Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսը ծանրագույն ճգնաժամ է առաջացրել Իտալիայում


Բուժաշխատողները ինֆեկցիոն հիվանդանոցում, Կրեմոնա, Իտալիա, 19-ը մարտի, 2020թ․
Բուժաշխատողները ինֆեկցիոն հիվանդանոցում, Կրեմոնա, Իտալիա, 19-ը մարտի, 2020թ․

Նոր կորոնավիրուսի հարուցած COVID-19 շնչառական հիվանդությունից աշխարհում մահացել է շուրջ 10 հազար 500 մարդ։ Այդ տվյալները ժամ առ ժամ թարմացնելով՝ հրապարակում է worldometers.coronavirus կայքը, որն ամփոփում է բոլոր առաջատար գիտական կենտրոններից ստացված թվերը։

Դրանք գործնականում քիչ են տարբերվում որպես կանոն հաջորդ օրը տվյալներն ամփոփող Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած թվերից։

Տվյալները պարբերաբար փոխվում են, այս վերջին թարմացումն արվել է Երևանի ժամանակով երեկոյան ժամը 18:00-ին։

Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվը մարտի 20-ի կեսօրին պաշտոնական տվյալներով հասել է 3 հազար 405-ի, հիվանդ է ավելի քան 41 հազար մարդ։

Փաստորեն, այդ երկում կորոնավիրուսից ավելի շատ մարդ է մահացել, քան Չինաստանում, որը համարվում է այդ համավարակի ծագման էպիկենտրոնը։

Չինաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսից մահացել է 3 հազար 248 մարդ, հիվանդների թիվը մոտ 81 հազար է։

Իտալիայում ապրում է շուրջ 60 միլիոն մարդ, իսկ Չինաստանում գրեթե 22 անգամ ավելի շատ՝ 1 միլիարդ 440 միլիոն։

Չինաստանը հայտնել է, որ երկրի ներսում փոխանցվելու եղանակով վարակի նոր դեպքեր չկան: Հիմա չինացիների համար հրատապ խնդիրը դրսից վերադարձող մարդկանց միջոցով վարակի տարածումը զսպելն է, քանի որ, ինչպես չինացի վարակաբաններն են ասում, առնվազն տեսականորեն կա արտասահմանից եկողների կողմից կորոնավիրուսը տարածելու և վարակվածության երկրորդ ալիք առաջացնելու վտանգ։

Իտալիան եվրոպական մնացած պետություններից ավելի շուտ է սահմանել խստագույն կարանտինի ռեժիմ, բայց այն, ավաղ, դեռ արդյունավետ չէ։

Միլանի հոսպիտալի բուժքույր Դանիելա Կոնֆալոնիերին խոստովանել է, որ իրավիճակը երբեմն չի վերահսկվում։

«Մենք աշխատում ենք ծանրագույն պայմաններում, հոգեբանական սթրեսը հասել է գագաթնակետին, Լոմբարդիայում այլևս չենք վերահսկում կացությունը, այստեղ չափազանց բարձր է վարակվածությունը, մենք նույնիսկ դիակները չենք հաշվում», - ասել է բուժքույրը։

Հիմա ամբողջ Իտալիայում պետական այրեր, շարքային մարդիկ, գիտության, շոուբիզնեսի, ֆուտբոլի աստղերը ժողովրդին դիմում են մի պարզ ուղերձով՝ «մնացեք տներում, դա է կարանտինի ամենաարդյունավետ միջոցը, մնացեք տներում, մի վտանգեք ձեր և ուրիշների առողջությունը»։

Այս պահին կա երկու հիրավի հզոր դեղամիջոց՝ պահպանել կարանտինի ռեժիմն ու հետևել անձնական հիգիենային։ Կարճ հոլովակները զօր ու գիշեր տարածում են բոլոր հեռուստառադիոկայանները։

Իտալիային ողբերգական վիճակագրության առումով հաջորդում են Իրանը՝ 1284 զոհ, Իսպանիան՝ 831, Ֆրանսիան՝ 372, Միացյալ Նահանգները՝ 217 և Բրիտանիան՝ 144 մահացած։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր ասել է, որ սա համավարակի միայն սկիզբն է, «ուստի առաջիկայում սպասվում է ուժերի գերագույն լարում և բարձրագույն կարգապահություն պահանջող աշխատանք»:

Աշխարհի առաջատար գիտական կենտրոններն աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ստեղծելու վրա, կան հուսադրող հաղորդագրություններ հաջողված փորձարկումների մասին, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ իրապես արդյունավետ վակցինայի ստեղծումը կպահանջի ամիսներ և կամ մեկ-երկու տարի։

Մինչդեռ կա նաև լավատեսություն ներշնչող թիվ՝ ամբողջ աշխարհում վարակի բռնկման օրերից հիվանդացել է մոտ 254 հազար մարդ, նրանցից ավելի քան 89 հազարն ապաքինվել է։

Երիտասարդների շրջանում մահ չափազանց քիչ է գրանցվել, դե իսկ երեխաների մահվան դեպքեր պրակտիկորեն չկան։

XS
SM
MD
LG