Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում շուրջ 5 մլն է, բուժվել է 1,9 մլն, զոհվել՝ մոտ 330 հազար մարդ


Ռուսաստանյան BIOCAD ընկերությունը կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութն է մշակում, 20-ը մայիսի, 2020թ.

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վերջին 24 ժամվա ընթացքում աշխարհում գրանցվել է Covid-19-ի դեպքերի նոր ռեկորդային աճ: Աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը շուրջ 5 միլիոն է, ապաքինվել է մոտ 1,9 միլիոն մարդ, համաճարակի զոհերի թիվը մոտենում է 330 հազարին, վկայում են Միացյալ Նահանգների Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները:

Առաջին անգամ Բրազիլիան նոր դեպքերի քանակով առաջ է անցել Միացյալ Նահանգներից: Համաճարակի ընթացքում մահացության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել Բրազիլիայում: Երկրի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Սան Պաուլուում հինգ օր «ոչ աշխատանքային» է հայտարարվել՝ համաճարակը զսպելու հույսով: Բրազիլիայի նախագահը չի հավատում կարանտիններին, բայց նրան հաջողվել է ԱՄՆ նախագահի նախընտրած հիդրօքսիքլորոքինն ընդգրկել Covid-19-ի բուժման համար առաջարկվող դեղերի ցանկում:

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, ով նույնպես չի հավատում կարանտիններին, բժիշկների հետ հանդիպմանը դիմակով է եկել և նրանց խոստացել դեղեր «երկրի դեղաբույսերից»:

Բելառուսում ըստ պաշտոնական թվերի 32 հազար վարակված կա, բայց բժիշկներն ու հիվանդներն ասում են, որ հիվանդանոցները գերհագեցած են:

Ուկրաինայում կարանտինն աստիճանաբար մեղմացվում է: Մայիսի 25-ին Կիևում կսկսի գործել մետրոպոլիտենը, և կբացվեն սահմանները Մոլդովայի և Եվրամիության երկրների հետ:

Ռուսաստանում առաջին անգամ Covid-19-ից բուժված մարդկանց թիվը գերազանցել է նոր վարակվածներինը: Մոսկվայի քաղաքապետ, այդուհանդերձ, այս ամսվա ընթացքում մահացության աճ է կանխատեսում:

Ռուսաստանում համաճարակային իրավիճակի մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Մյասնիկովն էլ «Սոլովյով LIVE»-ի YouTube-ի ալիքի լսարանին հայտարարել է. - «Ով պետք է մահանա, կմահանա»:

Ֆրանսիայում Covid-19 ախտորոշմամբ հոսպիտալացված հիվանդների թիվը շարունակում է նվազել, նվազում է նաև վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների թիվը՝ եթե մեկ շաբաթ առաջ այդ բաժանմունքներում 2.5 հազար հիվանդ կար, ապա վերջին տվյալներով նրանց թիվն այժմ մոտ 1,8 հազար է:

Համաշխարհային բանկի (ՀԲ) տնտեսագետները կանխատեսում են, որ կորոնավիրուսի համաճարակից հետո աշխարհում 60 միլիոն մարդ կարող է ծայրահեղ աղքատության մեջ հայտնվել: Համաշխարհային տնտեսության համար կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքները հավանաբար աղետալի կլինեն, երեկ ասել է ՀԲ նախագահ Դեյվիդ Մալպասը:

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով աշխարհի առաջատար տնտեսությունների աճն այս տարի կտրուկ դանդաղել է: Դեռևս մարտին, գրեթե 50 տարվա ընթացքում առաջին անգամ, Չինաստանում տնտեսական ակտիվությունն ընկավ, Եվրամիությունն այս տարվա արդյունքներով կանխատեսում է ՀՆԱ-ի ամենամեծ անկումը իր գոյության ամբողջ ընթացքում, իսկ ԱՄՆ-ի տնտեսությունը տասը տարի շարունակվող աճի փուլից դուրս է եկել:

XS
SM
MD
LG