Մատչելիության հղումներ

Վարակակիրների կեսը պարզապես չգիտի, թե ումից է վարակվել. «Նորք» ինֆեկցիոնի տնօրեն


«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, 10 մայիսի, 2020թ.

Այսօր Հայաստանում կորոնավիրուսով վարակված ու վերակենդանացման բաժանմունքում հայտնված 33 ծայրահեղ ծանր հիվանդ կա, նրանցից 7-ին միացրել են արհեստական օդափոխության սարքեր:

Երկրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 79-ով` հասնելով 3 հազար 392-ի, երեկ կատարվել է ավելի քանի 970 թեստ: Գրանցվել է մահվան ևս մեկ դեպք, մահացած անձանց թիվն արդեն 46 է:

«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնեմ, որ պացիենտը 69 տարեկան է եղել, տղամարդ, ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- «Ազատությանը» հայտնեց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը` հավելելով, որ երեկ բացի մահվան այս դեպքից, հաստատվել է ևս 2 մահվան դեպք, երբ հիվանդն ունեցել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով: Նման դեպքերի թիվը Հայաստանում արդեն հասել է 17-ի։ «Ազատությունը» հետաքրքրվեց՝ արդյո՞ք նախարարությունը սկսել է մահվան դեպքերի այլ մեթոդաբանություն վարել։ Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանի խոսքով` հաշվարկի տրամաբանությունն ի սկզբանե նույնն է.- «Մինչև այդ հաստատված դեպքերը, բնականաբար, կորոնավիրուսից են մահացել: Երբ որ մենք արդեն նման խնդիր ենք ունեցել, որ մահը լրիվ այլ պատճառով է վրա հասել, որոշել ենք վիճակագրությունը տարանջատել»:

Ինչպես երեկ ուղիղ հեռարձակման ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, միայն «Սուրբ Գրիգոր Լուսավորչում» ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների թիվը 70 է: Ըստ նախարարի` Հայաստանի ամենամեծ հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժնում նոր հիվանդների համար երեկ արդեն գրեթե տեղ չկար: Թորոսյանը նաև հայտնեց, որ Հայաստանը գտնվում է դեպքերի կրկնապատկման 15-օրյա փուլում, այս միտումի պահպանման դեպքում հունիսի 8-ին արդեն երկրում կլինի մոտ 12 հազար 700 կորոնավիրուսի դեպք:

Ալինա Նիկողոսյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք կա պլան Բ, թե ինչպես են գործելու, երբ Երևանում կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող ամենամեծ հիվանդանոցն ամբողջությամբ արդեն լցված կլինի:

«Այս պահի դրությամբ մահճակալների խնդիր չունենք: Այդ հիվանդները վերակենդանացման բաժանմունքում լինում են, հետո տեղափոխվում են բաժանմունք, այսինքն` դա շարժ է, այնպես չի, որ այդ մարդիկ ամիսներով այնտեղ մնում են: Բոլոր դեպքերի, բոլոր հնարավոր տարբերակների համար կան նախատեսված սցենարներ»,- նշեց նա:

«Նորքի» ինֆեկցիոնի գրեթե բոլոր սենյակները ևս զբաղված են, բայց ի տարբերություն «Գրիգոր Լուսավորչի»` այս կլինիկան ընդունում է բոլոր կասկածելի հիվանդներին, թեստավորում, բուժօգնություն ցույց տալիս, իսկ երբ արդեն հաստատվում է կորոնավիրուսը, հիվանդներն ուղարկվում են այլ բուժկենտրոններ:

«Ամբողջ հոսքը և տարանջատումը, տարբերակումը կատարվում է «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում»,- ասում է հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը: Նրա խոսքով` մարդիկ դիմում են իրենց և՛ կորոնավիրուսի առաջին իսկ նշաններն ունենալու դեպքում, և՛ երբեմն այդ նշաններն անտեսած` արդեն թոքաբորբի փուլում.- «Սկսում են 37, 37.2 ջերմությամբ դիմել: Ունենք դեպքեր, երբ որ մարդիկ զգում են համի ու հոտառության խանգարումներ, ևս դիմում են: Կամ ունեցել են կոնտակտ հստակ հաստատված դեպքի հետ և նշում են 37, ենթադրենք, ջերմություն»:

Արդյո՞ք հիվանդների մեծամասնության պարագայում հայտնի է, թե որտեղից են վարակվել, ըստ Մհեր Դավիդյանցի` դեպքերի գրեթե կեսի պարագայում վարակված մարդիկ պարզապես չգիտեն, թե ումից են վարակվել.- «Մոտավոր եթե վերլուծենք, մոտավորապես հավասար են դեպքերը, երբ որ պացիենտը նշում է կոնտակտ, և դեպքերը, երբ որ մարդիկ հստակ կոնտակտ չեն նշում»:

Երեկ հիվանդանոցներից դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված և ապաքինված 34 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 1359-ի։ Փաստացի այս պահին վիրուսից բուժվում է 1970 մարդ։

Չնայած բուժված մարդկանց թիվն անցել է հազարը, այնուամենայնիվ համաճարակային վիճակը գնալով բարդանում է, ասում է բժիշկ, համաճարակաբան Արման Բադալյանը։ Ըստ նրա` կորոնավիրուսի դեպքերի թվի նման աճը Հայաստանում պայմանավորված է մեծ թվով մարդկանց թեստավորման ու դեպքերի բացահայտման ջանքերի հետ, ինչպես նաև հասարակության անլուրջ վերաբերմունքի հետ ստեղծված վիճակին.- «Ամեն դեպքում ինքնին թեստավորման քանակը բերում է դեպի շատացման: Սա մի գաղափար: Երկրորդը` ես չեմ բացառում նաև մեր ազգաբնակչության վերաբերմունքն էլ այս ամենին, որովհետև օրեցօր տեսնում ենք, որ իմ անձնական կարծիքով` տագնապալից է վերաբերմունքն ընդհանուր առմամբ այս համավարակին, ես չեմ բացառում, որ դա էլ է նպաստել»:

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG