Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսով ախտահարված աստղերը հորդորում են չընկճվել


Բրիտանացի սևամորթ կինոաստղ Իդրիս Էլբան Վինձորի պալատում, արխիվ

Թոմ Հենքսը, նրա կինը՝ Ռիթա Վիլսոնը, անվանի կինո- և հեռուստաաստղեր են վարակվել կորոնավիրուսով։

Երեկ հայտնի դարձավ, որ վարակվել է «Գահերի խաղը» հայտնի սերիալի դերասաններից Քրիսթոֆեր Հիվյուն, ով ֆիլմում կատարել է Թորմունդ Ջայանթսբեյնի դերը։

«Բարևներ Նորվեգիայից։ Ավաղ, պետք է հայտնեմ, որ COVID-19 վարակի ստուգումը դրական պատասխան է տվել, ես և ընտանիքս հիմա ինքնամեկուսացվել ենք, այդ վիճակում կլինենք այնքան, որքան պահանջում է կարգը», - գրել է դերասանը։

«Կան մարդիկ, ովքեր կարող են շատ ավելի ծանր տանել վարակը, ուստի բոլորին հորդորում եմ լինել առավել աչալուրջ, զգուշավոր, լվանալ ձեռքերը, այլոց հետ շփվելիս պահել առնվազն 1,5 մետր հեռավորություն, հարկ եղած դեպքում ինքնամեկուսացվել, այդպես դուք կարող եք նպաստել վիրուսի տարածումը կանխելուն», - հանրությանը հորդորել է նորվեգացի աստղը։

Հիվանդացել է նաև բրիտանացի հայտնի դերասան Իդրիս Էլբան, ով այդ մասին հայտնել է Թվիթերում տեղադրած գրառմամբ։

Նա նշել է, որ իր մոտ ստուգման արդյունքն է դրական, սակայն ախտանշաններ՝ ջերմություն կամ այլ գանգատներ չունի։

Էլբան էլ է հայտնել կամավոր կարանտինի ենթարկվելու մասին։ Նա որոշել էր ստուգվել այն բանից հետո, երբ պարզել է, որ շփվել է ախտահարված անձի հետ։

Իսկ Թոմ Հենքսը, հիշեցնենք, վարակվել է՝ գտնվելով Ավստրալիայում, որտեղ մասնակցում է Էլվիս Փրեսլիի մասին ֆիլմի, բնականաբար, արդեն ընդհատված նկարահանումներին։

Այդ ֆիլմում Հոլիվուդի լեգենդ Հենքսը կատարում է Էլվիս Փրեսլիի երկար տարիների մենեջեր, գնդապետ Թոմ Փարքերի դերը։

Բոլոր ախտահարված աստղերն ընդգծում են, որ վիրուսը հաղթահարելի է։

«Որ մի դեպքում չընկճվեք, միասին մենք կարող ենք կռվել վիրուսի դեմ և կանխել մեր հիվանդանոցներին ու ամբողջ առողջապահության համակարգին սպառնացող ճգնաժամը», - հայտարարել է նորվեգացի դերասան Քրիսթոֆեր Հիվյուն։

XS
SM
MD
LG