Մատչելիության հղումներ

Եվրոպայում քննարկում են կարանտինային միջոցառումների երկարաձգումը


Չեխիա - Պրահայի մետրոպոլիտենում, մարտ, 2020թ.

Եվրոպական երկրները քննարկում են կարանտինային միջոցառումների երկարաձգումը` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Իտալիայում կարանտին էր հայտարարված մինչև մարտի 25-ը, իշխանությունները որոշեցին երկարաձգել այն: Գրեթե բոլոր իտալացիները պարտավոր են մնալ տներում:

15-օրյա կարանտինի հնարավոր երկարացման մասին հայտարարել է նաև Ֆրանսիան: Վերջին մեկ օրվա ընթացքում Ֆրանսիայում 108 մարդ դարձել է կորոնավիրուսի զոհ: Այսպիսով, վարակի հետևանքով մահվան դեպքերի թիվը երկրում հասավ 372-ի: Այս մասին երեկ երեկոյան հայտարարել է առողջապահության փոխնախարարը: Նրա խոսքով՝ երկրում վարակվածների ընդհանուր թիվն այժմ մոտ 11 հազար է: Նրանցից մոտ 4,5 հազարը հոսպիտալացված են, 1122-ը` ծանր վիճակում: Հիվանդանոցներից տուն է վերադարձել 1,3 հազար մարդ, 5 հազարն իրենց տներում ինքնամեկուսացված են:

Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի 52 նոր դեպք, ընդհանուր առմամբ մոտ 200 վարակված կա:

Մոնակոյի արքայազն Ալբեր երկրորդն է վարակվել կորոնավիրուսով, ավելի վաղ հայտնի դարձավ, որ հիվանդացել է Brexit-ի հարցով Եվրամիության հիմնական բանակցող Միշել Բարնիեն:

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներից մեկը պատմել է, թե ինչպես է վարակվել կորոնավիրուսով և գնացել աշխատանքի Ռադա: Նա ասել է, թե ոչ մի սարսափելի բան չկա, մինչդեռ երկրում գրանցվել է Covid-19-ից մահվան երրորդ դեպքը:

Կորոնավիրուսի բռնկման ֆոնին Չեխիայի կառավարությունը նոր ժամանակացույց է սահմանել տարեցների՝ սնունդ գնելու համար: Այսօրվանից 65-ից բարձր տարիքի անձինք կարող են խանութներից սնունդ գնել միայն առավոտյան ժամը 7-9-ը: Մինչ այժմ Չեխիայում Covid-19- ի 572 հաստատված դեպք կա, մահվան դեպքեր չեն գրանցվել:

Ամբողջ աշխարհում այս վարակից արդեն վախճանվել է շուրջ 10 հազար մարդ։

XS
SM
MD
LG