Մատչելիության հղումներ

Գրեթե հերոսական ջանքեր են պահանջվել, որ որևէ կալանավորի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել. նախարար


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ազգային ժողովում, 30-ը մարտի, 2020թ.

Գրեթե հերոսական ջանքեր են պահանջվել, որ մինչ այսօր որևէ կալանավորի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Այս մասին Ազգային ժողովում Կառավարության 2019թ. ծրագրի կատարողականի զեկույցի քննարկման ընթացքում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվում էր՝ ինչո՞ւ թույլ չեն տալիս բանտարկյալների հարազատներին հանձնուքներ փոխանցել, մինչդեռ բանտերի մոտ գտնվող խանութներից այդ ապրանքները գնել թույլատրվում է:

«Որևէ դատապարտվածի և որևէ կալանավորված անձի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, թեև քրեակատարողական ծառայողների շրջանում ունենք նմանատիպ դեպքեր, և պատկերացրեք երեկվա տվյալներով` մենք ունենք 2 հազար 142 դապարատված և կալանավորված անձ, և պատկերացրեք` եթե ազգակցականները բոլորը գան, հանձնուքներով միասին մտնեն քրեակատարողական ծառայություն, հնարավոր շփում լինի քրեակատարողական ծառայողների հետ, վարակի տարածման ինտենսիվության ինչ ցուցանիշներ կարող ենք ունենալ»,- ասաց Բադասյանը:

Նախարարը հիշեց նաև, որ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանից» պատգամավոր Անի Սամսոնյանը այս նույն հարցի քննարկման ժամանակ նախարարին մեղադրել էր այդ խանութների սեփականատերերին աջակցելու մեջ.- «Նույն ելույթով սխալ տեղեկություն եք հրապարակել, որ դեռևս 2 քրեակատարողական հիմնարկում է սննդի մատակարարման համակարգ գործում, 2 տվյալն էլ սխալ է եղել, 9 քրեակատարողական հիմնարկում է»:

Պատգամավորներն արդադարատության նախարարից հետաքրքրվեցին նաև՝ արդեն ուժի մեջ մտած ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի կիրառությունից: Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը ազդակներ է ստացել, որ ենթադրաբար նման սեփականություն ունեցողները սկսել են վաճառել իրենց գույքը, ի՞նչ է արվելու այս պարագայում.- «Սկսել են ապօրինի ծագում ունեցող գույքի մաքրման պրոցես, այսինքն` կեղծ գնորդների միջոցով փորձում են ձևակերպել, իբրև այն վաճառում են բարեխիղճ գնորդների»:

Նախարարն արձագանքեց.- «Իրականում ոչ մի բարեխիղճ ձեռք բերող առանց պատշաճ տարրական փաստաթղթերի ուսումնասիրության նման ռիսկի չի գնա, և մենք այդ իրավիճակը չենք ունենա: Բայց նշեմ նաև, որ փոցերի լվացման ընթացակարգերով որոշակի աշխատանքներ այնուամենայնիվ տարվում է, ձեռնարկ է պատրաստվում` որ դեպքերում այդ ազդակները ճիշտ մարմիններին ուղղորդվի, որպեսզի նման ռիսկերը չեզոքացվեն»:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը կատարվում է քաղաքացիական դատավարությամբ: Հիմնական գործընթացը հետևյալն է` պաշտոնատար անձի փաստացի գույքը համեմատվում է նրա օրինական եկամուտների հետ: Եթե քաղաքացին դատավարության ընթացքում չի կարողանում հիմնավորել 25 մլն դրամից ավելի գույքի օրինականությունը, ապա դատարանը կազմում է գույքի բռնգաձման մասին ակտ.- «Ինձ, օրինակ, որ հարցնեն հայտարարագրում հայտարարագրել ես իքս գույքը, որտեղի՞ց այդ գույքը քեզ, օրինական եկամուտներով հիմնավորվո՞ւմ է, թե՞ չէ, ինձ երկու օրից ավելի ժամանակ պետք չի, որ բոլոր վերաբերելի ապացույցները ծագման օրինականության մասին ներկայացնեմ»:

Նախարարը վիճակագրական տվյալներ ներակայացրեց ազդարարի ինստիտուտի մասին` արձանագրելով, որ այն Հայաստանում դեռևս այնքան էլ լավ չի գործում: 2019թ. 220 ազդարարում է ստացվել, որից 28.18 տոկոսը ստուգվել է օպերատիվ հետախուզական գործողություններով:

XS
SM
MD
LG