Մատչելիության հղումներ

Դիմակները կարող են կանխել համավարակի նոր ալիքները, վստահեցնում են բրիտանացի գիտնականները


Դիմակները կարող են կանխել համաճարակի երկրորդ ալիքը

Դիմակների համատարած օգտագործումը՝ սոցիալական հեռավորության և կարանտինային միջոցների հետ համադրմամբ, կարող է կանխել կորոնավիրուսի համաճարակի նոր ալիքները: Այսպիսի եզրահանգման են եկել բրիտանական հեղինակավոր համալսարանների՝ Քեմբրիջի և Գրինվիչի գիտնականները:

Մեծ Բրիտանիայում անցկացված հետազոտության հեղինակները փաստում են, որ նույնիսկ տնային պայմաններում կարված դիմակները կարող են էականորեն նվազեցնել վարակի տարածումը, եթե դրանք լայնորեն տարածված լինեն բոլոր հանրային վայրերում: Գիտական խումբը գլխավորող Ռիչարդ Շթութը նշում է, որ եթե դիմակների համատարած կիրառումն ուղեկցվի սոցիալական հեռավորությամբ և որոշ կարանտինային քայլերով, ապա դա կարող է միանգամայն արդյունավետ միջոց դառնալ կորոնավիրուսի դեմ պայքարում՝ մինչև պատվաստանյութի ստեղծումը:

Ամերիկյան տասնյակ նահանգներում վարակը կրկին սկսել է սրընթաց տարածվել

Մինչև համաճարակի հնարավոր երկրորդ ալիքը, որը գիտնականները կանխատեսում են սահմանափակումների թուլացումից հետո մասնավորապես աշնանը, կորոնավիրուսի հետևանքով աշխարհում արդեն մահացել է ավելի քան 410 հազար մարդ, վարակակիրների թիվը հատել է 7 միլիոն 245 հազարի սահմանը։ Հիվանդացության և մահացության ցուցանիշներով Միացյալ Նահանգները շարունակում է լինել առաջինն աշխարհում՝ վարակակիրների թիվը երկրում հասնում է 2 միլիոնի, զոհվել է ավելի քան 111 հազար մարդ : Շաբաթներ տևած սահմանափակումները չեղարկելուց հետո Ամերիկայի ավելի քան երկու տասնյակ նահանգներում՝ այդ թվում Կալիֆորնիայում, վարակը կրկին սկսել է սրընթաց տարածվել, ավելացել է մասնավորապես հոսպիտալացվող հիվանդների թիվը:

ԱՄՆ - Յուտա նահանգի Ազգային գվարդիայի զինվոտականները Սպիտակ տան մոտ, 4-ը հունիսի, 2020թ.
ԱՄՆ - Յուտա նահանգի Ազգային գվարդիայի զինվոտականները Սպիտակ տան մոտ, 4-ը հունիսի, 2020թ.

Վարակը տարածվել է նաև Վաշինգտոնում հակառասիստական ցույցերի ժամանակ գործի դրված ԱՄՆ ազգային գվարդիայի զինվորականների շրջանում: Ուժային կառույցը, սակայն, չի հստակեցնում, թե քանի զինվորականի մոտ է կորոնավիրուս հայտնաբերվել, հայտնի է միայն, որ ամերիկյան մայրաքաղաքում ցույցերը ցրելուն մասնակցել է շուրջ 1,3 հազար զինվորական։

Համաճարակի ճիրաններում հայտնված բրազիլացիները վերադառնում են լողափ

Բրազիլիա - Ռիո դե Ժանեյրոյի լողափերից մեկում, 18-ը մայիսի, 2020թ.
Բրազիլիա - Ռիո դե Ժանեյրոյի լողափերից մեկում, 18-ը մայիսի, 2020թ.

Միացյալ Նահանգներին վարակակիրների ցուցանիշով հաջորդում է Բրազիլիան: Մասնագետները կասկածներ ունեն, որ այստեղ պաշտոնական վիճակագրությունը հեռու է իրական պատկերից՝ բավարար քանակությամբ թեստերի բացակայության պատճառով: Ըստ պաշտոնական տվյալների, այդուհանդերձ, հարավամերիկյան այդ երկրում արդեն 739 հազար մարդ վարակվել է, ավելի քան 38 հազարը՝ զոհվել։

Չնայած համաճարակային ծանր կացությանը՝ բրազիլացիները երեկվանից վերադարձել են Ռիո դե Ժանեյրոյի լողափեր, իսկ երկրի ամենախիտ բնակեցված Սան Պաուլու նահանգը վերաբացում է տնտեսությունը:

Կրեմլը պարզաբանում է համաճարակի զոհերի թվի կասկածելի վիճակագրությունը

Ռուսաստան - Կորոնավիրուսով վարակվածին հոսպիտալացնում են, Սանկտ Պետերբուրգ, 3-ը հունիսի, 2020թ.
Ռուսաստան - Կորոնավիրուսով վարակվածին հոսպիտալացնում են, Սանկտ Պետերբուրգ, 3-ը հունիսի, 2020թ.

Ռուսաստանը, որը հիվանդացության ցուցանիշով երրորդն է աշխարհում, հակառակն է պնդում՝ հնարավորինս շատ թեստավորում են իրականացնում և հենց այդ պատճառով էլ հայտնաբերում են ավելի շատ վարակակիրների՝ երկրում վարակի դեպքերի թիվը կես միլիոն է, մինչ օրս, ըստ պաշտոնական տվյալների, մահացել է 6 հազար 358 մարդ:

Զոհերի թվի պաշտոնական վիճակագրության շուրջ կասկածներին ի պատասխան Կրեմլը պնդում է՝ առողջապահական համակարգն արդյունավետ է աշխատում: Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ամերիկյան CNN հեռուստաընկերության լրագրողի դիտարկմանը, թե կասկածներ կան, որ Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը կարող է կեղծվել, պատասխանել է. - «Համաձայն չեմ դրան: Դուք երբեք չե՞ք մտածել այն մասին, որ ռուսաստանյան առողջապահական համակարգը կարող է ավելի արդյունավետ լինել, որն էլ թույլ է տալիս փրկել մեծ թվով մարդկանց»:

Եվրամիությունում վերացնում են որոշ հարևանների հետ սահմանային վերահսկողությունը

Եվրամիության երկրներում համաճարակի դեմ պայքարի որոշակի առաջընթացին զուգահեռ, մի շարք պետություններ շարունակում են բացել սահմանները: Ավստրիայի կառավարությունը հայտարարել է, որ արդեն հունիսի 16-ից ստուգումներ չի իրականացնի Իտալիայի հետ սահմաններին և կդադարեցնի պարտադիր կարանտինի պահանջը եվրոպական 30 երկրներից ժամանողների համար: Այդ մասին ասել է եվրոպական և արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ շեշտելով, որ որոշումը, սակայն, չի տարածվի Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի վրա։

Սահմանային ստուգումները հունիսի 15-ից կվերացնի նաև Գերմանիան՝ մասնավորապես Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի և Դանիայի հետ սահմաններին: Երկրի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեխոֆերի խոսքով՝ որոշումը կարող է վերանայվել, եթե համաճարակային իրավիճակը վատթարանա: Գերմանական կառավարությունը քննարկում է նաև Եվրամիության երկրներից սեզոնային աշխատողների մուտքի սահմանափակումները հունիսի 16-ից չեղարկելու հարցը, այդ որոշումը կարող է տարածվել մինչև 300 հազար բանվորների վրա՝ հիմնականում Լեհաստանից և Ռումինիայից:

Իսպանիան օրենքով ամրագրում է «նոր նորմալը»

Իսպանիա - Մադրիդի Ռիո զբոսայգում, 20-ը մայիսի, 2020թ.
Իսպանիա - Մադրիդի Ռիո զբոսայգում, 20-ը մայիսի, 2020թ.

Վարակակիրների թվով Եվրոպայում առաջին տեղը զբաղեցնող Իսպանիայի իշխանություններն այսօր օրենքով սահմանեցին երկրի կյանքը կարգավորող «նոր նորմալը», որը հատկապես վերաբերում է դիմակներ կրելու պարտադիր պահանջին: Օրենքի համաձայն՝ երկրում երեք ամիս տևած արտակարգ ռեժիմը առաջիկա շաբաթներին չեղարկվելուց հետո դիմակները պարտադիր կլինեն բոլոր փակ տարածքներում և բաց երկնքի տակ, որտեղ հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորություն։ Կարգազանցները կենթարկվեն 100 եվրոյի չափով տուգանքի:

Մարտից երկրում բռնկված համաճարակն արդեն 27 հազար մարդու կյանք է խլել, վերջին ամիսներին՝ կարանտինային խիստ սահմանափակումներից հետո, այդուհանդերձ, վարակի դեպքերը կտրուկ կրճատվել են, ընդհանուր ցուցանիշն այժմ շուրջ 290 հազար է։

XS
SM
MD
LG