ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում ընդհանուր առմամբ արձանագրվել է Covid-19-ի ավելի քան 7 միլիոն 360 հազար դեպք, մահացել է շուրջ 416 հազար մարդ, ապաքինվածների թիվը մոտ 3 միլիոն 455 հազար է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պնդում է, որ երկրագնդի որոշ շրջաններում կորոնավիրուսի տարածումը շատ արագ է տեղի ունենում՝ աշխարհում բոլոր դեպքերի գրեթե կեսը Հյուսիսային և Հարավային Ամերիկայում է գրանցվում:
Օրվա կտրվածքով մահացության ամենաբարձր մակարդակը արդեն մի քանի օր է շարունակում է գրանցվել Բրազիլիայում:
ԱՄՆ որոշ նահանգներում Covid-19-ի դեպքերի աճի տեմպը նորից արագացել է:
Վիրուսը սկսել է արագ տարածվել Վենեսուելայում և Հայիթիում, որտեղ վարակի վիճակագրությունը մինչ այժմ նվազագույն էր:
Փորձագետները մտավախություն ունեն, որ վիճակը է՛լ ավելի կվատթարանա Հարավային Ամերիկայի երկրներում, որտեղ ձմեռ է եկել, և մոտենում է փոթորիկների շրջանը, քանի որ ցանկացած վարակ ձմռանը ավելի շատ է տարածվում:
Ըստ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր դը Ժունյակի, միջմայրցամաքային ուղևորատար թռիչքները դժվար թե վերսկսվեն տարեվերջից շուտ:
Հունիսի 15-ին Գերմանիան կբացի սահմանները Ֆրանսիայի, Ավստրիայի, Դանիայի և Շվեյցարիայի հետ: Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարը: Այնուամենայնիվ, Հորսթ Զեեխոֆերը զգուշացրել է, որ տեղաշարժի սահմանափակումները նորից կկիրառվեն, եթե այդ երկրներում վարակի դեպքերի թիվը վերստին աճի:
Իտալիայում կորոնավիրուսի զոհ դարձած մարդկանց 50 հարազատներ պաշտոնական բողոք են ներկայացրել իշխանությունների դեմ՝ նրանց մեղադրելով համաճարակի ընթացքում ոչ ճիշտ գործողություններ ձեռնարկելու մեջ: Բերգամոյի դատախազները պետք է հարցաքննեն նախարարներին: