Մատչելիության հղումներ

Ամերիկան և աշխարհը դատապարտում են Ֆլոյդի սպանությունը


Բողոքի ցույց Մինեապոլիսում, 7 հունիսի, 2020թ.

Ջորջ Ֆլոյդի հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 9-ին

Այսօր Մինեապոլիսի դատարան են բերվելու Դերեք Շովինը և սևամորթ կասկածյալ Ջորջ Ֆլոյդի սպանության հետ առնչություն ունեցող ևս երեք այլևս նախկին ոստիկանները։

Ֆլոյդին մայիսի 25-ին վայրագ եղանակով սպանելու հանգամանքը բողոքի հզոր ալիք է բարձրացրել Ամերիկայում և ամբողջ աշխարհում։

46-ամյա տղամարդուն ձերբակալել են կեղծ թղթադրամով առևտուր անելու համար, ոստիկան Շովինը, անտեսելով կասկածյալի աղերսները, ծունկը մոտ ինը րոպե պահել է նրա կոկորդին, ինչի հետևանքով նա խեղդամահ է եղել։

Սիեթլում ոստիկաններն արցունքաբեր գազով և լուսաձայնային նռնակներով են ցրել ցուցարարներին, ովքեր փորձել են ճանապարհին արգելապատնեշ ստեղծել։

Ցույցեր և երթեր են տեղի ունեցել ամերիկյան բազմաթիվ բնակավայրերում, այդ թվում` մայրաքաղաք Վաշինգտոնում։

Մինեապոլիսում սգո արարողությունից հետո Ֆլոյդի դին փոխադրել են ծննդավայր Հյուստոն, որտեղ վաղը նախատեսված է հուղարկավորությունը։

Բայդեն. «Թրամփը փորձում է մեզ պառակտել»

Նախկին փոխնախագահ, այս տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններում մասնակցելու հայտ ներկայացրած Ջո Բայդենը մեկնել է Հյուստոն, որտեղ մտադիր է անձամբ ցավակցություն հայտնել Ֆլոյդի ազգականներին և հանդիպել սևամորթների համայնքին։

Նա չի մասնակցի հուղարկավորության արարողությանը, բայց հատուկ տեսաուղերձով կդիմի ամերիկացիներին։

«Նախագահ Թրամփն ասել է, թե «Ֆլոյդը հիմա դրախտից նայում է ներքև և տեսնում է, թե ինչ լավն է մեր երկիրը»։

Մենք խոսում ենք մարդու մասին, ով դաժանաբար սպանվել է, նրան սպանել է անիմաստ վայրագությունը, խոշոր հաշվով նրան սպանել է այս նախագահի օրոք քաղցկեղի մետաստազների նման երկրով տարածված անարդարությունը մի ժամանակահատվածում, երբ նախագահը փորձում է մեզ պառակտել ռասայի, կրոնի, ազգության սկզբունքով։

Ֆլոյդի վերջին խոսքերն էին՝ «ես չեմ կարող շնչել», և երբ մի մարդ հորինում և ուրիշ խոսքեր է դնում հանգուցյալի բերանը, դա այլևս արհամարհանք է, ահա ամենը, ինչ պետք է իմանալ այդ մարդու մասին»,- ասել է Բայդենը։

Ավագանին ցանկանում է լուծարել ոստիկանության բաժանմունքը

Մինեապոլիսի քաղաքային խորհուրդը հայտարարել է ոստիկանության տեղական բաժանմունքը լուծարելու և նորը ստեղծելու անհրաժեշտության մասին։ Մինեապոլիսի քաղաքապետը դեմ է այդ նախաձեռնությանը։

«Մեր առաքելությունն է ամեն ինչ անել մեր համայնքի յուրաքանչյուր անդամի անվտանգությունն ապահովելու համար և ասել ճշմարտությունը, այն, որ Մինեապոլիսի ոստիկանությունը դա չի անում։ Մեր պարտավորությունն է վերջ տալ քաղաքի և ոստիկանության թունավոր հարաբերություններին, այս ոստիկանությունը և վերստեղծել համակարգ, որը կերաշխավորի հանրային անվտանգությունը, որն իրականում կպաշտպանի բոլորիս»,- ասել է Մինեապոլիսի ավագանու նախագահ Լիզա Բենդերը։

Ոստիկանները... ծնկի են գալիս

Ֆլոյդին խեղդելու կադրերը հեռախոսով նկարահանել է մի անցորդ։ Համացանցում տեղադրված տեսագրությունը րոպեների ընթացքում տարածվել է ողջ աշխարհով մեկ։

Ֆլոյդի սպանությունը վերածվում է Ամերիկայի արդարադատության համակարգը բարեփոխելու և սևամորթների նկատմամբ իրավապահների կողմնակալ ու դաժան վերաբերմունքին վերջ տալու շարժման։

Որոշ քաղաքներում ոստիկաններն իրենց համերաշխությունն են հայտնում ցուցարարներին և խորհրդանշական կարգով ծնկի են գալիս։

Ցույցեր բոլոր մայրցամաքներում

Սպանությունից մեկ-երկու օր անց բողոքի ալիքը տեղափոխվել է Կանադա, Եվրոպա, Հարավային Ամերիկա, Ասիա և Ավստրալիա՝ երկրներ, որտեղ առկա է ռասայական անհավասարության խնդիր։ Տեղի են ունեցել ցույցեր ու բախումներ։

Ֆրանսիացիները պահանջել են նորից քննել 2016 թվականի հուլիսին Ադամա Տրաորեի մահվան հանգամանքները։ 24-ամյա սևամորթ երիտասարդը, քննիչների պնդմամբ, մահացել է սրտի կաթվածից, սակայն երկրորդ ստուգմամբ պարզվել է, որ նրան խեղդել են։

«Դժբախտաբար, Ջորջ Ֆլոյդի սպանության դաժանությունն արձագանքում է նաև իմ սրտում։ Նա և կրտսեր եղբայրս նույն հանգամանքներում մահացան, երեք աժդահակ ժանդարմներ իրենց ողջ քաշով նստել էին եղբորս որովայնին ու խեղդել», - ասել է սպանվածի քույր Ասսա Տրաորեն։

«Մենք մեր Ջորջ Ֆլոյդն ունենք»

Այս օրերին բողոքի, համերաշխության ակցիաներ են Լոնդոնում, Բեռլինում, Համբուրգում, Դուբլինում, Պրահայում, Հռոմում, Բուդապեշտում, Վիեննայում, Մյունխենում։ Նույն անարդարության մասին են բարձրաձայնում Բրազիլիայում, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել ոստիկանների դաժանության դեմ ցույցին։

«Ես որդուս եմ կորցրել, նրան ոստիկաններն են սպանել, սա անտանելի ցավ է, հավիտենական տանջանք»,- ասել է մի անանուն որդեկորույս մայր։

Բողոքի ակտիվիստներն Ամերիկայում և ամբողջ աշխարհում պնդում են, որ այդ կարգի ողբերգությունների հիմքում ինստիտուցիոնալ ռասիզմն է։

«Մարդկանց հուշում են, որ կարելի էր սպանել, և դա ահավոր է»

«Աֆրոամերիկացիներն Ամերիկայի բնակչության 12-ից 13 տոկոսն են կազմում, բայց ոստիկանների կողմից սպանվածների մոտ 40 տոկոսն են։ Սա շատ մեծ անհամաչափություն է»,- ասել է իրավապաշտպան Բրեյն Դաննը։

Նրա համոզմամբ, թեպետ ռասայական խտրականությունն օրենքով արգելված է, իրականում այն կա. սպիտակամորթ ոստիկաններն ուժ են կիրառում առավելապես սևամորթ կասկածյալների նկատմամբ և հաճախ դա ինքնապաշպանությամբ են բացատրում։

«Հանրության ուղեղների լվացում է, մարդկանց ակնարկում են, թե տվյալ կասկածյալը հանցանքեր է կատարել անցյալում, բացի այդ, օրինակ, ասում են, որ նա լավ աշխատող չէր, լավ հայր չէր, ուրեմն, նրա կյանքը չունի նույն արժեքը, որն ունի մեկ այլ մարդու կյանք։ Եվ այդպես անուղղակի հուշում են, որ նրան կարելի էր կամ պետք էր սպանել,և դա ահավոր է, շատ վատ բան է»,- ասել է իրավապաշտպանը։

«Սա բոլորիս արթնացնող զանգ է»

Նախկին նախագահ Բարաք Օբաման տիկնոջ՝ Միշելի հետ տեսաուղերձով դիմել է այս տարվա շրջանավարտներին։

Ամերիկայի առաջին սևամորթ նախագահը խոսել է ռասայական ցավոտ խնդրի մասին։ Նա ասել է, որ Ֆլոյդի և նման հանգամանքներում սպանված այլ մարդկանց ողբերգությունը ստիպում է ըմբռնել, որ ինչ-որ բան այն չէ, կորոնավիրուսի պանդեմիայից բացի, կան այլ դժվարություններ՝ սոցիալական և տնտեսական անհավասարություն, պառակտում, քաղաքական համակարգի քայքայում, ոստիկանության բարեփոխումների ձախողում։

Այս ընդվզումները, նախկին նախագահի համոզմամբ, տասնամյակների հուսահատության արդյունք են։

«Նշանակությոն չունի, թե ինչքան ես փող ստանում, եթե շուրջդ սովյալներ են և հիվանդներ, մեր երկրի դեմոկրատիան աշխատում է միայն այն ժամանակ, երբ մենք մտածում ենք ոչ միայն մեր, այլև մեկս մյուսի մասին։ Որքան էլ վախենալու է և անորոշ այս ժամանակը, այն նաև բոլորիս արթնացնող զանգ է, սա ձեր սերնդին հնարավորություն ընձեռող ժամանակն է»,- ասել է նախկին նախագահը։

Երկրորդ աստիճանի սպանության մեղադրանք

Նախկին ոստիկան Դերեկ Շովինին ներկայացրել են երկրորդ աստիճանի սպանության մեղադրանք, որով նա կարող է դատապարտվել մինչև 40 տարվա ազատազրկման։

Մնացած երեք ոստիկաններին՝ Թոմաս Լեյնին, Ալեքսանդր Քենգին և Տու Տաոյին, մեղադրում են սպանությանն օժանդակելու մեջ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG