Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսն աննախադեպ արագ տարածվում է Բրազիլիայում, ԱՄՆ-ը մասնակի բացում է տնտեսությունը


Բրազիլիա - Բուժաշխատողները բուժօգնություն են ցուցաբերում կորոնավիրուսով վարակվածին, 18-ը մայիսի, 2020թ.
Բրազիլիա - Բուժաշխատողները բուժօգնություն են ցուցաբերում կորոնավիրուսով վարակվածին, 18-ը մայիսի, 2020թ.

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հերքում է Վաշինգտոնից հնչող մեղադրանքները, թե կառույցը ծայրաստիճան անարդյունավետ է արձագանքել կորոնավիրուսի համաճարակին:

Նախօրեին այդ կազմակերպության խոշորագույն ֆինանսավորող և առաջատար անդամ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, թե «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Չինաստանի խամաճիկն է»:

Գեբրեյեսուսը հերթական անգամ վստահեցել է, որ ԱՀԿ-ն արել է հնարավորը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Այս պնդումները, սակայն, առաջիկայում անկախ քննության առարկա կդառնան կառույցի անդամ երկրների կողմից, որոնք փորձում են պարզել, թե որքանով է եթովպացի բժիշկ Գեբրեյեսուսի ղեկավարած կազմակերպությունն արդյունավետ գործել չինական Վուհանում բռնկված վարակի տարածումը զսպելու համար:

Անցած դեկտեմբերից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվել է շուրջ 5 միլիոն մարդ, մահացու վարակը խլել է 325 հազարից ավելի մարդու կյանք:

Թե՛ վարակակիրների, թե՛ զոհերի թվով աշխարհում առաջին երկիրը Միացյալ Նահանգներն է՝ վարակված է 1 միլիոն 527 հազար մարդ, զոհվել է 92 հազարը: Շաբաթներ տևած հակահամաճարակային սահմանափակումների պատճառով երկիրը հայտնվել է տնտեսական աննախադեպ ծանր կացության մեջ, գործազուրկների թիվը հասել է 26 միլիոնի, կառավարության կանխատեսումներով՝ տնտեսության արտադրականությունը երկրորդ քառամսյակում կկրճատվի 11, իսկ տարվա կտրվածքով` ավելի քան 37 տոկոսով:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ երկրի 50 նահանգները վերջապես մասնակիորեն բացում են տնտեսությունը: «Ամերիկան վերադառնում է, հպարտությամբ ուզում եմ հայտնել, որ մեր տեղեկություններով` այսօրվա դրությամբ բոլոր 50 նահանգները մասնակի վերաբացում են տնտեսությունը», - ասել է ԱՄՆ փոխնախագահը:

Վարակակիրների թվով Միացյալ Նահանգներին հաջորդում է Ռուսաստանը, որտեղ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը փոքր-ինչ նվազել է անցած օրերին կայուն պահպանված 9 հազարի շեմից: Այսպիսով` 8 հազար 767 նոր դեպքերը վարակավածների ընդհանուր ցուցանիշը հասցրել են 308 հազար 700-ի, մինչ օրս կորոնավիրուսի հետևանքով զոհվել է 2 հազար 972 մարդ, որոնցից 135-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում:

Վարակն աննախադեպ արագությամբ է տարածվում Բրազիլիայում՝ մի քանի օրվա ընթացքում այդ երկիրը դարձել է վարակակիրների թվով երրորդը աշխարհում՝ շուրջ 272 հազար դեպքերը հայտնաբերվեցին գրեթե մեկ շաբաթվա ընթացքում, զոհերի թիվը հասնում է 18 հազարի, ընդ որում, ի տարբերություն Միացյալ Նահանգների և Ռուսաստանի, Բրազիլիայում բնակչության չնչին տոկոսն է թեստավորվում, համաճարակաբանների համոզմամբ՝ իրական թիվը կարող է մինչև եռակի ավելի լինել: Երկրի նախագահը, այդուհանդերձ, համառորեն պայքարում է սահմանափակումները հնարավորինս արագ չեղարկվելու համար՝ պնդելով, թե «վարակը բնակչության մեծամասնության համար վտանգավոր չէ», և հրաժարվելով երկրով մեկ խիստ կարանտին հայտարարել: Այս դիրքորոշման պատճառով Բրազիլիայում մեկ ամսվա ընթացքում առողջապահության արդեն երկրորդ նախարարն է հրաժարական տվել:

Եվրոպայում մահացության ցուցանիշով առաջատար Մեծ Բրիտանիայում զոհերի թիվը հասել է 35 հազարի, Միացյալ Թագավորությունում փորձում են փրկել ողջ մնացածներին, որոնց սպառնում է զանգվածային, ծավալներով աննախադեպ գործազրկություն: Մի քանի շաբաթվա ընթացքում աշխատանքը կորցրած բրիտանացիների թիվը հասել է 800 հազարի՝ սա ամենաբարձր թիվն է վերջին 25 տարվա ընթացքում: Ֆինանսների նախարարի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի տնտեսությանը սպասում է «դաժանագույն դեպրեսիա, որը չունի նախադեպը երկրի պատմության ընթացքում»:

Համաշխարհային բանկի կանխատեսումներով՝ աղքատություն, գործազրկություն է սպասում ոչ միայն Մեծ Բրիտանիային, այլև զարգացող երկրների շուրջ 60 միլիոն բնակիչների: Միջազգային ֆինանսական կառույցի գնահատականներով՝ համաճարակի պատճառով համաշխարհային տնտեսությունն առնվազն 5 տոկոս անկում կարձանագրի:

XS
SM
MD
LG