Մատչելիության հղումներ

Սևամորթ Ֆլոյդի սպանությանը հաջորդած զանգվածային շարժումը՝ Թրամփի նախագահության լրջագույն ճգնաժամ


ԱՄՆ - Բողոքի զանգվածային ակցիա Փորթլենդում, Օրեգոն նահանգ, 4-ը հունիսի, 2020թ.

Մինեապոլիսում նախօրեին վերջին հրաժեշտը տվեցին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին, ում սպանությունը բողոքի զանգվածային ակցիաների, անկարգությունների պատճառ է դարձել Միացյալ Նահանգներով մեկ: Ցուցարարները պահանջում են արդարադատություն և բարեփոխումներ ոստիկանական համակարգում, չնայած սահմանափակումներին՝ մարդիկ շարունակում են փողոց դուրս գալ ռասայական խտրականության, ոստիկանական ամենաթողության, սոցիալական անհավասարության դեմ:

Ոստիկանի կողմից ձերբակալությունից հետո սպանված Ֆլոյդի հրաժեշտի արարողությունը երեկ վարում էր ամերիկացի հայտնի իրավապաշտպան և հոգևորական Ալ Շարփթոնը, սգո արարողությանը մասնակցում էին նաև սենատորներ, կոնգրեսականներ, դերասաններ, երաժիշտներ։ Իր ելույթում Շարփթոնը շեշտել է՝ Ֆլոյդը «փոխել է աշխարհը», հավելելով, որ եկել է ժամանակը՝ վերանայելու քրեական արդարադատության համակարգում ոստիկանության գործունեությունը և հաշվետվողականությունը։

Իրավապաշտպանները, ցուցարարները փաստում են, որ տասնամյակներ շարունակ Ամերիկայում ոստիկանությունն առանձնահատուկ դաժանությամբ է գործում, երբ թիրախում սևամորթներն են: «Մենք շարունակելու ենք պայքարը, Ջորջ», - ասել է Շարփթոնը:

Ամերիկյան իրավապահները 46-ամյա Ջորջ Ֆլոյդի մահը պաշտոնապես որակել են սպանություն: Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել մայիսի 25-ին, իրավապահները փորձել էին նրան ձերբակալել` կեղծ թղթադրամ շրջանառելու կասկածանքով: Ոստիկաններից մեկը մոտ 9 րոպե ծունկը սեղմած պահել էր նրա կոկորդին, անտեսելով տղամարդու աղերսները՝ դադարեցնել, քանի որ շնչահեղձ է լինում: Ֆլոյդի դիահերձումը ոչ միայն արձանագրել է, որ մահը վրա է հասել շնչահեղձ լինելու հետևանքով, այլ նաև հաստատել է կորոնավիրուսով վարակված լինելու փաստը՝ է՛լ ավելի բորբոքելով ռասայական և սոցիալական խտրականության դեմ բողոքի ցույցերը:

Իրավապահները նոր մեղադրանք են առաջադրել ողբերգությանն առնչություն ունեցած բոլոր չորս ոստիկաններին։ Սպիտակամորթ ոստիկան Դերեք Շովինը, ով ծնկով շնչահեղձ է արել Ֆլոյդին, մեղադրվում է մինչև 40 տարի ազատազրկում ենթադրող երկրորդ աստիճանի սպանության մեջ, մյուս երեք ոստիկանները մեղադրվում են սպանությանը մասնակից լինելու համար:

Ֆլոյդի սպանությանը հաջորդած աննախադեպ բողոքի ցույցերը վերջին երկու օրերին փոքր-ինչ հանդարտվել են, տասնյակ քաղաքներում դրանք շարունակվում են հիմնականում խաղաղ՝ ի տարբերություն շաբաթասկզբի, երբ մի շարք քաղաքներում տեղի ունեցան բախումներ, անկարգություններ, հրկիզումներ, թալան, բռնություններ: Ամերիկյան տասնյակ նահանգներում կարգուկանոնը վերականգնելու համար գործի էր դրվել Ազգային գվարդիան, որոշ քաղաքներում հայտարարվել էր պարետային ժամ։

Միացյալ Նահանգների գխավոր դատախազ Ուիլյամ Բարը երեկ հայտնել է, որ այդ բախումների ընթացքում վնասվածքներ են ստացել ոստիկանության ավելի քան հարյուր աշխատակիցներ: Նրա խոսքով՝ ցույցերի մեծ մասն անցնում է խաղաղ, իսկ բռնությունները հաճախ հրահրում են ինչ-որ ծայրահեղական տարրեր:

Ամերիկյան իրավապաշտպան կառույցները, մինչդեռ, նախագահ Դոնալդ Թրամփին և նրա վարչակազմին են մեղադրում իրավախախտումների մեջ: Քաղաքացիական պաշտպանության ամերիկյան միությունը՝ ACLU-ն և մի շարք այլ իրավապաշտպան կառույցներ դատական հայց են ներկայացրել նախագահական վարչակազմի դեմ՝ ցուցարարների սահմանադրական իրավունքները խախտելու մեղադրանքով, պնդելով, որ ոստիկանությունը գերազանցել է իր լիազորությունները, երբ Վաշինգտոնում Սպիտակ տան հարակից այգում արցունքաբեր գազի և ռետինե փամփուշտների կիրառմամբ ցրել է ցուցարարներին՝ ազատելով այգին, որտեղով նախագահ Թրամփը պետք է քայլեր եկեղեցի հասնելու և այնտեղ Աստվածաշունչը ձեռքին նկարահանվելու համար:

Վերջին շաբաթվա ընթացքում երկրով մեկ տեղի ունեցող բողոքի զանգվածային ցույցերը Թրամփի նախագահության թերևս լրջագույն ճգնաժամն է: Ընդ որում, այն տեղի է ունենում նոյեմբերյան նախագահական ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ՝ կորոնավիրուսի համաճարակի ֆոնին, որի հետևանքով միլիոնավոր մարդիկ դարձել են գործազուրկ, տնտեսությունն էլ հայտնվել է ծանր վիճակում:

XS
SM
MD
LG