Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսն աշխարհում վարակել է արդեն հարյուր հազարավոր մարդկանց. Չինաստանում համաճարակը նահանջում է


Չեխիա - Մայրաքաղաք Պրահայի՝ սովորաբար զբոսաշրջիկներով լի տեսարժան վայրերն այժմ դատարկ են, մարտ, 2020թ.

Չինաստանում երրորդ օրն է՝ կորոնավիրուսով վարակի դեպք երկրի ամբողջ տարածքում չի արձանագրվել, 41 նոր դեպք է հաստատվել արտասահմանից ժամանած քաղաքացիների մոտ: Հուբեյ նահանգում, որտեղ բռնկվել էր համաճարակը, մահացել է 7 մարդ, շաբաթ օրը հայտարարել են տեղի իշխանությունները: Պաշտոնական Պեկինի տվյալները վկայում են վերջին շաբաթների ընթացքում վարակի դեպքերի նվազման մասին:

Անցած դեկտեմբերից՝ վարակի բռնկումից ի վեր Չինաստանում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 81 հազար մարդ, նրանցից 3 հազար 255-ը մահացել են:

Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականներով՝ Չինաստանի տնտեսությունը, չնայած առկա ռիսկերին, կենդանության նշաններ է դրսևորում: Չինական ընկերությունների մեծ մասը վերսկսել են արտադրությունը, աշխատողներից շատերը վերադարձել են աշխատավայրեր, նախօրեին հայտարարել է հիմնադրամը: Կառույցի փորձագետները, սակայն, մտավախություն ունեն, որ Չինաստանում համաճարակային իրադրությունը կարող է վատթարանալ ներքին և միջազգային ավիահաղորդակցության վերականգնումից հետո:

Իրավիճակը շարունակում է վատթարանալ Եվրոպայում: Ի տարբերություն Չինաստանի՝ կորոնավիրուսն այստեղ տարածվում է սրընթաց արագությամբ:

Իտալիան, որը համաճարակից ամենաշատը տուժած երկրներից է՝ ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհում, դեռևս հինգշաբթի օրը զոհերի թվով առաջ է անցել Չինաստանից, համաճարակի հետևանքով այստեղ զոհվել է ավելի քան 4 հազար մարդ: Միայն վերջին երեք օրվա ընթացքում Իտալիայում վարակն ավելի քան 1500 մարդու կյանք է խլել: Այս վիճակագրությունն ավելի մեծ է, քան Չինաստանում համաճարակի գագաթնակետին: Իսկ վերջին 24 ժամվա ընթացքում Իտալիայում զոհվել է 627 մարդ` սա ամենամեծ թիվն է արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր, շաբաթ օրը հայտարարել է երկրի Քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելին:

Չինական Կարմիր խաչի փոխնախագահ Սունյ Շուոպենը իտալական Լոմբարդիա նահանգ այցից հետո սուր քննադատություն է հնչեցրել տեղի իշխանությունների հասցեին՝ հայտարարված կարանտինի հարցում «ավելորդ մեղմ լինելու» համար: Մարդասիրական կառույցի ներկայացուցիչը հայտարարել է, որ կազմակերպչական աշխատանքը պետք է իրականացվի հիմնովին, իսկ մարդիկ պետք է մնան տներում: Չինացի պաշտոնյան նկատել է, որ համաճարակի ճիրաններում հայտնված շրջանում մեծ թվով բնակիչներ շարունակում են օգտվել հանրային տրանսպորտից, և քչերն են դիմակներ կրում:

Կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվն ամբողջ աշխարհում կազմում է շուրջ 11 հազար 500, վարակվածների թիվը, վերջին տվյալներով, հասել է 275 հազարի:

Մահացածների թվով Իրանը երրորդն է, նոր զոհերի թիվը՝ 123, մահվան դեպքերի քանակը հասցրել է 1550-ի: Երկրի Առողջապահության նախարարության խոսնակ Քիանուշ Ջահանփուրի խոսքով՝ անցած 24 ժամվա ընթացքում հաստատվել է վարակի ևս 966 դեպք: Իրանի պաշտոնական տվյալների համաձայն՝ վարակակիրների ընդհանուր թիվը երկրում ավելի քան 20 հազար 600 է:

Եվրոպական տասնյակ երկրներ, որոնք անցած շաբաթներին կոշտ միջոցներ են ձեռարկել վարակի տարածումը կանխելու նպատակով, առայժմ հաղորդում են դեպքերի ավելացման մասին՝ հարյուրավոր նոր վարակվածների մասին են հայտնում Իսպանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի իշխանությունները, մահվան դեպքերի ընդհանուր թիվն այս երկրներում արդեն մոտենում է 2 հազարին:

Ամերիկայում ևս՝ դեռևս անցնող շաբաթվա ընթացքում վարակի դեպքեր են արձանագրվել բոլոր նահանգներում: Կալիֆորնիայում արդեն արտակարգ դրություն է հայտարարվել, Նյու Յորքում, որտեղ վարակակիրների ամենամեծ թիվն է արձանագրվել, նույնպես քննարկում են կոշտ սահմանափակումներ մտցնելու հարցը:

Նախօրեին Միացյալ Նահանգների պաշտոնական աղբյուրները հայտնել են երկրի փոխնախագահ Մայք Փենսի աշխատակազմի երկու աշխատակիցների մոտ վարակի առկայության մասին: Սպիտակ տան մամուլի ծառայությունը հավաստիացրել է, որ փոխնախագահն այդ պաշտոնյաների հետ շփում չի ունեցել: Մինչ այդ էլ կորոնավիրուսով վարակված լինելու մասին են հայտնել երկու կոնգրեսականներ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ աշխարհում այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեմ մշակվում է շուրջ երկու տասնյակ պատվաստանյութ: Առաջին կլինիկական փորձարկումներն արդեն սկսվել են, սակայն դրանք դեռևս հեռու են համատարած պատվաստումից: Պատվաստանյութերի՝ անվտանգության և արդյունավետության թեստ անցնելն ու շուկայում հայտնվելը կարող է տևել մինչև 18 ամիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG