Մատչելիության հղումներ

Վերջին մեկ շաբաթում ամեն օր Հայաստանում կորոնավիրուսի 100-ից ավելի նոր դեպք է արձանագրվում


Կորոնավիրուսային հիվանդությունից 61 տարեկան կին է մահացել: Սա մարտի 1-ից՝ վարակի բռնկման պահից մահվան արդեն 44-րդ դեպքն է: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ 61-ամյա կինն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ քաղաքացիների մոտ հաստատվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 12 է։

Վերջին մեկ օրում հաստատվել է վիրուսի 146 նոր դեպք, 49 մարդ առողջացել է: Ընդհանուր առմամբ՝ մարտի 1-ից ի վեր Հայաստանում հիվանդության 3 հազար 175 դեպք է արձանագրվել, վարակակիրներից 1267-ն ապաքինվել է: Այս պահին հիվանդությունից փաստացի բուժվում է 1852 քաղաքացի:

Վերջին մեկ օրում 1192 մարդ է թեստ հանձնել, ընդհանուր առմամբ կատարվել է 30 հազար 397 թեստավորում:

Հայաստանում արտակարգ դրության սահմանափակումները մեղմվել են մայիսի 4-ից։ Գործում են բացօթյա սրճարանները, առևտրի կետերը, չի աշխատում, սակայն, հանրային տրանսպորտը:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամեն օր Հայաստանում հարյուրից ավելի վարակի դեպք է արձանագրվում։ Երեկ Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքում ծննդյան տարեդարձ է նշվել, որին մասնակցել է մի տղամարդ, ում կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Կաքավաձորի համայնքապետ Հայկ Բաղդասարյանն ասաց՝ խնջույքին մասնակցող վարակակիրը իրենց գյուղից չէ:

«Իրանց փեսեն Խանջյանից էր, ամսի 7-ին թեստ է հանձնել, չի սպասել, որ պատասխանը գա, տենա՝ ինչ պատասխան է, եկել է ամսի 8-ին ծնունդի: Մեր տվյալներով, ինքը էդ ծնունդի տեղն ա եղել, որ իրան ասել են, որ պատասխանը դրական է, ինքը թողել գնացել է: Ինքը միշտ դիալիզի է գնացել, բժիշկները վարակված են եղել, այդտեղից վարակվել ա», - ասաց Բաղդասարյանը:

Համայնքապետի խոսքով՝ ծննդյան տարեդարձի մասնակիցները ինքնամեկուսացված են: Բաղդասարյանը, սակայն, հստակ թիվ չնշեց, թե քանի հոգի են մասնակցել տոնին:

«Վայթեմ 4 հոգի, իմ իմանալով, չգիտեմ: Չեն ասում: Ասում էին մարդ չի եղել, հետո ճշտեցի, որ օրինակ՝ իրա մորքուրի տղեն ու էրեխեն եղել են», - ասաց Հայկ Բաղդասարյանը:

Իսկ թե արդյոք սահմանափակումներ կլինե՞ն այս համայնքում, առայժմ պարետի որոշում չկա:

Իսկ ահա Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի ելքն ու մուտքը պարետի որոշմամբ փակ է մայիսի 6-ից՝ 10 օրով։ Այստեղ էլ վարակի օջախ էր դարձել հուղարկավորության արարողությունը, որի հետևանքով կորոնավիրուսի ավելի քան 40 դեպք է արձանագրվել, «Ազատությանը» փոխանցեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Գեղարքունիքի մեկ այլ համայնքի՝ Վարդենիսի ելքն ու մուտքն այսօր ուշ երեկոյան արդեն կբացվի։ Այն փակ էր ապրիլի 22-ից։ Մարզպետն ասաց՝ վիրուսի տարածման սկզբնաղբյուրը պարզել դեռ չի հաջողվել:

«Մինչև այսօր այդպես էլ հստակ չդարձավ, թե մեր առաջին պացիենտը որտեղից կարող էր վարակվել՝ հաշվի առնելով, որ մինչև իր թեստի դրական արդյունք ունենալը մենք մարզում մոտ 40 թեստավորում էինք արել, որոնք բացասական էին եղել, բայց այնուամենայնիվ մենք ամբողջ շրջանակը կարողացանք պարզել և ըստ բժշկական ցուցումների մի մասին տեղափոխել հիվանդանոց, մի մասին հյուրանոցներ, և որոշ քաղաքացիներ էլ մնացին Վարդենիսում՝ ինքնամեկուսացման մեջ», - նշեց Սանոսյանը:

Ապրիլի 30-ից բաց են Շիրակի մարզի Մարալիկ և Ձորակապ համայնքների ելքերն ու մուտքերը։ Դրանք փակվել էին ապրիլի 18-ից, վիրուսը հայտնաբերվել էր Մարալիկի առողջության կենտրոնում՝ վարակվել էր 25 մարդ, որից արդեն 6-ն առողջացել են, «Ազատությանը» տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։ Ասաց նաև՝ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին 84 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 63-ը Շիրակի մարզից են: Հիմնական օջախներն են Անի խոշորացված համայնքն ու Գյումրին:

Լեռնային Ղարաբաղում վարակի նոր դեպքեր չեն արձանագրվել: Արցախի պարետատան մամուլի հարցերով պատասխանատու Տիգրան Աբրահամյանի փոխանցմամբ՝ այնտեղ մինչ օրս արձանագրվել է 10 դեպք, 6-ը բուժվել են, 15 հոգի մեկուսացված է։ Տեղաշարժի սահմանափակումներ են գործում Շահումյանի շրջանի երեք համայնքներում:

«Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքն է, Նոր Վերինշեն հայանքն է և Չափնի գյուղն է: Վերջին երկու քաղաքացիները, որ մի քանի օր առաջ էին գրանցվել, եղել են Նոր Վերինշեն համայնքից, նրանց հետ հնարավոր կոնտակտավորներ պարունակող համայնքներ են, որոնք մեր ապահովության համար տեղաշարժի սահմանափակում ենք մտցրել, ոնց որ դրանից մեկ ամիս առաջ եղել է Քաշաթաղի շրջանի երեք համայնքներում, Մարտակերտի շրջանում: Երբ անհրաժեշտ ժամանակահատվածը կանցնի, անհրաժեշտ թեստավորումներ կիրականացվեն և ախտահանման գործողություններ, ապա դրանից հետո արդեն նպատակահարմարությունը տեղաշարժերի սահմանափակման հանման արդեն քննարկելի կդառնա», - ասաց Աբրահամյանը:

Հայաստան-Արցախ անցակետերում սահմանափակումները պահպանվում են, ելումուտ հնարավոր է միայն պարետի սահմանած բացառությունների դեպքում: Աբրահամյանն ասաց նաև՝ հույս ունեն, որ արդեն հունիսին առաջին թեստավորումները Արցախում կիրականացվեն:

XS
SM
MD
LG