Մատչելիության հղումներ

Իտալիայի ամբողջ տարածքում կարանտին է հայտարարվել


Իտալիա - Պաշտպանիչ դիմակով տղամարդ Հռոմի Կոլիզեումի մոտ, մարտ, 2020թ.

Իտալիայի կառավարությունն ամբողջ երկրում կարանտին է հայտարարել: Մինչև ապրիլի 3-ը առանց հիմնավոր պատճառների բնակավայրերի միջև տեղաշարժը սահմանափակված է։ Իշխանությունները խորհուրդ չեն տալիս դուրս գալ տներից՝ բացառությամբ աշխատանքի և խանութներ գնալու: Փակ են լինելու բոլոր դպրոցներն ու համալսարանները, բոլոր մարզական միջոցառումները չեղարկվել են:

Վերջին մեկ օրվա ընթացքում Իտալիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 1807-ով: Վարակվածների ընդհանուր թիվն անցել է 9 հազարը, մահացել է 463 մարդ: Համաճարակի հետ կապված, երկրի մի շարք բանտերում անկարգություններ են սկսվել։

Իսրայելը պարտադիր 14-օրյա կարանտինի ռեժիմ է ներդրել երկիր ժամանող բոլոր անձանց համար: Երկրում կա վարակի հաստատված 42 դեպք, մահվան դեպք չի արձանագրվել:

Եվրոպայում վարակվածների թիվն աճում է, Իտալիայից հետո ամենաարագ տարածումը Ֆրանսիայում է՝ գրանցվել է մոտ 1,5 հազար դեպք, մահացել է 30 մարդ: Վարակվածների թվում են մշակույթի նախարարը և Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ:

ԱՄՆ-ում ևս մի շարք քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ վարակված են, նրանցից երկուսի հետ շփվել է նախագահ Դոնալդ Թրամփը:

Իռլանդիայում, որտեղ հիվանդությունն ախտորոշվել է 24 մարդու մոտ, չեղյալ են հայտարարվել Սուրբ Պատրիկի օրվա բոլոր միջոցառումները:

Կորոնավիրուսն արդեն տարածվել է աշխարհի 106 երկրներում՝ ավելի քան 4 հազար մարդու մահվան պատճառ դառնալով: Վերջին տվյալներով՝ ամբողջ աշխարհում վարակված է մոտ 114,5 հազար մարդ:

Հայաստանում, հիշեցնենք, կորոնավիրուսի հաստատված ընդամենը մեկ դեպք կա: Արտգործնախարարությունն այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ ՀՀ քաղաքացիներին կոչ անելով խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ հայրենիք։

XS
SM
MD
LG