Մատչելիության հղումներ

Covid 19. Իրավիճակը Ռուսաստանում


Ռուսաստան-Մետրոյում ուղևորների ջերմաստիճանն են ստուգում, 18 մարտի, 2020թ.
Ռուսաստան-Մետրոյում ուղևորների ջերմաստիճանն են ստուգում, 18 մարտի, 2020թ.

Կորոնավիրուսի վարակի տարածման մասին Ռուսաստանի իշխանություններն այսօր նոր տվյալներ դեռ չեն հրապարակել: Երեկվա տվյալներով` այս նոր տիպի վիրուսը հաստատվել է 114 քաղաքացիների մոտ:

Ռուսաստանցիները համացանցում, սակայն, գրում են, որ այս տվյալներին չեն վստահում: Երեկ հեղինակավոր Ведомости թերթը գրել էր, թե Մոսկվայի քաղաքապետարանն ու Կրեմլը քննարկում են Մոսկվան ամբողջովին փակելու հնարավորությունը: Մինչդեռ այսօր այս տեղեկությունը հերքվել է:

Ռուսաստանի իշխանությունները, հիշեցնենք, չեն հայտարարել արտակարգ դրություն ո՛չ ամբողջ երկրում, ո՛չ էլ առանձին մարզերում: Նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Սահմանադրության փոփոխությունների քվեարկությունը նշանակվել է ապրիլի 22-ին, սակայն նա երեկ ասել էր, որ քվեարկությունը կարող է հետաձգվել: Նույնն է այսօր ասել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան. - «Եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վատթարանա, ապրիլի 22-ին Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ քվեարկություն չի անցկացվի», - նշել է նա` հավելելով, որ համաճարակի պայմաններում հանրաքվեն, իհարկե, հետաձգվելու է, սակայն ՌԴ իշխանությունները տրամադրված են կանխարգելիչ միջոցառումների:

Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր առավոտյան հայտարարել է, որ Կրեմլի աշխատակիցները հանձնում են կորոնավիրուսի թեստեր, կեսօրին էլ հավելել է, որ ինքն անձամբ հաջողությամբ է անցել թեստը: Թեստ ստիպված են եղել հանձնել նաև Կրեմլում հավատարմագրված լրագրողները: Նման միջոցներով փորձում են պաշտպանել Պուտինին կորոնավիրուսից:

Այսօրվանից ուժի մեջ է մտել Ռուսաստան օտարերկրացիների մուտքի արգելքը, որը կգործի մինչև մայիսի 1-ը: Սահմանափակված է ավիահաղորդակցությունը գրեթե բոլոր ուղղություններով: Դպրոցներում մարտի 21-ից մինչև ապրիլի 12-ն արձակուրդներ են, սակայն մոսկովյան դպրոցները դեռևս 2 օր առաջ անցել ազատ ռեժիմի, այսինքն` ծնողներն են որոշում ուղարկել երեխաներին դպրոց, թե ոչ:

Հավելենք, այսօր նավթի գնի անկմանը զուգահեռ նորից անկում է արձանագրել ռուսական ռուբլին, դոլարն այսօր արժե արդեն 77, իսկ ցերեկը մի պահ նույնիսկ արժեցել է 79 ռուբլի:

Եվս մեկ թեմա է այսօր ակտիվ քննարկվում համացանցում. Եվրամիությունը Ռուսաստանին մեղադրել է արևմուտքում խուճապ սերմանելու նպատակով կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ: Այս մասին ասված է ԵՄ ներքին զեկույցում:

«Կրեմլի կողմից վերահսկվող լրատվամիջոցները և այսպես կոչված` ինտերնետ տրոլերը ապատեղեկատվության լայնածավալ արշավ են ծավալել համաճարակի պատճառով ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ. նպատակն է շփոթություն, խուճապ և վախ սերմանել և թույլ չտալ արևմուտքի բնակիչներին վարակի մասին հավաստի տեղեկություն ստանալ: Օրինակ` համացանցում տարածվում է այն միտքը, թե կորոնավիրուսը կենսաբանական զենք է, որ ստեղծել է արևմուտքը», - զեկույցից մեջբերումներ է անում Financial Times-ը:

Եվրամիության զեկույցում նշված է նաև, որ կորոնավիրուսի և դրա դեմ պայքարի վերաբերյալ ֆեյքերը կեղծ տեղեկություն են տարածում մի քանի եվրոպական լեզուներով, օրինակ` այս կամ այն երկրի իշխանություններին մեղադրում են նոր վիրուսի դեմ պատրվակով գումար կորզելու փորձերի մեջ և գովում են Ռուսաստանի և նախագահ Պուտինին` վարակի տարածման դեմ հաջող պայքարի համար:

XS
SM
MD
LG