Մատչելիության հղումներ

ԱՄՆ ողջ տարածքում մեկնարկել է տնտեսության մասնակի վերագործարկման պրոցեսը


ԱՄՆ - Ռեստորան Կալիֆորնիայի Փլեյսերվիլ քաղաքում, մայիս, 2020թ.
ԱՄՆ - Ռեստորան Կալիֆորնիայի Փլեյսերվիլ քաղաքում, մայիս, 2020թ.

Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում այսօր լուսադեմին հատել է 5 միլիոնի շեմը: «Համավարակի բռնկումից ի վեր COVID-19-ի հետևանքով ավելի քան 327 հազար մարդ է մահացել», - հաղորդում է Reuters գործակալությունը:

Հաստատված վարակակիրների և կորոնավիրուսի հետևանքով գրանցված մահերի ամենամեծ թիվն արձանագրած երկրում` Միացյալ Նահանգներում մայիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդ ավելի քան մեկևկես միլիոն մարդ կա, որոնցից կես միլիոնը` միայն երկու հարևան նահանգներում` Նյու Յորքում և Նյու Ջերսիում: Չնայած դրան` ամերիկյան իշխանությունները պնդում են, որ համաճարակի տարածման տեմպերը երկրում զգալիորեն կրճատվել են: Դա է պատճառը, որ մայիսի 25-ին նշվող Հիշատակի օրվա նախաշեմին մեկնարկած հանգստյան օրերին զուգահեռ, ԱՄՆ բոլոր 50 նահանգներում սկիզբ է առել տնտեսության` նախևառաջ սպասարկման ոլորտի մասնակի վերագործարկման պրոցեսը:

Կարանտինային սահմանափակումների վերացումն ու երկրում տնտեսության աշխուժացումն այժմ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում են: Հենց այդ նպատակով էր, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը նախօրեին ժամանեց Ֆլորիդա` այցի գրեթե ողջ ընթացքում ոչ միայն դիմակ չկրելով, այլև Մայամիի սրճարաններից մեկում չպահպանելով սոցիալական հեռավորության պահանջը:

Փենսի համոզմամբ` համաճարակը Միացյալ Նահանգների տարածքում աստիճանաբար նահանջում է:

«Ամերիկյան բոլոր 50 նահանգներում մեկնարկել է տնտեսության մասնակի վերագործարկման պրոցեսը: Թեև դեռ շատ անելիք կա, այնուհանդերձ, լույսը թունելի վերջում արդեն իսկ նշմարվում է», - հայտարարում էր ԱՄՆ փոխնախագահը:

Իսկ վերջին օրերին, ԱՄՆ-ում և Եվրոպայում իրավիճակի որոշակի կայունացմանը զուգահեռ, կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոնն աստիճանաբար սկսում է տեղափոխվել Լատինական Ամերիկա: Reuters-ի վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում շուրջ 700 հազար վարակակիր կա, որոնց գրեթե կեսը` մոտ 300 հազարը` Բրազիլիայում: Վերջին 24 ժամերին Հարավային Ամերիկայի խոշորագույն այս պետությունում կորոնավիրուսի 20 հազար նոր դեպք է հաստատվել, մահացության ցուցանիշը գերազանցել է 19 հազարը:

Չնայած դրան, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն շարունակում է դեմ արտահայտվել կարանտինին` պնդելով, որ կորոնավիրուսի վտանգը չափազանցված է: Նման իրավիճակում համաճարակի դեմ պայքարի ողջ ծանրությունը հայտնվում է տեղական իշխանությունների ուսերին: Սան Պաուլուի նահանգային իշխանություններն, օրինակ, ստիպված են եղել կաթոլիկական երկրի համար աննախադեպ մի քայլի դիմել` տեղաշարժելով տարվա ընթացքում նշվող կրոնական մի շարք տոները դեպի հաջորդ շաբաթ, որպեսզի միանգամից մի քանի օր շարունակ Սան Պաուլուի բնակիչներն ազատված լինեն աշխատանքի գնալու պարտադրանքից: Դա ըստ Սան Պաուլուի նահանգապետ Ժոաո Դորիայի, հնարավորություն կտա նվազագույնի հասցնել սոցիալական շփումը: Տեղական իշխանությունները, այդուհանդերձ, առայժմ չեն շտապում լիակատար կարանտին հայտարարել:

«Սան Պաուլուում գործող կարգավորումները բավական խիստ են, և դրանցից խստագույնը կարող է լինել լիակատար կարանտինը: Մինչև այդ քայլին գնալը, սակայն, մենք հուսով ենք և վստահ, որ մեր հայրենակիցները կհետևեն չճանապարհորդելու, տանը մնալու հրահանգներին, կհասկանան, թե որքան կարևոր է չվտանգել իրենց և իրենց հարազատների կյանքը: Եթե մեր այս հորդորները չկատարվեն, մենք արդեն ստիպված կլինենք անցնել համաճարակի զսպմանն ուղղված գործողությունների նոր փուլին», - հայտարարում էր Սան Պաուլուի նահանգապետը:

Չի բացառվում, ի դեպ, որ արդեն առաջիկա օրերին Բրազիլիան վարակակիրների ընդհանուր թվով առաջ անցնի Ռուսաստանից, որն այս ցուցանիշով առայժմ երկրորդն է Միացյալ Նահանգներից հետո:

Երեկ երեկոյան Ռուսաստանի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբը կորոնավիրուսի տարածմանը վերաբերող նոր վիճակագրական տվյալներ հրապարակեց, որոնց համաձայն՝ երկրի տարածքում 8 հազար 764 նոր վարակակիր է հայտնաբերվել, 9 հազար 262 մարդ ապաքինվել է: Ռուսաստանի առողջապահության նախարարության հավաստմամբ՝ համաճարակի սկզբից ի վեր սա առաջին օրն է, երբ ապաքիննածների թիվն ավելին է, քան նոր վարակակիրներինը:

Ասիական տարածաշրջանում կորոնավիրուսի դեմ պայքարում հերթական հաջողությունն է արձանագրում Ճապոնիան: 126 միլիոն բնակչություն ունեցող այս երկրում վարակակիրների ընդհանուր թիվը երկու անգամ ավելի քիչ է, քան 10-միլիոնանոց Բելառուսում կամ Շվեդիայում` շուրջ 16 հազար: Արձանագրված դրական դինամիկան է պատճառը, որ Ճապոնիայի կառավարությունն այսօր որոշեց վերացնել երկրի խիտ բնակեցված մի շարք շրջաններում գործող սահմանափակումների ռեժիմը:

«Այսօր մենք վերացնում ենք Կիոտոյի, Օսակայի և Հյոգոյի նահանգներում գործող արտակարգ դրությունը», - հայտարում էր Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:

Եվ մինչ կորոնավիրուսի տարածումը աշխարհի մի զգալի մասում ավելի ու ավելի վերահսկելի է դառնում, համաճարակի ուսումնասիրությամբ զբաղվող ամենահեղինակավոր հաստատություններից մեկը` Ջոնս Հոփքինսի համալսարանը, փորձել է վերլուծել կորոնավիրուսի մահացության ցուցանիշները: Ամերիկացի գիտնականների այս հետազոտությունից պարզ է դառնում, որ մահացության ամենաբարձր ցուցանիշը` վարակակիրների թվաքանակի և 100 հազար բնակչի համեմատ, արձանագրվել է Արևմտյան Եվրոպայում: Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Իտալիայի առողջապահական համակարգերին չի հաջողվել փրկել կորոնավիրուս ախտանիշով հոսպիտալացվածների 12-ից 15 տոկոսին: Համեմատության համար նշենք, որ Հայաստանում այս ցուցանիշը գրեթե տասն անգամ ավելի ցածր է` 1,3 տոկոս: 100 հազար բնակչին բաժին ընկնող կորոնավիրուսի մահերի թվով ևս Հայաստանը բավական ցածր ցուցանիշ ունի` 2,17` մոտ 18 անգամ ավելի ցածր քան Շվեդիայում, և 14 անգամ ցածր, քան Միացյալ Նահանգներում:

XS
SM
MD
LG