցելեն մարզադաշտեր։
Նոր Զելանդիան կորոնավիրուսի համավարակը հաղթահարած եզակի երկրներից է, բայց աշխարհում իրավիճակը լավատեսական չէ։ Ավելին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկրներին կոչ է արել շարունակել կորոնավիրուսը զսպելու ջանքերը` նշելով, որ համավարակի տարածումը աճում է, իսկ Կենտրոնական Ամերիկայում այն դեռ գագաթնակետին չի հասել։ Երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն ասել է, որ անցած կիրակի միայն մեկ օրում կորոնավիրուսի 136 հազար նոր դեպք է արձանագրվել, օրական կտրվածքով՝ ամենամեծ թիվը վերջին շրջանում։
Շատ երկրներ թուլացնում են սահմանափակումները, վերաբացում տնտեսությունն ու առևտուրը` դեռևս չհաղթահարծ համավարակը։ Նյու Յորքում կյանքը վերկանգնվում է կորոնավիրուսի պայմաններում։ Երեկվանից Նյու Յորքում զգալիորեն թուլացվեցին սահմանափակումները, վերաբացվում է առևտուրը, տնտեսությունը, շինարարությունը։ Ավելի քան 30 հազար շինարարական հրապարակներում վերսկսվելու է աշխատանքը, 400 հազարից ավելի մարդիկ վերադառնալու են ախատանքի, նրանց մեծ մասը աշխատում է շինարարության բնագավառում։ Նյու Յորքի տրանսպորտային համակարգի պաշտոնյաները հայտարարել են, որ մետրոպոլիտենը վերադառնում է մինչհամավարակային շրջանի գրաֆիկի 95 տոկոսի աշխատանքին։ Խանութներում առայժմ թույլատրվում է մի քանի հաճախորդների միաժամանակյա ներկայություն, նրանք պետք է դիմակ կրեն ու սոցիալական հեռավորություն պահպանեն։
Քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն ավելի վաղ հայտարարել էր, թե Նյու Յորքը սահմանափակումների թուլացման երկրորդ փուլին հնարավոր է պատրաստ լինի գալիք հուլիսին։ Նյու Յորքը կորոնավիրուսի համավարակի էպիկենտրոններից մեկն է, այնտեղ գրանցվել է 207 հազարից ավելի վարակակիր, սա կազմում է ամբողջ ԱՄՆ-ում հաստատված դեպքերի 10 տոկոսից ավելին։
COVID-19-ի տարածման տեմպերով վատթարագույն երկրներից մեկը Բրազիլիան է, որտեղ արձանագրվել է վարակվածների ամենաբարձր թիվն ԱՄՆ-ից հետո, իսկ մահվան դեպքերով Բրազիլիան անցավ Իտալիայից։
Վերջին տվյալներով` Բրազիլիայում վարակվածների թիվն անցել է 700 հազարը, մահացել է ավելի քան 37 հազար մարդ։ Այս անմխիթար վիճակագրության ֆոնին Բրազիլիայի առողջապահության նախարարությունը դադարեցրել է վարակակիրների և մահացածների ամբողջական վիճակագրության հրապարակումը։ Նոր մեթոդոլոգիան ամբողջական պատկերը չի արտահայտում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ ծրագրերի գործադիր տնօրեն Մայք Ռայանն ասել է, թե բրազիլացիների համար կարևոր է հասկանալ` որտեղ է վիրուսը և ինչպես կառավարել ռիսկերը։ ԱՀԿ-ն հույս է հայտնել, որ հաղորդակցությունը կլինի հետևողական ու թափանցիկ։
Մայք Ռայանը նաև նշել է, որ Կենտրոնական Ամերիկայում, ներառյալ Գվատեմալայում, կորոնավիրուսի դեպքերն աճում են, և ուժեղ կառավարման ու տարածաշրջանին միջազգային աջակցություն ցուցաբերելու կոչ է արել։
Իսպանիայում մոտավորապես երեքամսյա ընդմիջումից հետո կառավարությունը առաջին անգամ նիստ է անցկացրել` վարչապետ Պեդրո Սանչեսի և նախարարների ֆիզիկապես մասնակցությամբ։ Նրանք բոլորը դիմակով են եղել և սոցիալական հեռավորություն են պահպանել, դահլիճում նստել են միմյանցից որոշակի հեռավորության վրա։ Մարտի 14-ից ի վեր կառավարությունը նիստերն անցկացնում էր հեռավար կերպով։ Իսպանիան կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրներից մեկն է, ու մարտից շատ խիստ սահմանափակումներ էին մտցվել։ Դրանք սկսվեցին թուլացվել անցած մայիսից։
Իրավիճակը զգալիորեն բարելավվել է, երկուշաբթի օրը հաղորդվել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի 48 նոր դեպք է արձանագրվել:
Համաճարակի բռնկումից ի վեր Իսպանիայում կորոնավիրուսի 280 հազարից ավելի դեպք է հաստատվել, 27 հազարից ավելի մարդ մահացել է։ Հիվանդության պիկն ապրիլին էր: Չնայած այն հաղթահարվել է, բայց նաև ցույց է տվել, որ բժշկական սարքավորումները բավարար չեն։ Ակնկալվում է, որ հունիսի վերջին Չինաստանից կհասնի բեռնատար գնացքի շարակազմը, որը Իտալիա է բերում բժշկական սարքավորումների մեծ խմբաքանակ:
Իսպանայի կառավարության անդամներն այսօր նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել կորոնավիրուսից մահացածների հիշատակին։