Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցեց 200 հազարը. բուժվել է 83 հազար մարդ, մահացել՝ 8 հազարը


Իտալիա - Ախտահանման աշխատանքներ Միլանում, մարտ, 2020թ.

Չինացի բժիշկներն ու բուժաշխատողները, որոնց իշխանությունները գործուղել էին Հուբեյ նահանգ՝ կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարելու համար, վերադառնում են տուն:

Շուրջ 350 բժշկական ջոկատ՝ ավելի քան 42 հազար հոգի, անցած դեկտեմբերին ժամանել էր Հուբեյ նահանգի մայրաքաղաք, վարակի էպիկենտրոն դարձած Ուհան՝ կանխելու համաճարակի տարածումը: Բժիշկների աշխատանքի, ինչպես նաև նահանգի մեկուսացման շնորհիվ Չինաստանին հաջողվեց հաղթահարել առողջապահական աննախադեպ ճգնաժանը, այժմ այստեղ օրեցօր ավելի քիչ մարդիկ են հիվանդանում՝ վերջին մեկ օրվա ընթացքում՝ վարակի հաստատման ընդամենը մեկ դեպք, իսկ ամբողջ երկրում՝ 13:

Փոխարենը վարակը պատել է եվրոպական երկրները: Իտալիայում վարակվածների թիվն օր օրի սրընթաց աճում է՝ հասնելով ավելի քան 31 հազարի: Մահացության և հիվանդացության ցուցանիշով Իտալիան աշխարհում երկրորդն է՝ Չինաստանից հետո, այստեղ ամենածանր վիճակում Լոմբարդիա շրջանն է: Չնայած հիվանդների ահռելին թվին՝ երկրի վարչապետ Ջուզեպե Կոնտեն մտաավախություն է հայտնել, որ համաճարակը նույնիսկ դեռ գագաթնակետին չի հասել:

Վերջին ժամերի տվյալներով աշխարհում՝ 166 երկրներում, կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200 հազարը, մահացել է ավելի քան 8 հազար մարդ, շուրջ 83 հազարն ապաքինվել է:

Չեռնոգորիան՝ Եվրոպայի վերջին երկիրը, որտեղ վարակը չէր հասել՝ չնայած հարևան երկրներում աճող վիճակագրությանը, հայտնում է առաջին երկու հաստատված դեպքերի մասին:

Հիվանդության դեպքեր գրանցվել են արդեն Ամերիկայի բոլոր նահանգներում, զոհերի թիվը երկրում գերազանցում է 100-ը:

Ռուսաստանում վարակվածների թիվը հասել է 147-ի: Երկրի կառավարությունը փակել է սահմանները, դպրոցներն ու ժամանցի վայրերը, սակայն արտակարգ դրություն չի հայտարարել, առայժմ մտադրություն չունի նաև հրաժարվելու ապրիլի 22-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից:

Վարակի տարածման դեմ պայքարի հիմնական մեթոդը մեկուսացումն է, համաճարակաբանները միաբերան պնդում են, որ միակ արդյունավետ պայքարի ձևը մարդկանց միջև շփումների սահմանափակումն է:

Օրի օրի ահագնացող համաճարակի տարածումն արդեն իսկ հանգեցրել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր թերևս ամենակոշտ սոցիալական սահմանափակումների, տնտեսական աննախադեպ կորուստների աշխարհի տասնյակ երկրներում, և դեռևս հստակ չէ, թե համաշխարհային տնտեսությունը որքան վնաս կկրի համաճարակի հետևանքով:

Մի շարք երկրներ աննախադեպ քայլերի են դիմում սոցիալական լարվածությունը մեղմելու նպատակով:

Վաշինգտոնում 3 տրիլիոն դոլար են հատկացրել տնտեսությունը փրկելու համար, փաթեթը նախատեսում է այդ թվում հարկերից ազատում կամ դրանց շոշափելի նվազեցում. Ֆինանսների նախարարության ստորագրած այսպես կոչված չեքերը առաջիկայում կարող են հայտնվել միլիոնավոր ամերիկացիների փոստարկղերում: «Պետք է խոստովանենք, որ փակվում են բազմաթիվ ընկերություններ, փոքր և միջին բիզնեսը դադարում է աշխատել, բարերն ու ռեստորանները ստիպված են փակել իրենց դռները: Ամերիկացիները փողի կարիք ունեն, նախագահը ցանկանում է առձեռն փոխանցել՝ գոնե սկզբնական շրջանում», - հայտարարել է Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

Մեծ Բրիտանիայի վարչապետն ավելի համառոտ է նկարագրել ստեղծված իրավիճակը. - «Մենք գտնվում ենք պատերազմական ժամանակաշրջանի պայմաններում, և տնտեսությունը պետք է փրկվի պահին համահունչ ձևով», - հայտարարել է Բորիս Ջոնսոնը:

«Մենք բախվում են աննախադեպ խնդրի` անհայտ համաճարակի, որն արտասովոր արագությամբ տարածվում է մոլորակով մեկ: Համաշխարհային հանրային առողջապահությանը սպառնացող այդ վարակը ոչ սահմաններ, ոչ գույն, ոչ էլ լեզու չի ճանաչում, խնդիրը բացառիկ լուծումներ է պահանջում», - դիմելով դատարկ խորհրդարանին՝ հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը: Նրա ղեկավարած երկիրը Իտալիայից հետո Եվրոպայում ծանր կացության մեջ հայտնվածներից է, այստեղ արդեն ավելի քան 500 մարդ է մահացել կորոնավիրուսից:

Եվրոպայի ամենահզոր տնտեսությունն ունեցող Գերմանիայում կառավարությունը արդեն խոսում է հնարավոր տնտեսական ճգնաժամի մասին: Երկրի էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայերը հայտարարել է, որ, այդուհանդերձ, կանեն ամեն ինչ, որպեսզի համաճարակի հետևանքով գեթ մեկ աշխատատեղ չկորսվի: Գերմանական կառավարությունը փոքր և միջին բիզնեսին խոստանում է վարկային արտոնություններ՝ խոսքը ընդհանուր առմամբ 500 միլիարդ եվրոյի մասին է:

Ի տարբերություն Գերմանիայի՝ Ֆրանսիան չունի այդ փափուկ բարձը, այդուհանդերձ, սոցիալական ու տնտեսական լարվածությունը մեղմելու համար ֆրանսիական կառավարությունը դադարեցնում է բոլոր բարեփոխումները, այդ թվում՝ կենսաթոշակային, որի դեմ ամիսներ շարունակ հարյուր հազարավոր աշխատողներ բողոքի ցույցեր էին անցկացնում: Բացի այդ, իշխանությունները նաև որոշել են ֆրանսիացիներից գումար չգանձել ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի ու գազի համար, որպեսզի որևէ մեկը չմնա ձեռնունայն` առանց գումարի:

XS
SM
MD
LG